04.25.2025
Կատեգորիա
Հասարակություն
հոգեբանական պատերազմ

21-րդ դարը նշանավորվում է ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխությամբ, այլ նաև տեղեկատվության՝ որպես ազդեցության գլխավոր գործիքի վերափոխմամբ։ Եթե երբևէ պատերազմներն ընթանում էին զենքով ու մարտական տեխնիկայով, ապա այսօր մարտադաշտը տեղափոխվել է մեդիահարթակ։ Հոգեբանական ներգործության մեթոդները, որոնք կիրառվում են պետական կառույցների, քաղաքական ուժերի, կազմակերպությունների և նույնիսկ առանձին անձանց կողմից, դարձել են մեր առօրյայում բավական տեսանելի և հզոր ազդեցություն ունեցող գործիքներ։

Այս ամենի առանցքում են հոգեբանական օպերացիաները (PSYOPS)՝ ռազմավարական գործողություններ, որոնք ուղղված են մարդկանց զգացմունքների, ընկալումների, մտածելակերպի և վարքագծի վերահսկմանը:

Մեդիան՝ ժամանակակից պատերազմների ռազմադաշտ

Մեդիան այսօր չունի միայն տեղեկատվության և հաղորդակցման հարթակի դեր․ այն վերածվել է սոցիալ-քաղաքական հարթակի, որտեղ կարող է ազդել հանրային տրամադրությունների, ընտրությունների, հասարակական շարժումների և անգամ ազգային անվտանգությանը վերաբերող գործընթացների վրա։ Մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը նշում է.

«Մեդիան մեր օրերի ամենաուժեղ սթրեսորն է, որն ունակ է ձևավորել օրակարգ, թելադրել ձև ու բովանդակություն։ Ուստի հոգեբանական պատերազմների մասով այն ամենահզոր գործիքներից է»։

Համացանցային հարթակներում տարածվող նյութերը հաճախ չեն ներկայացնում իրականության ամբողջական պատկերը։ Տարբեր խմբեր, ունենալով մանիպուլյացիոն հմտություններ, կարող են մեդիան օգտագործել որպես մոլորեցման և զգացմունքային ներգործության հարթակ։ Այս մեթոդների շարքում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, որոնք թիրախավորում են մարդու ենթագիտակցությունը, էմոցիոնալ բովանդակության ստեղծում, որն ուղղված է մարդու զգացմունքների վերահսկմանը, քաղտեխնոլոգիաները, որոնք կիրառվում են մարդկանց որոշումների վրա ազդելու և դրանք վերահսկելու համար՝ հատկապես պետական ճգնաժամերի պայմաններում։

Ինչպե՞ս են աշխատում հոգեբանական օպերացիաները

Ըստ մեդիահոգեբանի՝ հոգեբանական գործողությունները հատկապես ուժեղանում են արտակարգ իրավիճակներում՝ պատերազմներ, բնական աղետներ, առողջապահական ճգնաժամեր և այլն, նպատակ ունեն ձևավորելու զանգվածային վարքագիծ։ Ինչպես ընդգծում է Գրիգորյանը․

«Դրանք ներդրվում են արտակարգ իրավիճակներում, որպեսզի ներազդեն մարդկանց հույզերի, մտածողության և վարքագծի վրա՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Գրագետ գործողություններն ունակ են մարդուն մղելու քայլերի, որոնք նա չէր պլանավորել»։

Հոգեբանական օպերացիաներն աշխատում են նուրբ հուզական շերտերում։ Այս մեխանիզմը կիրառվում է նաև առօրյայում, երբ մեդիայում տարածվող բովանդակությունը սկսում է ուղղել մարդկանց ուշադրությունը մի շարք ներքաղաքական կամ արտաքին հարցերի վրա։ Օրինակ՝ պարբերաբար բացասական լուրեր տարածելով երկրի անվտանգության, տնտեսական վիճակի կամ ապագայի վերաբերյալ՝ հնարավոր է հանրության շրջանում ձևավորել հուսահատություն։ Այս ֆոնին ցանկացած «փրկող» խոստում կարող է ընդունվել որպես տվյալ դրությունից դուրս գալու միակ ճանապարհ։

