05.02.2025
Կատեգորիա
Հասարակություն
1

Այսօր, երբ համայնքները կանգնած են սոցիալական, տնտեսական և կառավարման բազմաթիվ մարտահրավերների առաջ, ակտիվ երիտասարդների մասնակցությունը կարող է էապես փոխել իրավիճակն ու դառնալ զարգացման շարժիչը։

Հայաստանի տարբեր բնակավայրերում երիտասարդները ոչ միայն լսում են համայնքային խնդիրների մասին, այլև գործով են նպաստում դրանց լուծմանը՝ տեղական ինքնակառավարման գործընթացներում, քաղաքացիական նախաձեռնություններում, կամավորական աշխատանքում և համայնքային զարգացման ծրագրերում։ Մյուս կողմից, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի երիտասարդները ստանան իրական հնարավորություններ դառնալու ակտիվ մասնակիցներ և առաջնորդելու փոփոխությունները։

Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրից 26-ամյա Ստյոպա Ասրյանն արդեն 7 տարի ակտիվորեն զբաղվում է հասարակական-երիտասարդական գործունեությամբ։ Տարբեր հասարակական կազմակերպություններում կամավորելուց հետո՝ 2021 թվականին համահիմնադրել է «Ազատության Շունչը» հասարակական կազմակերպությունը։ 2023 թվականից համախոհ ընկերների հետ համայնքում ստեղծել են «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» հասարակական կազմակերպությունը, որն ակտիվորեն իրականացրել է երիտասարդական ծրագրեր, նպաստել, որպեսզի Մեծամոր քաղաքը 2023 թվականին ճանաչվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։

2

Լուսանկարը՝ Ստյոպա Ասրյանի անձնական արխիվից

Ըստ Ստյոպայի՝ Համայնքի մեծ լինելու պատճառով բազմաթիվ երիտասարդական խնդիրներ դուրս են մնում տեսադաշտից և դրանց լուծմանը հասնելու համար հարկավոր է հնարավորինս շատ երիտասարդների ներգավվածություն ապահովել, ակտիվացնել երիտասարդներին, ստեղծել հնարավորություններ, որ նրանք բարձրացնեն իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև հետևողական լինեն, որ դրանք ստանան լուծումներ։

-Վերջերս ընդունվեց երիտասարդության մասին օրենքը, որն իսկապես կարևոր ազդակ էր օրենքի ուժով ամեն ինչ համակարգելու համար։

Երիտասարդության մասին օրենքը կարևոր քայլ է երիտասարդների դերի ամրապնդման համար։ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանի խոսքով՝ օրենքը նախատեսում է երիտասարդության տարիքային շեմի սահմանում՝ 13-35 տարեկան, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել ավելի լայն շրջանակի երիտասարդների՝ ապահովելով նրանց մասնակցությունը պետական և հասարակական գործընթացներին։ ​

-Օրենքի նպատակն է ստեղծել պայմաններ, որոնք կխթանեն երիտասարդների ներուժի զարգացումը և նրանց ակտիվ մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին։ Այս նպատակին հասնելու համար օրենքը սահմանում է մի շարք հիմնական դրույթներ, որոնք ուղղված են երիտասարդների իրավունքների պաշտպանությանը և հնարավորությունների ընդլայնմանը։

3

Լուսանկարը Արմենուհի Պետրոսյանի անձնական արխիվից

Օրենքի ընդունումը միայն առաջին քայլն է, իսկ դրա իրականացումը՝ մեծ գործընթաց, որը պահանջում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային գործընկերների աջակցությունը։ Այդ աջակցությունն ապահովելու հարցում կարևոր դեր ունեն միջազգային կազմակերպությունները, որոնք աշխատում են երիտասարդների ներգրավման և զարգացման ուղղությամբ։ Օրենքի ընդունման գործում մեծ դեր է ունեցել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որը տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր՝ խթանելու երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Երիտասարդական ծրագրերի ղեկավար  Աննա Բարֆյանն ասում է․

- Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններ ենք ունեցել, օրինակ՝ Առողջապահության նախարարությանը կից, ՄԱԿ-ի ներսում, ստեղծել ենք երիտասարդական խորհուրդներ։ Որպես հաջողված օրինակ ուզում եմ նշել Երիտասարդական մայրաքաղաք ծրագրի շրջանակներում Երիտասարդության միջազգային օրվա օրակարգի մասնակցային ձևավորումը և իրականացումը։ Երիտասարդները հնարավորություն են ունենում քննարկել իրենց ակնկալիքները կենտրոնական ու տեղական մակարդակում որոշում կայացնողների հետ, փորձում ենք ձևավորել իրական մասնակցային միջավայր, ցույց տալ այդ փոքր օրինակով, թե ինչ հսկայական առավելություն կարող է ունենալ համայնքը, եթե օգտագործի իր երիտասարդների ներուժը և հնարավորություն տա նրանց մասնակցելու համայնքում որոշումների կայացմանը։ 

