05.23.2025
Կատեգորիա
Առողջապահություն
պլաստիկ վիրաբույժ

Վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունները դարձել են ավելի հասանելի և տարածված։ Մարդիկ տարբեր պատճառներով դիմում են պլաստիկ վիրաբույժներին՝ արտաքին տեսքը շտկելու, ինքնավստահությունը բարձրացնելու կամ առողջական խնդիրներ լուծելու համար։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք պլաստիկ վիրաբույժ Իռեն Ռաֆաելովայի հետ և փորձել ենք գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները, հասկանալու՝ թե ինչու է պլաստիկ վիրաբուժությունը այդքան տարածված, ի՞նչ ռիսկեր ունի և ինչպե՞ս պետք է ճիշտ կայացնել այդ որոշումը։

Ինչո՞ւ է պլաստիկ վիրահատությունը թրենդային։

-Պլաստիկ վիրահատությունները վերջին տարիներին մեծ տարածում են գտել, քանի որ հասարակության մեջ գեղեցկության ստանդարտները փոխվել են և շարունակում են փոփոխության ենթարկվել։ Մարդիկ ավելի շատ են կարևորում իրենց արտաքին տեսքը։ Բացի այդ, մեդիան մեծ ազդեցություն է թողնում մարդկանց սեփական անձի ընկալման վրա՝ խթանելով կատարյալ տեսքի մասին պատկերացումները։

-Որո՞նք են ամենատարածված պլաստիկ վիրահատությունները։

-Ամենատարածված վիրահատությունները ներառում են ռինոպլաստիկան (քթի վիրահատություն), մամոպլաստիկան (կրծքի մեծացում կամ փոքրացում), լիպոսակցիան (ճարպի հեռացում) և բլեֆարոպլաստիկան (կոպերի ձևափոխում)։ Բայց տենդենսները փոխվում են, և կարող ենք ասել, որ ապագայում այս վիրահատական միջամտությունները կդառնան սովորական։

-Ինչո՞վ է պայմանավորված այս վիրահատությունների պահանջարկի աճը։

-Պահանջարկի աճը պայմանավորված է սեփական գեղեցկությունը ընդգծելու միտումով, բայց շատերը մի կողմ են դնում այդ հանգամանքը և ինքնավստահությունը բարձրացնելու ցանկության պատճառով կորցնում են անհատականությունը։ Ես ինքս նման վիրահատական միջամտություններ չեմ իրականացնում, քանի որ սխալ եմ համարում։

-Ի՞նչ առողջական խնդիրների կարող է հանգեցնել պլաստիկ վիրահատությունը։

-Յուրաքանչյուր վիրահատություն ունի իր ռիսկերը։ Օրինակ՝ լիպոսակցիան կարող է հանգեցնել մաշկի անհամաչափության, իսկ ռինոպլաստիկան՝ շնչառական խնդիրների, եթե ճիշտ չի կատարվում։ Բացի այդ, յուրաքանչյուր հաճախորդի մաշկ տարբեր է լինում, ուստի վերջնական արդյունքին հասնելը մի փոքր երկարում է։ Շատ այցելուներ վիրահատությունից հետո չեն հետևում բժշկի ցուցումներին և բախվում են հետվիրահատական խնդիրների, օրինակ՝ հիգիենան չեն պահպանում, սխալ դիրքով են քնում և այլն։

-Մինչ վիրահատությունը վիրահատվողի հետ զրույց ունենու՞մ եք։ Ի՞նչ վախեր են ունենում։

-Այո, վիրահատությունից առաջ պարտադիր անցկացնում ենք խորհրդատվություն՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ ունի հիվանդը։ Եթե հասկանում ենք, որ իրար համար չենք ստեղծված, դադարեցնում ենք հետագա աշխատանքները․ ինչպես նշեցի, ես բնական գեղեցկությունը ընդգծելու կողմնակից եմ։ Շատերը վախենում են ցավից, բարդություններից, բայց անեսթեզիոլոգի հետ հանդիպելուց հետո, ինձ հետ խորհրդակցելուց հետո հոգեպես հանգստանում են։

