
Դալարիկի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը, լինելով սովորական գյուղական կրթօջախ, առանձնանում է այն մարդկանցով, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել այստեղ գիտելիք տարածելու և արժեքներ սերմանելու համար։ Այդպիսի ուսուցիչներից մեկն, ով իրական ազդեցություն է թողել ինձ և ինձ նման աշակերտների վրա, Անի Խարաջանյանն է՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս։
Անի Խարաջանյանն իր աշխատանքում աչքի է ընկնում բացառիկ խառնվածքով․ նա միաձուլում է խստությունը և սիրո դրսևորումը։ Նա դասերի ընթացքում երբեմն պահանջկոտ է, բայց դա միշտ էլ միտված է աշակերտների լավագույն արդյունքների հասնելուն։ Գիտելիքը երբեք մեխանիկական չի մատուցում, պահանջում է մտածել, զգալ ու վերլուծել: Նոր մեթոդների կիրառումը, կենդանի խոսքը, գրականության աշխարհ մտնելու ոգևորությունը, դասերը վերածում են հետաքրքիր արկածի։
Իր ուսուցչական ճանապարհի մասին պատմելիս՝ Ա. Խարաջանյանը հիշում է. «Երբ նոր էի սկսում դասավանդել, մի աղջիկ ինձ ասաց՝ ընկեր Խարաջանյան, Դուք մի տեսակ ուրիշ եք։ Այդ բառերն ինձ ուղեկցում են տարիներ շարունակ։ Ես խստապահանջ եմ։ Ոչ թե որովհետև սիրում եմ կարգուկանոնն ինքնին, այլ որովհետև հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կա հնարավորության մի բեկոր, որը պետք է սրել ու փայլեցնել։ Հավատացել եմ միշտ, որ սիրո և հարգանքի առանցքային տեղը կրթության մեջ չպետք է կորի։ Հենց դրա համար երբեմն լռել եմ՝ տալով աշակերտին մտածելու, զգալու, սխալվելու ու աճելու հնարավորություն»:
Նրա ազդեցությունը մեր զարգացման վրա անցնում է ակադեմիական շրջանակներից։ Խարաջանյանը ոչ միայն փոխանցում է լեզվական և գրական հմտություններ, այլև ձգտում է դաստիարակել պատասխանատու, հայրենասեր և ազնիվ անհատներ։ Նա մեզ սովորեցնում է ապրելու մի բանաձև. «Ապրիր այնպես, որ քո խոսքը լինի ճիշտ, լռությունը՝ արժեքավոր, և կյանքդ՝ պատվաբեր»։ Նրա հորդորն է՝ կարևորել կյանքում մանրուքները, հավատալ սեփական ուժերին և լինել հետևողական ընտրած ճանապարհի հանդեպ։
Չնայած ակնհայտ ձեռքբերումներին՝ ուսուցչի ճանապարհն էլ հեշտ չի եղել։ Երբեմն չափազանց բարձր պահանջները դժվարությամբ են ընկալվել մյուս աշակերտների կողմից։ Սաներից շատերը հշում են այն պահերը, երբ խստության և հուզական բորբոքումի սահմանը առերեսվել են։ Բայց նրա բարկությունը գալիս է հոգատարությունից, սպասումներից, հավատից և հաճախ՝ անհանգստությունից: Այդ բոլորը կերտում են նրան որպես ուսուցչի, ով ոչ միայն մեր գիտելիքների ճանապարհը, այլև մեր մտածելակերպն է ուղղորդել դեպի ճշմարիտը։ Նրա ազդեցությունը դուրս է գալիս դպրոցական կյանքի սահմաններից, և այդ ազդեցությունն այսօր էլ կենդանի է նրանց կյանքում, ում կրթական ճանապարհին նա կանգնել է որպես գիտելիքի, հավատքի և արժանապատվության ուղեցույց։ Նրա ներկայիս աշակերտներից շատերը, արդեն գիտակցելով այդ ամենի արժեքը, խոսում են նրա մասին հիացմունքով ու հարգանքով։
«Ընկ. Խարաջանյանն ինձ համար ուսուցչի այն «իդեալն» է, որին ձգտում են հասկանալ, լսել, վստահել ու նմանվել», - ասում է Սվետա Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ուսուցչուհու մեջ համախմբված են պահանջկոտությունը, արդարամտությունը և սերը աշակերտի հանդեպ։ «Նրա խոսքը դաս է՝ թե՛ լեզվական, թե՛ բարոյական իմաստով», - հավելում է նա։
Ցողիկ Տոնոյանը ընդգծում է Անի Խարաջանյանի և՛ մանկավարժական, և՛ մարդկային հատկանիշները։ «Որպես մանկավարժ՝ շատ գիտակ, խելացի, իր աշխատանքին տիրապետող, պահանջկոտ ու խիստ է, բայց միևնույն ժամանակ շատ մարդամոտ և ընկերական։ Իսկ որպես մարդ՝ ընտանիքի լավ մայր, լավ կին, ուշադիր, հոգատար ու նվիրված է», – ասում է նա։
Ուսուցչի կերպարի առանձնահատկությունները նկատելի են նաև գործընկերների գնահատականներում։ «Անիի համար կարևորը ոչ միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաև այն, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն ներուժը, որը թաքնված է։ Նա կարող է միաժամանակ լինել պահանջկոտ ու հոգատար՝ չզիջելով սկզբունքները», – ասում է նրա գործընկերներից մեկը։ «Իսկ եթե պետք է խոսել նրա մեծագույն ուժից, դա մարդկային մոտեցումն է»,- հավելում է նա։
Անի Խարաջանյանի դասերը ինձ համար ավարտվեցին տարիներ առաջ, բայց խոսքերը և լռության մեջ թաքնված իմաստները դեռ ապրում են իմ մտքերում։ Այն, ինչ նա ինձ տվեց, չի կորել ժամանակի հոսքի մեջ. այն վերածվել է ներքին սյուների, որոնց վրա հենվում եմ ամեն օր, երբ իմ սեփական ճանապարհներն եմ որոնում։
Նա մեզ սովորեցրեց, որ ճշմարիտ լեզուն ոչ միայն շուրթերին հնչող բառերն են, այլև սրտի լռությունը, որն ամենահասանելի լեզուն է աշխարհում։ Եվ այդ լռությամբ նա այսօր էլ շարունակում է բարձր խոսել մեր ներսում․․․