
Հեռուստացույցն այսօր, ժամանցի անթերի միջոց չլինելով հանդերձ, շարունակում է մնալ տեղեկացվելու, կրթվելու, ինչպես նաև ընդհանուր զարգացման կարևոր միջոցներից մեկը։ Այդ իսկ պատճառով որակյալ հաղորդման համար մաքուր պատկերից առավել կարևոր է նաև մաքուր խոսքը․ չէ՞ որ հեռուստադիտողը, հատկապես եթե դեռահաս է, եթերի խոսքն ընկալում է որպես օրինակելի։
Լեզվաբան Գոհար Ներսեսյանի կարծիքով հայկական հեռուստատեսությունը, ցավոք, զերծ չէ խոսքի որոշակի թերություններից։ Հեռուստատեսային տարատեսակ հաղորդումներում, ֆիլմերում, սերիալներում վերջերս հաճախադեպ են դարձել առօրյա-խոսակցական բառերի, օտարաբանությունների, հաճախ նաև՝ ժարգոնային բառերի չափից ավելի կիրառությունները։
«Հեռուստալեզվում մեր գրական հայերենի նկատմամբ որոշ դեպքերում, կարելի է ասել, բարբարոսական վերաբերմունք է դրսևորվում։ Ճիշտ խոսքի կառուցման համար պահանջվող հոգածությունը, զգուշությունը, երբեմն նաև անհրաժեշտ գիտելիքները հաճախ բացակայում են։ Մի տեսակ արժեզրկվել է գրական հայերենը։ Մեր մեծ գրողներից շատերն են նշել, որ գեղարվեստական խոսքում բառագործածությունը պետք է մանրակրկիտ և խիստ ընտրությամբ կատարվի․ եթե հեղինակը կիրառում է բարբառային ու խոսակցական բառեր, ապա դրանք պիտի գործածվեն միայն ըստ անհրաժեշտության, հիմնականում, իհարկե, ոճավորման նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջին հերթին վերաբերում է հենց հեռուստալեզվին, և այս սկզբունքը պիտի պահպանվի նաև հեռուստատեսությունում։ Առհասարակ լեզվի նկատմամբ անփույթ վերաբերմունքն այսօր բոլոր մակարդակներում է դրսևորվում՝ սկսած պաշտոնական ոլորտից մինչև կենցաղային միջավայր։ Չի կարելի գրական հայերենի որակն այդչափ իջեցնել՝ հասցնելով ժարգոնային խոսքի մակարդակի»։
Այն միտքը, թե ոչ գրական խոսք կիրառելով՝ կարելի է անմիջականություն ստեղծել, ըստ Գոհար Ներսեսյանի, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Նրա խոսքով՝ խոսակցական բնույթ ունեցող լեզվական միավորների գործածությունն արդարացվում է միայն այն դեպքում, երբ դրանք կիրառվում են միմիայն ոճավորման նպատակով, այն էլ՝ չափավոր, տեղին ու նպատակային։ «Անհարկի կիրառությունների դեպքում լեզվի որակը խիստ ընկնում է, խոսքը՝ գռեհկանում, և այս պարագայում անմիջականության ու ոճավորման մասին խոսք լինել չի կարող։ Ես դեմ եմ, օրինակ, այն բանին, որ գրական հայերենով գրավոր կամ բանավոր խոսքում «է» օժանդակ բայի փոխարեն «ա» են գործածում։ Ոչ պաշտոնական, կենցաղային ոլորտներում սա թերևս ընդունելի է, բայց գրական խոսքում՝ միանշանակ ոչ»։
Ոչ գրական խոսքի կիրառությունը նկատելի է հատկապես հայկական սերիալներում, ժամանակակից սիթքոմներում, թոք-շոուներում։ Երիտասարդ դերասանուհի Հայկուհի Ղուլյանը, ով զուգահեռ ստանում է նաև լրագրողական կրթություն, հարցը դիտարկում է երկու տեսանկյունից։
«Եթերում առավելապես պետք է պահպանել լեզվի մաքրությունը։ Դա քննարկման ենթակա չէ։ Սակայն դերասանի տեսանկյունից՝ դա երբեմն դառնում է անհնար, քանի որ կերպարակերտման համար կերպարի հոգեբանությունը պետք է համապատասխանի նրա օգտագործած բառամթերքին։ Օրինակ՝ եթե ես մարմնավորում եմ մի աղջկա կերպար, ով անկիրթ է, դրսևորում է հակահասարակական վարք, պարզապես չեմ կարող խոսել գրական ու մաքուր հայերենով․ արհեստական կլինի։ Իսկապես, կան դեպքեր, երբ գրական հայերենից փոքր-ինչ շեղվելն արդարացվում է, բայց, շեշտում եմ, բացառիկ դեպքերում»։
Եթե դերասանի համար կարևոր է կերպարակերտումն ու կերպարի հոգեբանությանը համապատասխան լինելը, ապա լրագրողի առջև նման խնդիր չկա դրված։ Վերջինիս այլ հարց պետք է հուզի, այն է՝ իր բառապաշարով բոլորին հասանելի լինելը։ Սակայն այդ հասանելիության ապահովումն արդյո՞ք ենթադրում է ոչ գրական բառաշերտի օգտագործում։
Էդուարդ Պողոսյանը, ով ակադեմիական կրթություն ստանալուն զուգահեռ ակտիվ գործունեություն է ծավալում նաև հեռուստաոլորտում, կարծում է, որ խոսակցական բառաշերտի որոշ տարրեր չափի մեջ ընդունելի են մեդիայում, խիստ անընդունելի են ժարգոնն ու այլ ցածրակարգ բառերն ու արտահայտությունները, շատ դեպքերում նաև՝ քերականական սխալներով հարուստ հեռարձակվող խոսքը։ «Մեդիայի խնդիրը բանվորից մինչև գիտնական հասանելի լինելն է, և այս առանցքում քո լեզվամթերքով դու չես կարող բավարարել միայն առաջինին։ Այսինքն՝ բացառապես գրական լեզուն կիրառելով՝ մեդիան կշեղվի իր նպատակներից ու առաքելության ամբողջական կատարումից»։
Յուրաքանչյուր պարագայում կարևոր է հիշել, որ հեռուստատեսությունը միջոց է՝ ընդլանելու լսարանի մտահորիզոնը, ամրապնդելու մարդկանց ճանաչողական հնարավորությունները՝ հիշողությունը, ուշադրությունը, մտածելու և հետևություններ անելու կարողությունը։ Ուստի հանրային հեռուստաարտադրանքի լեզվավիճակը հնարավորինս պետք է լինի ամենաբարձր մակարդակում, ինչը խոսում է նաև պրոֆեսիոնալիզմի և տվյալ հեռուստահաղորդման բարձր վարկանիշի մասին։