05.22.2025
Կատեգորիա
Գիտություն
մեղու

«Եթե մեղուներն անհետանան Երկրի երեսից, մարդուն կմնա ապրելու ընդամենը չորս տարի». այս տողերը վերագրվում են անվանի ֆիզիկոս Ալբերտ Էնշտեյնին, սակայն որևէ գիտական հիմնավորում և աղբյուր չկա, որ նա իրականում ասել կամ գրել է դա։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2017 թվականից մայիսի 20-ը նշվում է որպես մեղուների համաշխարհային օր: Այս օրը կարևոր ուղերձ է ամբողջ մարդկությանը, թե որքան կարևոր դեր ունեն մեղուները մարդկանց կյանքում և բնության մեջ:
Հայաստանում մեղվաբուծությունն ունի դարավոր ավանդույթներ, և բազմազան բուսաշխարհը բարենպաստ պայմաններ է ստեղծում մեղուների համար։ Սակայն նույնիսկ Հայաստանում մեղուների թվաքանակը տարեցտարի նվազում է, ինչը անհրաժեշտ է դիտարկել որպես լուրջ բնապահպանական ահազանգ։ 
Վերջին տարիներին մեղրի բերքատվությունը ևս բավականին նվազել է, ինչը 45 տարվա մեղվապահ Մարիամ Զաքոյանը պայմանավորում է մի շարք գործոններով.

«Ամեն ինչն ուղղակիորեն կապված է մարդկային գործոնի հետ. բնությունը բալանսի մեջ էր, մինչ այն պահը, երբ մարդն սկսեց անխնա օգտվել նրա բարիքներից և հետ չվերադարձնել, զբաղվել քիմիական արդյունաբերությամբ, աղտոտել և պատճառել մի շարք վնասներ: Մեղուների թվաքանակը քիչ-քիչ նվազում է, ինչը պայմանավորված է և՛ կլիմայական մի շարք գործոններով, և՛ հիվանդություններով, օրինակ՝ վարրոատոզը, որը վերջերս շատ է տարածվել, ինչի հետևանքով մեղուները հետ են զարգանում և սատկում են, և՛  ինտերնետի տարածած ճառագայթներով»,- պատմում է Զաքոյանը:

Մեղուների համար բարենպաստ պայմաններ են ստեղծում խոնավ և տաք եղանակները, քանի որ ցուրտ եղանակներին նրանք չեն կարողանում դուրս գալ փեթակներից և օգտագործում են իրենց հավաքած ծաղկափոշու պաշարը: Այդ պատճառով մեղվապահները, որպես կանոն, փեթակները տարբեր եղանակներին տեղադրում են տարբեր մարզերում՝ փորձելով բարձրացնել բերքատվության մակարդակը:

մեղու

Գյուղատնտեսական փորձագետ Աշոտ Հարությունյանը վստահեցնում է, որ մեղուները, բացի մեղվամթերք արտադրելուց, ավելի կարևոր նշանակություն ունեն: Նրանք էկոհամակարգի կարևորագույն մասնիկն են, քանի որ խաչաձև փոշոտում ունեցող բույսերն իրենց փոշոտումն իրականացնում են քամու և միջատների շնորհիվ՝ մասնավորապես մեղուների: Հետևաբար, շատ մշակաբույսերի բերքատվության մակարդակն ուղղակիորեն կապված է մեղուների հետ:

«Մեղուների ոչնչացման դեմ պայքարը դժվարին գործընթաց է, քանի որ մենք անզոր ենք բնության դեմ: Սակայն մեզանից յուրաքանչյուրս պետք է մտածի, որ բնապահպանական իր ցանկացած քայլով աջակցում է մեղուների թվաքանակի ավելացմանը, քանի որ ամբողջ էկոհամակարգը շղթայված է: Իսկ ինչ վերաբերում է մեղվապահներին՝ հիվանդությունների դեմ պայքարի պրոֆիլակտիկ քայլերը պետք է շարունակեն, հեռու պահեն մեղվափեթակները թունաքիմիկատներից, փորձեն ապահովել բավարար ջերմաստիճանային պայմաններ: Վերջերս նաև փորձեր ենք իրականացրել նոր մեղվատեսակներ ներկրել Հայաստան, սակայն կլիմայական տարբերության պատճառով չեն կարողանում ադապտացվել»,-նշում է Հարությունյանը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն՝ կան շուրջ 100 տեսակի մշակաբույսեր, որոնք ապահովում են սննդի 90%-ը, իսկ այդ տեսակներից 71-ի փոշոտումն իրականացվում է մեղուների կողմից։ 

 

Լուսանկարները գեներացվել են Արհեստական բանականության միջոցով

Վարդուհի Մազմանյան