05.21.2025
Կատեգորիա
Ֆակուլտետային
Նկարում՝ Մարինե Զոհրաբյանը՝ արհեստական բանականության աչքերով

Գարիկ Խաչատրյանի էսսեից

Ամեն ուրբաթ համալսարան գալը մի փորձություն է մարզաբնակ Գարիկի համար, որը նաև այս էսսեի հեղինակն է: ․․․Մարզային գազելների ընթացքի և միաժամանակ գրեթե 12 կնոջ լիաթոք բարբառային ծիծաղի ձայներն իր ուսերից թոթափելը թույլ են տալիս Գարիկին իր մասին խոսել առաջին դեմքով: ․․․Չեմ հիշում մի ուրբաթ օր, որ իմ կարման ինձ դեմ չգնա և մեր՝ իր սկիզբն ու վերջը կորցրած մայրուղում մի պատահար չլինի: Հաճախ ուզում եմ հաղթահարել իմ միջի հոգնած տիպին, հանել հեռախոսս, նկարել, մի լպրծուն նյութ գրել, շուկան ցնցող վերնագիր դնել (որը, ամենայն հավանականությամբ, արհեստական բանականությամբ եմ գրել) և հրապարակել մի ինչ-որ տարօրինակ անուն-ազգանուն ունեցող կայքում: Բայց ուրբաթ օրերը ինձ համար հենց իմ միջի հոգնած տիպին հոգնած պահելու համար են: Այո, չեմ հանում հեռախոսս, ավելին ասեմ, մտքովս էլ չի անցնում որևէ պատահարի մասին նյութ գրել: Եվ դա միայն մեր ուրբաթ օրվա սիրելի Պրակտիկում առարկայի շնորհիվ: ․․․Երբ ամեն ինչ թվում է կործանված («ամեն ինչ» ասելով նկատի ունեմ ուրբաթ օրը), գալիս եմ մեր լսարան (որը կա՛մ 407-ն է, կա՛մ 420-ը. ամեն անգամ երկուսն էլ ստուգում եմ, քանի որ Աստված մեծ է, մի դուռ կբացի): Եվ երբ Աստված ինձ վերջապես մի քիչ խղճում և բացում է այդ դռներից մեկը, ես տեսնում եմ իմ սիրելի կուրսի սիրելի խմբին։ ․․․Ես գալիս եմ ներս, պարույրսևակյան հայացքով բոլորին զննելուց հետո «Եղիցի՜ լույս» եմ մաղթում և գնում եմ նստում մեջտեղներում (սովորաբար ոչ Խանդանյան Մանեի կողքին, որովհետև տիկին Կարապետյանը նրան շատ է նայում):

Միլենա Գևորգյանի էսսեից

Լսարանում ստացած գիտելիքը ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է դրանք կիրառել գործնականում, իսկ գործնական միջավայրում աշխատելու հմտությունները մենք սովորում ենք «Պրակտիկում» առարկայի շրջանակում: ․․․Շատ դեպքերում մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է կիրառել որոշ մեթոդներ, բայց իրականում դրանք դառնում են անփոխարինելի գործիքներ՝ որակյալ նյութ գրելու, վերլուծություն կատարելու և ընթերցողի ուշադրությունը գրավելու համար։ 

Մելանյա Գրիգորյանի էսսեից

Հետաքրքիր փորձառություն էր մեկ թեմայի շուրջ տարբեր տեսակետներ հայտնելը, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարելի է նույն խնդիրը ներկայացնել տարբեր կողմերից։ Սկզբում յուրաքանչյուրս պնդում էինք մի բան, հետո հակաճառում էինք մեր իսկ պնդմանը այլ մտածողությամբ։ Հետաքրքիր էր, որ երբեմն հակառակ պնդումը նույնքան համոզիչ էր ստացվում, որքան սկզբնականը։

«Պետք է սովորել տեսնել թեմայի բոլոր կողմերը։ Լրագրողը չպետք է կուրորեն գնա մեկ ուղղությամբ ու ասի այն, ինչ ասում են բոլորը։ Գնացեք տարբերություններ որոնելու»,- ընկեր Կարապետյանի սիրած խոսքն է (արդեն իմն էլ)՝ տարբերությունների հետևից գնալ․․․

․․․ Դասախոսը հաճախ կրկնում է, որ մեր անհատականությունը պետք է արտահայտվի մեր նյութերում․ «Մելանյա, լավ ես գրում, բայց ընդհանրական մտքերդ շատ են։ Դու արտիստիկ աղջիկ ես, քո արտիստիզմը դիր նաև նյութերումդ, հրաշալի կստացվի»։ 

Մտքում ունենալով այս գաղափարը՝ գնացի իմ հին նյութերին։ Կարդացի առաջին տպագրված  նյութս՝ մեկ ու կես տարի առաջվա, հայրիկիս մասին։ Արտիստիզմ չկար, բայց կարծում եմ՝ ավելորդ հուզականություն էի փորձել տալ։ Հիմա այլ կերպ կգրեի։ Բռնցքամարտիկի հետ հարցազրույցս էլ պարզունակ էր, եթե համեմատեմ այս տարվա հարցազրույցիս՝ լուսանկարչի հարցազրույցի հետ. սա ավելի ստացված էր տարբերություն որոնելու տեսանկյունից։ Հոդված գրելիս էլ, ցավոք, ընդանրական մտքերս իսկապես շատ էին։ 

Հասմիկ Գևորգյանի էսսեից

Դասախոսն առաջարկեց կարդալ մի հարցազրույց, որի զրուցակիցը արձակագիր Արամ Պաչյանն էր, և ենթադրվում էր, որ հարցազրույցը կլինի նրա մասին, սակայն երբ կարդացինք այն, տեսանք, որ թեման և՛ գրողն էր, և՛ անկախությունը, քանի որ հաջորդ օրը տոնելու էինք անկախության 25-ամյակը։
Մեզ առավել շատ զարմացրեց հարցերի հաջորդականությունը. դրանք կարծես անտրամաբանական էին և չէին հաջորդում միմյանց։ Գրողի կյանքի մասին հարցին անմիջապես հաջորդում էր անկախությանը վերաբերող որևէ հարց, որը մենք ողջ դասաժամի ընթացքում փորձում էինք բերել տրամաբանական հաջորդականության։  

Եվ երկար փորձերից հետո Մարիամ Կարապետյանը առաջարկեց հարցերը և պատասխանները թողնել իրենց տեղերում՝ ավելացնելով միայն վերնագիր. «Հարցազրույց արձակագիր Արամ Պաչյանի հետ․ գրողից անցում ենք կատարելու անկախությանը, անկախությունից՝ գրողին»։ Միայն վերնագրի փոփոխությունը մեզ հնարավորություն տվեց այլևս ոչինչ չփոխել։

Մոտեցման այս տարբերակը հետաքրքիր էր ինձ համար, և ես մեկնաբանեցի այն հետևյալ կերպ. ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ոչ թե որևէ բան սխալ է, այլ «ձևն է այդպես»։ Հիշում եմ նաև Մարիամ Կարապետյանի մեկնաբանությունը, որ օրենքները իմանալու դեպքում միայն կարող ենք ճիշտ խախտել դրանք, կամ եթե ավանակին գցել ենք ցեխի մեջ, կա՛մ պետք է հանենք այնտեղից, կա՛մ այնքան ցեխոտենք, որ դառնա արվեստի գործ։

Մարինե Զոհրաբյանի էսսեից

․․․Անկողմնակալ բառը հիշատակելիս չենք կարող չանդրադառնալ այն հիմնարար և «լրագրողական մուրճով» գամված սկզբունքին, որին հետևում ենք համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից. դե իհարկե, այդ «պատվավոր պաշտոնը» օբյեկտիվությանն է։ Մենք բազմիցս ենք տարբեր առարկաների շրջանակներում խոսել սրանից, տվել սահմանումներ և դաջել մեր մտքում, սակայն մեր հենց այս դասերի քննարկումներից հետո հասկացա, որ լրագրության մեջ օբյեկտիվությունը, որքան էլ կարևոր սկզբունք լինի, հաճախ վերացական է մնում։ Ի՞նչ է դա իրականում, և ինչպես վարվել դրա հետ։ Անշուշտ, տիկին Կարապետյանն այս հարցի պատասխանը ևս ուներ իրեն հատուկ տարբերվող մեկնաբանությամբ, որը ֆիքսվել է մեր ուղեղում այսպես՝ լրագրողի օբյեկտիվությունը պիտի հստակ տեքստային ձև ունենա։ Այլ կերպ ասած՝ այն պետք է երևա ոչ միայն լրագրողի մտադրությունների, այլև նրա գրելու եղանակի մեջ։
․․․ Մեր քննարկումները (և հատկապես ամեն դասի վերջում հնչող «Ի՞նչ եք տանում այսօր ձեզ հետ» հանրահայտ և սպասված հարցի պատասխաններից բխող մեր ամփոփումները) լրջորեն մտածելու տեղիք տվեցին՝ որտե՞ղ եմ ես իմ նյութերում, որտե՞ղ է լրագրողը, երբ գրում է։

Մանե Խանդանյանի էսսեից

Մեր քննարկումները մեզ հասցրին այն մտքին, որ որևէ տեքստի հեղինակի, նաև լրագրողի համար կարևոր է, որ նա կարողանա իր տեքստում ցույց տալ իր մասնակցության բնույթն ու չափը։ Քննարկեցինք, թե ինչպես կարելի է նյութում ցույց տալ սեփական դիրքորոշումը, երբ թեման ծավալուն է, իսկ դու կոնկրետ հետաքրքրություններ ունես։ Կարևոր էր հասկանալ, որ լրագրողը պետք է խուսափի կողմնակալ ներկայացումից՝ միաժամանակ չկորցնելով իր տեսանկյունը։ Մեկ այլ կարևոր դիտարկում էր այն, որ լրագրողը չի կարող անտեսել իր ներկայությունը նյութում և սահմանափակել այն՝ անտեսելով դրա տրամաբանական զարգացումը։ Եթե սկզբում որոշել ես ցույց տալ քո դիտակետը, ապա այն պետք է շարունակաբար զարգացնես և համապատասխան եզրափակում տաս։ ․․․Այս ամենը կարևոր դեր ունի այն բանի համար, որ նյութը լինի հավասարակշռված, առանց լռելյայն կանխակալության։

