04.29.2025
Կատեգորիա
Հասարակություն
բռնություն

Մեդիան, ինչպես հայտնի է, այսօր դարձել է ուսուցանելու և համոզելու հզոր միջոց: Այն ձևավորում է հասարակական կարծիք և  կարող է իր ազդեցությունն ունենալ հասարակության յուրաքանչյուր անդամի վրա: Հեռուստատեսությունը, թերթերը և ռադիոն, շատ ուժեղ ազդեցություն են ունենում մարդկանց քաղաքական, սոցիալական և բարոյական հայացքների վրա: 

Ներկայումս հեռուստատեսությունը միակ մեդիան է, որը լայնորեն օգտագործում են միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Այսօր հիմնական վտանգներից մեկն այն է, որ չափազանց մեծ ուշադրություն դարձնելով հարակից գործոններին՝ կարող ենք անտեսել հեռուստատեսության բուն էությունը։ Այժմ դիտողը ընկալվում է ոչ թե որպես պասիվ օբյեկտ, այլ որպես մեդիայի հետ փոխազդող ակտիվ սուբյեկտ, որը բովանդակությունը հասկանում և մեկնաբանում է իր փորձառությունների, հայացքների ու հույսերի պրիզմայով։  Վաղ տեսակետները զանգվածային հաղորդակցության մասին ենթադրում են, որ մեդիան կարող է հեշտությամբ ձևավորել հասարակության մտածողությունը՝ մանիպուլյացիայի, շահագործման և խոցելիության միջոցով։ Չնայած հեռուստատեսության ողջ դրական առավելություններին, ինչպիսիք են տեղեկատվության և կրթության, մշակութային և զվարճանքի ստեղծման գործում նրա կարևոր դերը, միևնույնն է, ինչպես ցանկացած այլ հաղորդակցական տեխնոլոգիա, եթե ժամանակին և ճիշտ չօգտագործվի, ապա դրա բացասական ազդեցությունը անհերքելի կլինի:

Սոցիալական ուսուցման տեսություն

Ամերիկացի հոգեբան Ալբերտ Բանդուրան 1961 թվականին իրականացրել է լաբորատոր հետազոտություն՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք սոցիալական վարքագիծը, մասնավորապես՝ ագրեսիան, կարելի է ձեռք բերել դիտարկման և ընդօրինակման միջոցով։ Փորձին մասնակցել են 3-6 տարեկան 72 երեխա՝ Ստենֆորդի համալսարանի մանկապարտեզից (36 տղա, 36 աղջիկ)։ Նախքան փորձի հիմնական փուլին անցնելն, երեխաների ագրեսիայի մակարդակը նախապես գնահատվել է՝ հասկանալու համար յուրաքանչյուր փորձնական խմբում երեխաների ագրեսիվ վարքագծի մակարդակը: Երեխաներին բաժանել են երեք խմբի՝ յուրաքանչյուրն ունենալով  24 մասնակից: Առաջին՝ ագրեսիվ մոդելի խմբում երեխաները հետևում էին տղամարդու և կնոջ կերպարների, որոնք մուրճով հարվածում էին տիկնիկին, այնուհետև նետում այն: Երկրորդ՝ ոչ ագրեսիվ մոդելի խմբում երեխաները հետևում էին, թե ինչպես են մեծահասակ մոդելները հանգիստ խաղում տիկնիկով՝ առանց որևէ ագրեսիա ցուցաբերելու: Իսկ երրորդ՝ վերահսկիչ խմբում գտվող երեխաները չեն ենթարկվել որևէ մոդելային ազդեցության: Փորձն իրականացնելուց հետո բոլոր խմբերի երեխաներին տեղափոխել են տարբեր սենյակներ, որտեղ առկա էին թե՛ ագրեսիվ, թե՛ խաղաղ բնույթի (մուրճ, ատրճանակ, մոմակալ և այլն) առարկաներ: Արդյունքում, ագրեսիվ մոդելին հետևող երեխաները ավելի շատ բռնարար վարքագիծ են ցուցաբերել, քան մյուս երկու խմբերի երեխաները: 

Բանդուրայի փորձը ցույց տվեց, որ երեխաները կարող են դիտարկման միջոցով սովորել սոցիալական վարքագիծ, այդ թվում՝ ագրեսիա։ Այս արդյունքները հաստատում են սոցիալական ուսուցման տեսությունը, որն 1969 թվականին առաջարկել է Ալբերտ Բանդուրան: Սոցիալական ուսուցման տեսությունն ընդգծում է ուրիշների վարքագծի, վերաբերմունքի և հուզական ռեակցիաների դիտարկման, մոդելավորման և ընդօրինակման կարևորությունը:

Բռնության ցուցադրումը հեռուստատեսությամբ

Հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունի երեխաների և դեռահասների մտավոր, վարքային և հաղորդակցական ձևերի զարգացման գործում: Այն կարող է իր ազդեցությունն ունենալ երեխաների ինտելեկտուալ զարգացման և անհատականության վրա, իսկ անհատական վարքագիծը բնավորության ձևավորման կարևոր գործոններից է: Երեխաներն հեռուստատեսության հատուկ թիրախային լսարանն են և համեմատած այլ լրատվամիջոցների հետ հեռուստատեսության ազդեցությունը տեսալսողական իր հատկության շնորհիվ ավելի մեծ է։

Ըստ Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի հետազոտության, մեդիայում բռնության ցուցադրությունը դարձել է ամերիկացի երեխաների կյանքի անբաժանելի մաս: 2000 թվականին ընդհանուր լսարանի համար նախատեսված ֆիլմերի մեծ մասը պարունակում էին բռնության տեսարաններ: 1998 թվականին, նրանց կողմից իրականցված լայնածավալ հետազոտության հիման վրա, որն ընդգրկում է միայն հեռուստատեսային բովանդակության վերլուծությունը, եկել են այն եզրահանգման, որ միջինում յուրաքանչյուր երեխա մինչ դպրոց ընդունվելը մեդիայի միջոցով տեսել է 8000 սպանություն և 100,000 այլ բռնի գործողություն (ներառյալ բռնաբարություն և հարձակում)։ 

Հարյուրավոր հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են հեռուստատեսային բռնության ազդեցությունը երեխաների վրա, ցույց են տվել, որ երեխաները կարող են.

  • դառնալ անտարբեր բռնության տեսարանների նկատմամբ,
  • սկսել ընդունել բռնությունը որպես խնդիրների լուծման միջոց,
  • ընդօրինակել բռնարար վարքը եւ ընդունել դա որպես հանրային նորմ,
  • նույնականանալ որոշակի կերպարների, զոհերի և/կամ բռնարարների հետ։

 Անշուշտ, հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնության տեսարանները կարող են ազդել ոչ միայն երեխաների, այլև դեռահասների և մեծահասակների վրա: Դեռահասները, ունենալով դեռևս ձևավորվող անձնական արժեքային համակարգ, կարող են ավելի հեշտությամբ ենթարկվել բռնության ընդունմանը և ընդօրինակմանը: Նրանք կարող են ընկալել բռնությունը որպես խնդիրների լուծման լեգիտիմ միջոց կամ զարգացնել անզգայություն բռնության նկատմամբ: Հեռուստատեսային բռնության կրկնվող տեսարանները կարող են նպաստել բռնության հանդուրժմանը, ստեղծել անտարբերություն դաժանության նկատմամբ կամ նույնիսկ խթանել ագրեսիվ վարքագիծ: Ինչ վերաբերում է մեծահասակներին, նրանց վրա նույնպես հնարավոր է ազդեցություն ունենալ: Մեծահասակները կարող են ազդեցության տակ ընկնել, ընդօրինակելով տեսած վարքագծային մոդելները, հատկապես եթե այդ մոդելները ներկայացվում են որպես արդյունավետ կամ հաջողակ միջոց: 

Հոգեբան-հոգեթերապևտ Մերի Ախոյանի խոսքով՝ կովկասյան տարածաշրջաններում հատկապես, մշակույթը ողողված է գենդերային բռնությամբ։ Հեռուստատեսությամբ դրանց ցուցադրումը մեծ խնդիր է, որի լուծումը ֆիլմերում այդ մշակույթը իսպառ վերացնելն է և բարձրաձայնելն այն մասին, որ բռնությունը երբեք չունի արդարացում, անկախ նրանից թե դիմացինը ինչ է արել։

