
Այս հարցազրույցում խոսել ենք FIP.am հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանի հետ՝ փորձելով բացահայտել փաստերի ստուգման մշակույթի դերը, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանի մեդիա իրականության մեջ։ Հարցազրույցը անդրադառնում է ինչպես փաստերի ստուգման մեթոդաբանությանը, էթիկական չափանիշներին, հասարակության վստահությանը, այնպես էլ պետական մասնակցության անհրաժեշտությանը և մեդիագրագիտության ընդլայնման ուղիներին։ Հասմիկ Համբարձումյանը ներկայացնում է իր մասնագիտական դիտարկումները` շեշտելով համակարգված և բազմաշերտ պայքարի կարևորությունը ապատեղեկատվության դեմ։
-Ինչպիսի՞ կանոններ և էթիկական չափանիշներ պետք է որդեգրեն լրագրողները, որպեսզի արդյունավետորեն ստուգեն իրենց հրապարակած տեղեկությունները։
-Լրագրողները պետք է առաջնորդվեն ճշգրտության, անկողմնակալության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով։ Նրանց աշխատանքում պարտադիր պետք է լինի բազմաղբյուրային ստուգումը։ Այլ խմբագրությունների մասին չեմ կարող խոսել։ «Փաստերի ստուգման հարթակի»/Fip.am–ի մասով միայն կարող եմ ասել, որ մենք խուսափում ենք ենթադրություններից և փաստերը համատեքստից կտրված ներկայացնելուց։
-Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վստահությունը փաստերի ստուգման աշխատանքներին` հատկապես հաշվի առնելով սոցիալական մեդիաներում տարածվող տեղեկությունների արագությունը։
-Վստահությունը, ցավոք, դեռ համեմատաբար ցածր է, քանի որ շատերն իրենց տեղեկությունների աղբյուր են համարում սոցիալական ցանցերը, ինչ–որ բլոգերի կամ քիչ, թե շատ հայտնի անձի անհիմն, չփաստարկված գրառումը։ Սակայն փոփոխություններ նկատում ենք․ օրինակ, երբ որևէ տեղեկություն ճշտելու, ստուգելու անհրաժեշտություն է առաջանում որևէ օգտատիրոջ կամ քաղաքացու մոտ, դիմում է մեզ, գրում են մեզ։ Այո, վստահությունը որոշակիորեն աճում է փաստեր ստուգողների նկատմամբ և դա հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունը սկսում է տարբերակել արժանահավատ աղբյուրներն ու ճանաչել փաստեր ստուգող հարթակներին։
-Ինչպիսի՞ ազդեցություն ունի ապատեղեկատվության տարածումը Հայաստանի հասարակության վրա, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս երևույթի դեմ պայքարելու համար։
-Ապատեղեկատվությունը ամենավատ բանն է, որ կարող է պատահել հասարակությունների հետ։ Այն առաջացնում է քաոս։ Ապատեղեկատվությունը խորացնում է հասարակական բևեռացումը, խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացներին և վստահության կորուստ է առաջացնում պետական ու անկախ կառույցների նկատմամբ։ Այդ երևույթի դեմ պայքարը ես պատկերացնում եմ միայն մեդիագրագիտության միջոցով։ Հետևողական մեդիագրագիտությունը կարող է բարձրացնել ընթերցողների իրազեկվածությունը, կարող է հնարավորություն տալ ճանաչել ու տարբերակել աղբյուրները։
Կարող են լինել նաև խիստ մեթոդներ խրոնիկ ապատեղեկատվության դեմն առնելու համար, բայց ՀՀ օրենսդրությունը դեռևս չունի հատուկ քրեական կամ վարչական պատժամիջոցներ միայն ապատեղեկատվություն տարածելու համար, եթե այն չի պարունակում զրպարտություն, վիրավորանք կամ այլ հանցակազմ։ Օրինակ, Ֆրանսիայում կա հատուկ օրենք, որը ընտրությունների ժամանակ արգելում է կեղծ լուրերի տարածումը, իսկ Գերմանիայում համապատասխան օրենքը սոցիալական հարթակներին պարտավորեցնում է արագ հեռացնել ապատեղեկատվությունը։
-Ձեր կարծիքով, բոլոր խմբագրություններն անհրաժեշտություն ունե՞ն փաստերի ստուգման մասնագետների։ Որքանո՞վ է դա կարևոր առանձին լրատվամիջոցների համար։