Սիլվա Գրիգորյանի էսսեից

Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ ներառում է ոչ միայն նյութերի ուսումնասիրություն, այլև ինքնաքննադատության գործընթաց։ ․․․Ամենակարևոր խնդիրը, որը ես ունեցել եմ, եղել է կոնկրետության պակասը, որը քննարկումների և հետևողական աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, ինչ-որ չափով հղկվել է։ Հիշում եմ «Գեղի» գյուղի մասին նյութս, հատկապես այս հատվածը․ «Երբ հարցնում եմ ՝ արդյոք չեն վախենում գյուղում մնալ, պատասխանում են․  -        է՜, բալա՛ս, սա մըր գյուղն ա, թողանիմ շտը՞ քինիմ, թորքեն անայալ վախում չըք, մըր շենի հետի մինչև վերջա կապայքարինք»»։ Արդեն գիտելիքներ և նոր որակի փորձ ձեռք բերած՝ հասկանում եմ, որ կա հստակության պակաս այն առումով, թե «ով է ասողը»։  «Ո՞վ է ասում» հարցը հատկապես կարևոր է։ Պետք է միշտ պատասխանել, քանի որ այն նյութ գրելու կարևոր կետերից մեկն է։

․․․Թեմայի հստակության ու ամբողջականության կարևորությունը հասկացանք այն առաջադրանքում, երբ կառավարության նիստի արձանագրությունը նախ կրճատեցինք, հետո դրա հիմնական կետերը դուրս բերեցինք։ Կարևորում եմ, որ տվյալ թեման ու վարժությունը քննարկելիս անդրադարձել ենք համատեքստի պահպանման կարևորությանը՝ ցույց տալու համար, թե կոնկրետ ինչ իրադարձության մասին ենք խոսում։ Ընդգծեցինք, որ չպետք է թույլ տալ «համատեքստի վթարներ», անգամ երբ լուր ես դուրս բերում այն ծավալուն տեքստից, որին հպանցիկ ես ծանոթացել։

Ալբինա Խանզրատյանի էսսեից 

Երբ խոսում ենք դասընթացի մանրամասներից, մի շարք թեմաներ առանձնանում են, որոնք ոչ միայն հետաքրքրեցին մեզ, այլ նաև դարձան մեր ուսման հիմնական ուղենիշները։ Մասնավորապես, «Հոդվածի սահմանները՝ լոնգրիդ» թեման մեզ օգնեց հասկանալ, թե ինչպես կարելի է մշակել խորքային ու մանրամասն հոդվածներ, որոնք պահանջում են ոչ միայն պարզապես տեղեկությունների հավաքում, այլև այդ տեղեկությունները հիմնավորելու կարողություն։

․․․Մեր երկար ճանապարհորդության կայարաններից մեկն էլ էսսե գրելու հանձնարարությունն էր։ Չնայած որ նման առարկայի շրջանակում նման էսսե գրում էինք առաջին անգամ, կարծում եմ, որ դա մեզ համար իրականում մեծ փորձ էր։ Այս աշխատանքը ոչ միայն նոր մոտեցումներով լրացրեց մեր գիտելիքները, այլև հնարավորություն տվեց կրկին համատեղ քննարկել տարբեր թեմաներ, հարցեր տալ միմյանց, ճշտել, թե ով որ թեման է ավելի լավ հիշում, որ թեման է ավելի գրավիչ կամ որն է ավելի դուր եկել մոտեցման առումով։

Անուշ Գևորգյանի էսսեից

Առաջին անգամ էի էսսե գրում: Չգիտեի՝ կստացվի, թե ոչ: Բայց վստահ էի, որ անկեղծությունս ինքնին կձևավորի իմ էսսեն: Էսսեն ներառում է անդրադարձ մի քանի թեմաների, որոնք մենք քննարկել ենք պրակտիկում առարկայի շրջանակում: Առաջարկը, որ էսսեն գրենք հենց մեր անցած թեմաների մասին, օգնեց յուրաքանչյուրիս հասկանալ, թե ինչ սովորեցինք, կարևորեցինք ու տարանք մեզ հետ, և այն դասի հետաքրքիր ու տարբերվող ամփոփում է: Առաջին թեման, որից ուզում էի սկսել, «Հեղինակի ներկայության նշանները տեքստում» թեման էր: Այս էսսեում ես դա արեցի, որովհետև անմիջական մասնակիցն էի գործողությունների, և իմ «ես»-ի ներդնումը տեքստում իմ ներկայության նշանն է․․․

Ծաղկաքաղ արեց Մարիամ Կարապետյանը