հոգեբան

«Առհասարակ ֆիլմերում, գեղարվեստական ստեղծագործություններում և այլուր կնոջ հանդեպ վիզուալիզացվող բռնությունը հաճախ ստեղծում է զույգային հարաբերությունների մասին անառողջ պատկերացումներ, մանավանդ եթե բռնարարը՝ հաճախ տղամարդը հանդիսանում է իդեալականացված արտաքինով։ Միանշանակ այո, եթե ֆիլմերում և սերիալներում կանանց ներկայացնեն միայն ուժեղ ու դրական կերպարներում հասարակական ընկալումներն նույնպես կփոխվեն, բայց դա էլ, կարծում եմ, պետք է արվի զգուշորեն, որպեսզի չընկնենք մյուս ծայրահեղության մեջ, որտեղ թագավորում է «ես ամեն ինչ ինքս կանեմ, չեմ ընդունի որևէ օգնություն» համոզմունքը, քանի որ առողջ անձը ընդունում է իր հնարավորությունների սահմանափակ լինելը և հեշտորեն խնդրում , որ իրեն աջակցեն։ Սրանով է հենց կինը և առհասարակ մարդը ուժեղ լինում»:

  Հեռուստատեսությամբ բռնության տեսարաններ ներգրավելուց կարևոր է հասկանալ, թե դա ինչ է տալու հանդիսատեսին, քանի որ ինչպես հասկացանք դրա բացասական ազդեցությունը շատ մեծ է երեխաների շրջանում: Հայ կինոռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդանի կարծիքով կարևոր է հասկանալ, թե տվյալ տեսարանը իրենից ինչ արժեք է ներկայացնում և այն հանդիսատեսին ինչպես է մատուցվում: 

կինոռեժիսոր

«Կարևոր է  իմանակ, թե այդ տեսարանը ինչ դեր ունի ֆիլմի զարգացման և դրամատուրգիայի մեջ: Օրինակ՝ իմ ֆիլմերից «Զուլալի»-ում նույնպես ունենք բռնության տեսարան՝ Զուլալիին բռնաբարում են, բայց՝ ինչպես ես դու դա ներկայացնում և ինչ որակներով, ու ամենակարևորը՝ տվյալ տեսարանը ինչ է տալու և ուսուցանելու հանդիսատեսին, ապա դա արդեն այլ խոսակցություն է: Հարկավոր է ամեն ինչ անել բարձր մակարդակով և ճիշտ»,-իր խոսքում նշեց Հայկ Օրդյանը: 

Կին կինոռեժիսոր Իննա Սահակյանի խոսքով այս խնդիրը ոչ միայն հայ կինոյին է վերաբերվում, այլև միջազգային կինոյին նույնպես: Տիկին Սահակյանի խոսքով առաջին քայլը, որ կինոյում բռնության պատկերումը քչանա և կին կերպարներն ավելի պինդ դառնան, թերևս կին ռեժիսորների առկայությունը կփոխի:

կինոռեժիսոր

«Կարծում եմ, որ բացի կին ռեժիսորների քանակի ավելացումից, նաև կարևոր է հասկանալ արդյոք պետականորեն կա  հեռուստատեսությամբ կանանց կերպարների ներկայացման փոփոխության ցանկություն: Իսկ, եթե այդ ցանկությունը կա, ապա այդ կարող է դրվել որպես պահանջ: Օրինակ՝ կոնկրետ ֆոնդեր կամ կոնկրետ հեռուստատեսային արտադրանք պետք է բավարարեն որոշակի սահմանված պահանջներ, որոնք հավասարությանը ուղղված պահանջեր կլինեն: Սակայն, ես համարում եմ, որ չի կարող և ճիշտ չէ արհեստականորեն փոխել, և շատ ավելի լավ կլինի, որ կրթության շեմը բարձրացվի և հասարակության մեջ կնոջ դերի ընկալման փոփոխությունը լինի ավելի ինքնաբերաբար, ինչը կարծում եմ որոշակիորեն տեղի է ունենում:»

 Այսպիսով, հեռուստատեսությամբ կնոջ կերպարի սխալ ներկայացման և բռության մշակույթի նորմալիզացման խնդիրը կարևորներից է, քանի որ մեդիան միաժամանակ թե՛ ազդեցիկ տեղեկատվության աղբյուր է, թե՛ սոցիալական նորմերի ձևավորող գործոն։ Ուստի, կարևոր է ուշադրություն դարձնել մեդիայի ազդեցությանը և նպաստել հավասարության և առողջ հասարակական արժեքների ձևավորմանը։ 

Անի Ստեփանյան