
2020 թվական, հուլիսի 12, գյուղ Չինարի
«Դիրքերի վրա կրակում էին, չէինք անհանգստանում, որովհետև արդեն սովորական էր։ Հուլիսի 13֊ի առավոտյան սկսեցին գյուղի վրա կրակել, հետո անօդաչու սարք ուղարկեցին։ Մտել էինք պատի տակ։ Երբ արդեն մի քիչ հանդարտվել էր, կամաց-կամաց, համեմատաբար գաղտնի ու ապահով ճանապարհով տարհանվեցինք դեպի կողքի գյուղ, բայց անօդաչուն էնտեղ էլ հասավ․․․»։
Հուլիսյան մարտերից չորս տարի է անցել։ Չինարեցի Արմենուհի Պետրոսյանը այսօրվա պես հիշում է պատկի տակ թաքնվելը, ծիծաղում է ու ավելացնում․ «Հիմա անմտություն է թվում պատկի տակ թաքնվելը, բայց այդ պահին փրկության հույսը դա էր»։
Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշում է, որ դպրոցը, մշակույթի տունը և մանկապարտեզը ունեն ապաստարաններ, սակայն թաղամասերից այդտեղ հասնելը նույնքան վտանգավոր կլինի, որքան տանը մնալը․
«Սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր թաղամասում գոնե երկու լավ վիճակում գտնվող ապաստարան պետք է լինի։ Կան գյուղացիներ, որոնց նկուղները ամբոջովին հողի մեջ են, չկա ոչ մի հարմարություն գոնե երկու-երեք օր մնալու համար՝ ջրի բակ, սանհանգույց, ծածկոցներ, նստարաններ, և փաստացի կանգնում ենք խնդրի առջև»:
2020 թվական, հուլիսի 12, գյուղ Արծվաբերդ


Արծվաբերդից Լաուրա Լոբյանը պատերազմի ժամանակ մի քանի օրով «մայր» է եղել․ իրեն էր վստահված թաղի մի քանի երեխաներին քեռու հետ քաղաք հասցնելու գործը․
«Ապահով նկուղ ունենք, թաղմասում միակ ապահովը մերն էր, կրակոցների պահին բոլոր հարևանները վազել եկել են մեր «ապաստարան»։ Հաջորդ օրը հասկացանք, որ երեխաների համար շատ դժվար է, ցուրտ էր և խոնավ։ Հանդարտվելուն պես երեխաներին ապահով ճանապարհով տարել ենք Երևան։ Մարտերից հետո համայքապետարանից մի քանի անգամ եկել են նկուղը նայելու, որ ապաստարան դարձնեն, բայց մի քանի ամիս անց կրկին պատերազմ էր․․․»:
Արծվաբերդի գյուղապետ Լևոն Մադյանը ասում է, որ ապաստարան չկա նույնիսկ դպրոցներում և մանկապարտեզում․
«Մենք համեմատաբար ավելի հեռու ենք սահմանից, երևի պատճառը դա է, որ դպրոցներում չկան նույնիսկ նկուղներ, իսկ պատերազմի ժամանակ երեխաներին պետք է տարհանենք մոտ գտնվող տների նկուղները»։
2020 թվական, հուլիսի 12, գյուղ Տավուշ
«3 օր գիշերել ենք քարի տակ: Քարը, որ մեծ ժայռ է իրականում, ապաստանել է գյուղացիներին նաև 1990-ականների թեժ մարտերի օրերին: «Մայրս դռան տակ պայուսակ էր դրել՝ մեջը հաց, պանիր, պոմիդոր, շուշա կոնֆետ, տաք հագուստ, որ վերցնենք ու դուրս գանք, բայց ուր ենք գնալու՝ չգիտեմ, «Քարին տակը» երբեմն ավել մարդ ընդունելու տեղ չէր ունենում»,- պատմում է Տավուշ գյուղի բնակիչ Աննա Խաչատրյանը։
Բերդ քաղաքի համայքապետ Աստղիկ Հակոբյանը հայտնում է, որ ապաստարանների կառուցման, վերանորոգման, կահավորման նպատակով դեռ որևէ ծախս չի նախատեսվել․
«Բյուջեի միջոցները բավարար չեն քաղպաշտպանության խնդիրները լուծելու համար։ ՄԱԿ-ը ներկայումս ծրագիր է իրականացնում թաքստոցների կառուցման վերաբերյալ․ այս պահին սպասում ենք, որ գյուղերում սկսենք կարգի բերել գոնե նկուղները»։
Համաձայն ՀՀ «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» 22-րդ հոդվածի՝ պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման ու շահագործման և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
Փաստացի սահմանամերձ համայնքներում պետության սահմանած նորմերին համապատասխանող ապաստարաններ չկան։ Բնակիչները, հարկ եղած դեպքում, փորձում են ինքնուրույն պաշտպանվել՝ պատսպարվելով սեփական նկուղային տարածքներում, գետնահորերում, նույնիսկ քարերի տակ
Քաղաքացիական պաշտպանության մասնագետ Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ ապաստարանների բացակայությունը սահմանային գյուղերում ոչ միայն բնակչության ֆիզիկական անվտանգությունն է վտանգում, այլ նաև խորացնում է ճգնաժամային իրավիճակներում մարդկանց մոտ անօգնականության զգացումը․
«Մարդիկ պետք է իմանան, որ իրենց կյանքի համար կա գոնե մի ապահով տարածք։ Երբ չկա այդ զգացումը, խուճապը դառնում է գլխավոր խնդիրն անգամ նախքան կրակոցները սկսվելը։ Գոնե ստանդարտների համապատասխան նկուղների կահավորումը կարող է էականորեն փոխել իրավիճակը՝ հոգեբանորեն և գործնականում»։
Տավուշի մարզում ներկայումս գործում է 62 դպրոց, որոնցից միայն 18-ն ունեն գոնե տեխնիկապես նկուղային տարածք, սակայն ոչ մեկը լիարժեք ապաստարան չէ։ Մանկապարտեզների վիճակն ավելի վատթար է։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անդամը (անունը չցանկացավ նշել)․
«Մեր խնդրանքները փոխանցվում են գերատեսչություններին, բայց պետական մակարդակով ճգնաժամային ենթակառուցվածքների բարելավումը, ցավոք, դեռ առաջնահերթություն չի դարձել։ Սպասում ենք նաև ՄԱԿ-ի ծրագրի ակտիվ փուլին՝ գոնե մի քանի համայնքներում սկսելու աշխատանքները»։
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ապաստարանների խնդիրն այսօրվա դրությամբ մնում է բաց։ Չնայած առանձին նախաձեռնություններին և միջազգային ծրագրերի նախատեսմանը, բնակիչները հիմնականում շարունակում են ապավինել իրենց ուժերին՝ հարմարեցնելով նկուղները կամ ընտրելով բնական պատսպարաններ։
Թեև օրենքը նախատեսում է պետական և համայնքային մակարդակով պատասխանատվություն՝ պաշտպանական կառույցների առկայության ու պահպանման համար, այդ դրույթների լիարժեք իրագործումը շարունակում է մարտահրավեր մնալ։
Համայնքների պատրաստվածության մակարդակը պատերազմական կամ արտակարգ իրավիճակներում կարող է որոշիչ լինել՝ ինչպես մարդկանց անվտանգության, այնպես էլ երկարաժամկետ բնակեցման տեսանկյունից։