4

Լուսանկարը՝ հեղինակի

Հայաստանի համայնքներում երիտասարդների ներգրավվածությունն ավելի կազմակերպված և համակարգված դարձնելու նպատակով անհրաժեշտ են հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան նրանց ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին։ Շատ դեպքերում երիտասարդները չեն տեղեկանում իրենց մասնակցության հնարավորությունների մասին կամ չեն ունենում համապատասխան ռեսուրսներ ու հարթակներ՝ սեփական նախաձեռնություններն առաջ մղելու համար։ Այս հարցում կարևոր նշանակություն ունի պետության կողմից ներդրված իրավական դաշտը, որը պետք է ապահովի երիտասարդների ակտիվացման գործիքակազմի առկայությունը համայնքներում։ 

​«Երիտասարդության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները երիտասարդական քաղաքականության բնագավառում, ներառյալ համայնքային երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացմանը, երիտասարդական աշխատողների ներգրավումը և երիտասարդական կենտրոնների ստեղծումը։ ​

Այս օրենքի դրույթները կարևոր հիմք են ստեղծում համայնքային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար։ Սակայն, ինչպես ցույց են տալիս գործնական փորձը և քաղաքացիական հասարակության դիտարկումները, այս իրավասությունների կիրառումը հաճախ բախվում է կառուցվածքային և ինստիտուցիոնալ սահմանափակումների։ Թեև

«Երիտասարդության մասին» օրենքը նախատեսում է համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծում և երիտասարդական աշխատողների ներգրավում, մտավախություն կա, որ գործնականում այդ նախաձեռնությունները չեն իրականացվի ամբողջական և համակարգված մոտեցմամբ։

Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն թղթի վրա ամրագրել այս պարտավորությունները, այլև ապահովել դրանց իրականացման մեխանիզմները՝ ներառելով ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այնպես էլ կրթական, ֆինանսական և մենթորության ծրագրեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Արմավիրում գործող ՄԻՏՔ ՀԿ-ն արդեն իսկ մշակել և կիրառում է երիտասարդների ներգրավման հաջողված մոդելներ, որոնք կարող են ծառայել որպես ուղեցույց համայնքային կառավարման համար։

Այս համատեքստում անհրաժեշտ է քննարկել այն հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքին, և առաջարկել մեխանիզմներ, որոնք կօգնեն հաղթահարել դրանք։

Երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային գործընթացներին առանցքային նշանակություն ունի ինչպես տեղական զարգացման, այնպես էլ կայուն ժողովրդավարական կառավարման ապահովման համար, սակայն համայնքային կառույցներում երիտասարդների ներգրավվածությունը հաճախ բախվում է տարբեր խոչընդոտների, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի խմբերի։ Օրինակ՝ կառուցվածքային և ինստիտուցիոնալ սահմանափակումներ համայնքային կառավարման համակարգում, երիտասարդների ձայնը հաճախ հաշվի չեն առնում տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հաստատությունները չունեն հստակ մեխանիզմներ երիտասարդներին ներգրավելու համար։ Շատ երիտասարդներ տեղյակ չեն համայնքային կառավարման ընթացակարգերից ոչ բոլոր համայնքներն են պատշաճ տեղեկացնում առկա հնարավորությունների մասին։ Շատ համայնքներում երիտասարդների ծրագրերի համար բավարար ֆինանսավորում չկա, երիտասարդները հաճախ չունեն համապատասխան տարածքներ և ռեսուրսներ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար,- ասում է ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկակլյանը։ 

ՄԻՏՔ հասարակական կազմակերպության առաջարկած մեխանիզմների թվում Լևոն Չուկակլյանն առանձնացնում է երիտասարդական կենտրոնների ստեղծումը, դրամաշնորհային և խորհրդատվական ծրագրերի, երիտասարդական հեքեթոնների կազմակերպումն ու տրամադրումը։

5

Լուսանկարը՝ հեղինակի

Երիտասարդների ներգրավվածության ամրապնդման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, որտեղ պետությունը, քաղաքացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները պետք է համատեղ աշխատեն՝ ապահովելու երիտասարդների համար լայն հնարավորություններ։ Միայն այդ դեպքում համայնքային զարգացումը կդառնա ներառական, իսկ երիտասարդները՝ փոփոխության գլխավոր շարժիչ ուժը։

Շողեր Ղլիջյան