Որո՞նք են հոգեբանական օպերացիաների կիրառման ռիսկերը

Հոգեբանական օպերացիաները ունեն և’ դրական, և’ բացասական ազդեցություններ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ չեն ճանաչվում և ընկալվում որպես ներգործություն, այլ մարդը ընկալում է դրանք որպես իր մտածմունքների պտուղ։

«Եթե մարդիկ տարվում են համացանցային իրականությամբ, կարող են կտրվել իրականությունից։ Արդյունքում առաջանում է ներքին պայքար, որտեղ գրեթե միշտ հաղթում է թվացյալը», նշում է մեդիահոգեբանը։

Տևական ներգործության պայմաններում մարդը կորցնում է քննադատական մտածողության ունակությունը, որն էլ ունի իր ազդեցությունը՝ սոցիալական լարվածության, ազգային համախմբվածության խաթարում, ճիշտ կշռադատելու ունակության անկում։ Իսկ հոգեբանական ներազդման վտանգներն առավել սուր են զգացվում պատերազմական կամ հետպատերազմյան ժամանակաշրջաններում, երբ հասարակությունը զգայուն է և բաց է ցանկացած տեղեկատվական ներգործության համար։

Ինչպե՞ս պաշտպանվել

Հոգեբանական ներգործությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ ճանապարհը տեղեկատվության նկատմամբ առողջ վերաբերմունքն է։ Սաթեն Գրիգորյանն ընդգծում է մի քանի կարևոր մեթոդներ՝ տեղեկատվական աղբյուրների ֆիլտրում, hավաստի ու պաշտոնական աղբյուրներին հետևում, թվային դետոքսի իրականացում, մեդիահիգիենայի պահպանում։ Այս պարզ քայլերը կարող են օգնել հանրությանը դառնալ ավելի «իմունային» արտաքին ներգործության հանդեպ։ Բացի դրանից, անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել հանրային մեդիագրագիտությունը, որը թույլ կտա պարզել՝ արդյոք տվյալ նյութը ծառայում է տեղեկատվական իրազեկման, թե այն որևէ քարոզչական նախագծի մի մաս է։

Ինչպե՞ս ճանաչել հոգեբանական օպերացիաները

Հոգեբանական օպերացիաները միշտ չէ, որ ունեն բացահայտ բնույթ․ կարելի է ասել՝ դրանք հիմնականում արվում են քողարկված։ Սակայն կան որոշ նշաններ, որոնք հուշում են դրանց առկայությունը և դրանց նպատակը։

«Այն տեղեկատվությունը, որն առաջացնում է հանկարծակի զարմանք, վախ, տագնապ, ընկճվածություն, ներազդում է չափից ավելի, ունի ուղեկցող ազդեցիկ հոլովակներ և/կամ նկարներ, մեծ հավանականություն ունի լինելու նշված գործողությունների շարքից», - ասում է մեդիահոգեբանը։

Այսինքն՝ երբ տեղեկատվությունը առերևույթ միտված չէ որևէ ինֆորմացիա հաղորդել, այլ միտված է միայն հուզական ցնցման, պետք է հարց տալ՝ ի՞նչ նպատակ ունի սա և ո՞վ է դրանից շահում։

Ի վերջո հոգեբանական օպերացիաները կիրառվում են պարբերաբար, հետևաբար դրանք կարող են ունենալ խորը և երկարատև հետևանքներ, հատկապես այն հասարակություններում, որտեղ մեդիագրագիտությունը թույլ է զարգացած։ Տեղեկատվական պատերազմները վտանգավոր են այնքանով, որքանով հասարակությունը չի գիտակցում դրանց առկայությունը։ Այդ պատճառով գիտելիքը դառնում է պաշտպանության ամենահզոր մեխանիզմը։ Սթափ դիտարկումը, քննադատական մտածողությունը, տեղեկատվական մշակույթի ձևավորումը և մեդիագրագիտությունը անհրաժեշտ են ոչ միայն ինքնապաշտպանության, այլև ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։

Շուշան Ասրյան