-Եղե՞լ են դեպքեր, երբ հասկացել եք, որ վիրահատության իմաստը չկա։

-Այո, երբեմն հիվանդների խնդիրը ոչ թե ֆիզիկական է, այլ հոգեբանական։ Եթե ինչ-որ մեկը վիրահատություն է ուզում միայն համացանցային ոչ ուղիղ ճնշման պատճառով կամ ունի անիրատեսական ակնկալիքներ, խորհուրդ ենք տալիս նախ խորհրդակցել հոգեբանի հետ։ Նման դեպքերում վստահ եմ, որ անգամ կատարյալ աշխատանքի դեպքում դժգոհություններ լինելու են, քանի որ խնդիրը ոչ թե արտաքինի ընկալումն է, այլ՝ ներքինի։

-Ձեր պրակտիկայում ո՞ր վիրահատություններն են եղել առավել դժվար կամ հիշարժան։

-Ամենաբարդ վիրահատությունները կապված են եղել նախորդ անհաջող վիրահատությունների շտկման հետ։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ քթի վիրահատության անհաջող միջամտությունից հետո հիվանդը շնչառական խնդիրներ է ունեցել, և մենք ստիպված ենք եղել վերականգնել ոչ միայն արտաքին տեսքը, այլև ֆունկցիոնալությունը։ Իսկ հիշարժան դեպքերից նշեմ, որ հաճախորդնեիրցս մեկի հետ զրույցի ժամանակ փորձեցի պարզել՝ արդյոք ունի ընտանի կենդանի, վտանգից խուսափելու համար, նշեց՝ այո՝ ձուկ։

-Վիրահատությունից հետո եղե՞լ է, որ վիրահատվողի ակնկալիքները չարդարանան։

-Ցավոք, երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդը պատկերացրել է ավելի մեծ փոփոխություն, որը չէր համապատասխանում իր դիմագծերին։ Այդ պատճառով շատ կարևոր է նախապես մանրամասն քննարկել հնարավոր արդյունքները՝ հաշվի առնելով անհատական պատկերացումները և դիմագծերը։

-Ի՞նչ դեր ունի վիրահատությունից հետո վերականգնողական շրջանը։

-Վերականգնման շրջանն ուղղակիորեն ազդում է արդյունքի վրա։ Եթե հիվանդը չի հետևում բժշկի ցուցումներին, օրինակ՝ ծխում է կամ չի խնամում վիրահատված հատվածը, դա կարող է ազդել ապաքինման ընթացքի վրա։ Հետագայում սովորական, փոքրիկ անփութությունը կարող է հանգեցնել կրկնակի վիրահատության։

-Ինչպե՞ս եք վերաբերվում հանրային արձագանքին։

-Հանրության արձագանքը հաճախ հակասական է։ Որոշ մարդիկ ընդունում են պլաստիկ վիրահատությունները որպես նորմալ ինքնախնամք, իսկ մյուսները քննադատում են։ Երբեմն հիվանդները նույնիսկ իրենց ընտանիքի անդամներին դեմ գնալով են վիրահատություն կատարում, ինչը հոգեբանորեն դժվար է նրանց համար։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր մտածում են կատարել պլաստիկ վիրահատություն։

-Նախևառաջ, խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել վիրաբույժին, հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեք և ինչ կարող է Ձեզ տալ վիրաբույժը, համոզվել, որ վիրահատության որոշումը կայացրել եք Դուք՝ Ձեզ համար, այլ ոչ թե հասարակության ակնկալիքները արդարացնելու համար։

-Արդյոք պլաստիկ վիրահատությունները ապագայում ևս կմնան թրենդային։

-Կարծում եմ՝ այո։ Քանի որ տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, վիրահատությունները դառնում են ավելի անվտանգ և մատչելի, իսկ մարդիկ շարունակում են ձգտել կատարելության։
 

Հեղինե Սարգսյան