-Այո՛, իմ կարծիքով, խմբագրությունները փաստեր ստուգողների կարիք հաստատ ունեն, իհարկե, եթե լրատվամիջոցը լուրջ է վերաբերվում իր հեղինակությանը։ Սակայն, դատելով հայաստանյան շատ լրատվամիջոցների գործունեությունից, որը մեր ամենօրյա մոնիտորինգի ներքո է, նրանք այնքան էլ տրամադրված չեն ճշգրիտ, ստուգված տեղեկություն տրամադրելու հարցում։ Իրականում, փաստերի ստուգման մասնագետը լրացնում է լրագրողի աշխատանքը՝ ապահովելով նյութի վերջնական ճշգրտությունը։
-Ընդհանրապես, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ խմբագրությունները չեն ներդնում փաստերի ստուգման բաժիններ կամ մասնագետներ։
-Կարծում եմ՝ գլխավոր պատճառներից կարող է լինել ֆինանսավորման պակասը։ Շատ խմբագրություններ չունեն բավարար ռեսուրսներ՝ հատուկ մասնագետներ ներգրավելու համար։ Բացի այդ, իմ կարծիքով, Հայաստանում խմբագրությունները կամ դրանց գերակշիռ մասը լուրջ չեն վերաբերվում փաստերի ստուգմանը, հետևաբար չեն գիտակցում փաստերի ստուգման իրական արժեքը։
-Ինչպե՞ս կարող է փաստերի ստուգման մշակույթը առավել ընդգրկուն դառնալ Հայաստանում։ Պե՞տք է ձևավորվեն հատուկ դասընթացներ կամ կրթական ծրագրեր լրագրողների համար փաստերի ստուգման վերաբերյալ։
-Պետք է։ Ուսումնական հաստատություններում կարող են ներդրվել համապատասխան դասընթացներ, իսկ գործող լրագրողների համար՝ վերապատրաստումներ։ Կարևոր է նաև հանրային իրազեկման արշավներ կազմակերպելը։
-Կա արդյոք պետական մակարդակում վերահսկողություն, որը խանգարում կամ աջակցում է փաստերի ստուգման գործընթացին։ Որքանո՞վ է պետական սեկտորն աջակցում լրատվամիջոցներին այս գործում։
-Հայաստանում պետական ուղղակի վերահսկողություն չկա, բայց նաև աջակցություն էլ չկա։ Շատ դեպքերում պետությունը կամ դրա մարմինները նույնիսկ խոչընդոտներ են ստեղծում՝ մեր հարցումների պատասխանները ձգձգելով։ Մյուս կողմից՝ պետությունը կարող է աջակցել, եթե ընդունի փաստերի ստուգման կարևորությունը հանրային առողջ տեղեկատվական միջավայր ձևավորելու համար։
-Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն կառավարության կողմից, որպեսզի աջակցեն փաստերի ստուգման գործունեությանը լրատվամիջոցներում։
-Անկեղծ ասած, պետության աջակցությունը փաստերի ստուգման հարթակներին կամ լրատվամիջոցներին շատ վիճելի է, քանի որ դա ազատության երաշխիք չի տալիս։ Սակայն պետությունը կարող է կրթել հանրությանը, կազմակերպել վերապատրաստումներ, ֆինանսավորել մեդիագրագիտության ծրագրեր՝ այդպիսով թեթևացնելով փաստեր ստուգողների գործը։
-Ինչպե՞ս կարող են լրատվամիջոցներն ու փաստերի ստուգման մասնագետները միասին աշխատել ավելի արդյունավետ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը։
-Սերտ համագործակցությամբ, միմյանց նյութերի վերանայման մշակույթով, և տեղեկատվության փոխանակման հարթակներ ստեղծելով։ Կարևոր է, որ խմբագրություններն ընդունեն՝ փաստերի ստուգողը գործընկեր է, ոչ թե քննադատ։ Մենք ունեցել ենք նախադեպ, երբ մի լրատվամիջոցի գործընկերը նեղացավ մեզանից, քանի որ իր լրատվամիջոցում հրապարակված հոդվածը ստուգելու արդյունքում պարզվեց սխալ էր գրվել։
-IFCN-ի անդամակցությունն օգնե՞լ է FIP.am-ին մուտք ձեռք բերել լրացուցիչ ռեսուրսներ, գործիքներ, վերապատրաստումներ կամ ֆինանսավորման հնարավորություններ:
-International Fact-Checking Network (IFCN)–ին անդամակցությունը օրերի հարց է՝ մարտի 18-ին (https://ifcncodeofprinciples.poynter.org/profile/fact-investigation-platform-(fip.am) ): Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ միացել ենք լրագրողական բարձր արժեքները պաշտպանող գլոբալ համայնքին։ Այս նախաձեռնությունը նպաստում է փաստերի ստուգման լրագրության զարգացմանն ու ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարին։ Այո՛, IFCN-ի անդամակցությունը մեզ համար հնարավորություն է հասանելի լինել փաստերի ստուգման միջազգային գործիքակազմերին, ունենալ գործընկերներ, ստանալ նոր վերապատրաստումներ ու ֆինանսավորման ծրագրեր։ Այդ կերպ ավելի հեշտ է տեղայնացնել աշխարհում փորձված մեթոդները։