05.15.2025
Կատեգորիա
Կրթություն
Ոսկի սերմեր

Մայիսի 15-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամփոփվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրանտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի արդյունքները։

Դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ համոզված է՝ նոր սերունդը Վաչագանի դավանած արժեքներն ու ազնվագույն որակները կրողն է, և մրցույթին մասնակցող ուսանողների նյութերը այդ փաստի վկայությունն են:

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց․ «Կրթամրցանակի գաղափարը ծնվել է մեծ տառապանքից: Պետք էր փարատել պատերազմի թողած վիշտը, շաղկապել հերոսների անունները կրթության ու գիտության հետ, և հենց այս նպատակով էլ սկիզբ դրեցինք այս նախաձեռնությանը՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք» կարգախոսով»։ 

Ա. Պետրոսյանը ընթերցեց հատվածներ ուսանողների մոտիվացիոն նամակներից՝ փաստելով, որ յուրաքանչյուր մասնակցի մտքերը տպավորել և հուզել են իրեն:

Միջոցառմանը ներկա էր «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը: Նա խոսեց հերոսի վառ անհատականության մասին և հուզմունքով ամփոփեց. «Երանի չճանաչեի և ասօր այսքան չկարոտեի Վաչագանին»:

Ժյուրիի նախագահ, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 15 ուսանող, առաջին մրցանակին արժանացավ Սյուզաննա Օհանյանը, երկրորդ մրցանակակիրներն էին  Արևիկ Արզումանյանը և Մարիամ Աբրահամյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացան Անի Նավասարդյանն ու Սաթենիկ Ավետիսյանը:

Մրցանակաբաշխությունը ամփոփեց հերոսի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Նա մրցույթի բոլոր մասնակիցներին նվիրեց Վաչագան Մանուկյանի հեղինակած գրքերը: