04.25.2025
Կատեգորիա
Հասարակություն
Անի Գրիգորյան

Սոցիալական մեդիայի և առցանց լրատվության դարաշրջանում ապատեղեկատվության տարածումը դարձել է լուրջ սպառնալիք ինչպես հասարակական գիտակցության, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։ Այս պայմաններում կարևոր դեր են ստանձնում փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետներն ու մեդիա հարթակները։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց ՍիվիլՆեթի փաստերի ստուգման բաժնի ղեկավար Անի Գրիգորյանի հետ. խոսել ենք հայկական առցանց մամուլում փաստերի ստուգման գործընթացի, գործիքների, խնդիրների և ապագայի հնարավորությունների մասին։

-Ինչ կասե՞ք փաստերի ստուգման կարևորության մասին, հատկապես՝ առցանց մամուլում։
-Փաստերի ստուգումը շատ կարևոր գործընթաց է լրատվամիջոցների և հասարակական կարծիքի ձևավորման գործում։ Սոցիալական ցանցերի առկայության և ինտերնետի հասանելիության պայմաններում ինֆորմացիան մի քանի անգամ արագ է տարածվում, ապատեղեկատվությունը՝ նույնպես, ինչը փաստերի ստուգումը դարձնում է առավել կարևոր։

-Ձեր փորձից ելնելով՝ որոնք են հայկական առցանց մամուլում ապատեղեկատվության ամենատարածված տեսակները։

-Թե՛ առցանց մամուլում, թե՛ առհասարակ լրատվական դաշտում, քաղաքական թեմայով ապատեղեկատվությունը մշտապես գերակշռում է։ Սա պայմանավորված է նրանով, որ առցանց մամուլը և հասարակությունը բավականին բևեռացված են, և լրատվամիջոցները շատ դեպքերում դառնում են քարոզչության ու մանիպուլյացիայի գործիքներ տարբեր քաղաքական ուժերի ձեռքում։ Այս տեսանկյունից առցանց լրատվամիջոցները համարվում են արդյունավետ գործիք՝ թիրախային լսարանին հասնելու համար։

-Ի՞նչ չափանիշներով եք որոշում, թե ինչն է պետք ստուգել առաջինը։ Ինչպե՞ս եք ապահովում, որ ստուգված փաստերը հասնեն լսարանին, և կա արդյոք պահանջ։
-Մենք ունենք հստակ մեթոդաբանություն՝ ինչ հայտարարություններին և պնդումներին պետք է առաջնահերթություն տանք։ Նախապատվությունը տրվում է այն պնդումներին, որոնք լայն տարածում ունեն և հանրային մեծ նշանակություն։ Երբեք չենք անդրադառնում պնդմանը, որքան էլ այն կեղծ լինի, եթե այն տարածված չէ, քանի որ այդ կերպ մենք ինքներս կխթանենք դրա տարածմանը։ Թեմաները կարող են լինել ամենատարբեր՝ տնտեսական, քաղաքական, առողջապահական, կրթական, ընտրական։ Ընտրությունը պայմանավորված է տվյալ ժամանակահատվածով։ Օրինակ՝ 2020-ին գերակշռում էին առողջապահական լուրերը՝ կապված համավարակի հետ, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական թեմաները։

Հասարակության կողմից պահանջը ակնհայտ է և գնալով ավելանում է։ Վերջին շրջանում մենք նկատում ենք մեր սոցիալական հարթակներում ներգրավվածության և տարածվածության աճ, ինչը վկայում է ստուգված և հավաստի տեղեկատվության կարիքի մասին։

-Որո՞նք են ամենամեծ խոչընդոտները, որոնց բախվում եք Հայաստանում փաստերի ստուգման ընթացքում, հատկապես առցանց մեդիայում։
– Ինձ համար որպես փաստերի ստուգող լրագրող, ամենամեծ խոչընդոտը հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալն է որոշ պետական մարմիններից։ Կան մարմիններ, որոնք չափազանց սահմանափակ կերպով են տրամադրում տեղեկատվություն, ինչը, իմ կարծիքով, անիմաստ է։ Կառանձնացնեմ նաև որոշ փաստերի ստուգման գործիքներ, որոնք բավականին թանկ են Հայաստանի համար, և դրանցից մշտապես օգտվելը կապված է զգալի ֆինանսական ծախսերի հետ։

-Որո՞նք են ամենահաճախ կիրառվող գործիքները։ Կխնդրեմ օրինակներ՝ դրանց արդյունավետ կիրառումից։

-Կախված թեմայից՝ օգտագործում ենք ամենատարբեր գործիքներ։ Լուսանկարների հետադարձ որոնման համար կիրառվում են՝ Yandex Image Search, Google Image Search, TinEye։ Օգտագործում ենք նաև վիճակագրական տվյալներ, բաց աղբյուրներ, արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ, երբ տարածվում է որևէ լուսանկար, որն արագորեն հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվում, սակայն հստակ չէ՝ իրական է թե կեղծ, օգտագործում ենք հնարավոր բոլոր գործիքները՝ սկսած լուսանկարի որոնումից մինչև արբանյակային պատկերների համադրություն։

-Ի՞նչ տեխնոլոգիական նոր գործիքներ, ըստ Ձեզ, էական դեր կխաղան մոտ ապագայում։
-Արհեստական բանականության մուտքը անխուսափելի է՝ որպես փաստերի ստուգման նոր գործիք։ Սակայն, որքան էլ այն օգնում է մեզ որոշ դեպքերում, նույնքան էլ բարդացնում է գործընթացը։ Շատ դեպքերում արդեն դժվար է որոշել՝ տվյալ լուսանկարը իրական է, թե ստեղծված է արհեստական ինտելեկտի միջոցով։

-Կա՞ն կոնկրետ դժվարություններ՝ կապված հայերենով փաստերի ստուգման հետ։

-Հայերենի հետ կապված խնդիրներից գլխավորն այն է, որ փաստերի ստուգման շատ գործիքներ հասանելի են միայն անգլերենով։ Կան գործիքներ, որոնք պարզապես չեն աշխատում Հայաստանում կամ արդյունավետ չեն հայերենի պարագայում։ Արհեստական բանականության մի շարք գործիքներ նույնպես դեռևս չեն աջակցում հայերենին, ինչի հետևանքով մեր աշխատանքը դառնում է ավելի ծավալուն և ժամանակատար՝ համեմատած արտասահմանյան գործընկերների հետ։

-Ինչպե՞ս է համագործակցությունը IFCN-ի հետ ազդում ձեր աշխատանքների վրա։
-IFCN-ը մեզ համար անկյունաքարային նշանակություն ունի։ Այդ կազմակերպության անդամ լինելը նշանակում է՝ աշխատել միջազգային ստանդարտներին համապատասխան։ Արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպությունն հետևում է մեր աշխատանքին, ինչը մեզ հնարավորություն տվեց համագործակցել Meta-ի հետ։ Այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք Facebook և Instagram հարթակներում իրականացնել փաստերի ստուգում և կանխել ապատեղեկատվության տարածումը։

-Կա՞ որոշակի աջակցություն կամ վերահսկողություն պետության կողմից։

-Վերահսկողություն, իհարկե, չպետք է լինի և չկա էլ։ Իսկ աջակցությունը կարող է արտահայտվել տվյալների տրամադրման գործընթացում ավելի ճկուն և բաց լինելուն։ Պետական մարմինների համագործակցությունը մեզ հետ կնպաստի օպերատիվ աշխատանքին, ինչը, ի վերջո, բխում է հենց պետության շահերից։

Սրբուհի Սարգսյան