
Ժամանակակից սպորտում ճիշտ սնունդը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական մարզումները: Հատկապես մանկապատանեկան թիմերում պատանիների սննդակարգը պետք է համապատասխանի նրանց աճի, զարգացման և մարզումային ծանրաբեռնվածության պահանջներին: Սակայն արդյո՞ք Հայաստանում պատանի ֆուտբոլիստներն իսկապես առողջ են սնվում:
Սպորտային սննդաբան Վահան Հովհաննիսյանն ասում է, որ պատանի մարզիկների սննդակարգը պետք է ներառի բոլոր անհրաժեշտ սննդանյութեր։
«Մարզիկների համար սնունդը պարզապես կալորիաների աղբյուր չէ, այլ էներգիայի, ուժի և վերականգնման հիմնական գործոն: Պատանիները դեռ աճող օրգանիզմ ունեն, և նրանց սննդակարգը պետք է ապահովի ոչ միայն մարզումներին դիմակայելու, այլև աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը»։
Ըստ սննդաբանի՝ պատանի ֆուտբոլիստների սնունդը պետք է ներառի սպիտակուցներ՝ մկանների վերականգնման և աճի համար (միս, ձուկ, կաթնամթերք, ձու, լոբազգիներ), նաև ածխաջրեր պետք է ուտեն որպես էներգիայի աղբյուր (հացահատիկներ, բրինձ, մակարոնեղեն, բանջարեղեն, մրգեր)։ ««Շատերը» կարծում են, որ ճարպերը բացասական ազդեցություն են ունենում, սակայն կան առողջ ճարպեր, որոնք մարմինը բալանսի են բերում, օրինակ, ընկույզը, ավոկադոն, ձիթայուղը»։
Դավիթ Կիրակոսյանը, ով հանդես է գալիս «Ուրարտու» ՖԱ-ի պատանեկան թիմում, ասում է, որ ճիշտ սննդակարգը զգալիորեն ազդում է իր մարզական հաջողությունների վրա, չնայած որ այդպես շատ դժվարությամբ է սնվում։
«Սկզբում չէի հասկանում, թե ինչու է այդքան կարևոր ճիշտ սնվելը, բայց երբ սկսեցի հետևել սննդակարգին, հասկացա, որ էներգիաս ավելանում է, ավելի լավ եմ վերականգնվում և ֆիզիկապես ավելի ուժեղ եմ զգում ինձ», – պատմում է Դավիթը:

Նկարը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայից
Ըստ նրա՝ ակումբում մեծ ուշադրություն են դարձնում պատանիների սննդին, հատկապես մարզումներից առաջ ու հետո, սակայն երբեմն պատանիները, հատկապես տնից դուրս, նախընտրում են արագ սնունդ կամ անառողջ մթերքներ.
«Երբեմն շատ գայթակղիչ է արագ սնունդ ուտելը։ Մարզիչներն ու բժիշկները միշտ հիշեցնում են, որ դա վնասակար է մեզ համար։ Մարզիչները թող սա չկարդան, բայց մենք, երբեմն, «չենք դիմանում» (ծիծաղում է,- հեղ․)», – ասում է նա:
Չնայած ակումբները փորձում են վերահսկել պատանիների սննդակարգը, ԲԿՄԱ ՖԱ-ի մարզական տնօրեն Գագիկ Աղբալյանը ասում է, որ դեռևս խնդիրներ կան.
«Ոչ բոլոր մարզիկներն են գիտակցում ճիշտ սնվելու կարևորությունը, ինչը երբեմն բերում է սխալ սննդային սովորությունների: Արագ սննդի կետերն ու քաղցրավենիքները հաճախ ավելի մատչելի ու գրավիչ են պատանիների համար: Սակայն, բոլոր մարզիկները տարբեր կարիքներ ունեն, բայց ոչ միշտ է հնարավոր կազմել անհատական սննդակարգ»:

Նկարը՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայից
Գագիկ Աղբալյանը լուծում է առաջարկում. «Դրանցից մեկը կրթական ծրագրերի անցկացումն է, որտեղ մարզիկներին կսովորեցնեն ճիշտ սնվելու հիմունքները: Բացի այդ, ցանկալի կլինի, որ ակումբներն ավելի խիստ վերահսկեն իրենց պատանիների սննդակարգը»։
Պատանի մարզիկների սնունդը մեծ ազդեցություն ունի նրանց ֆիզիկական կարողությունների, վերականգնման ու ընդհանուր առողջության վրա: Չնայած հայկական ակումբները փորձում են ապահովել պատանիների առողջ սնունդը, դեռևս կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծել կրթության, վերահսկողության և սննդի որակի բարձրացման միջոցով: