
Փոքր և միջին բիզնեսները (ՓՄԲ) Հայաստանի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն խթանում են զբաղվածության աճն ու տեղական արտադրությունը, այլև մեծապես նպաստում են համայնքների տնտեսական ակտիվացմանը։ Վերջին տարիներին նկատվում է որոշակի աճ ՓՄԲ-ների թվաքանակում և գործունեության ծավալում, սակայն ոլորտը շարունակում է բախվել մի շարք կառուցվածքային և գործառնական խնդիրների։
Ամալյա Մարգարյանը, ով զբաղվում է ձեռագործ տիկնիկների պատրաստմամբ և պատրաստվում է բիզնես հիմնել, կիսվում է իր մտահոգություններով.
«Բիզնես սկսելու ցանկությունս մեծ է, բայց այս պահին մտավախություններ ունեմ, քանի որ մարդիկ նախընտրում են Չինաստանից կամ օնլայն խանութներից ավելի մատչելի խաղալիքներ պատվիրել։ Բիզնես սկսելու համար ներդրում է պետք, բայց Հայաստանի պայմաններում հաճախ բիզնեսդ սկսում ես՝ ունենալով 0 դրամ»։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործում է շուրջ 70.128 գրանցված կազմակերպություն, որոնցից մոտ 84%-ը փոքր ձեռնարկություններ են՝ այսինքն՝ 9-ից պակաս աշխատակից ունեցող բիզնեսներ։ Տնտեսական գործունեության ոլորտներով՝ ՓՄԲ-ների մեծ մասն զբաղվում է մանրածախ առևտրով, արտադրությամբ և տեղեկատվական տեխնոլոգիաներով։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են ՓՄԲ-ները.
«Առաջին խնդիրը մրցունակ գաղափարների պակասն է. առաջարկները հաճախ բավարար հետաքրքիր չեն, որ գրավեն սպառողին։ Երկրորդը՝ կադրերի պակասն է. մեծ բիզնեսները լավ աշխատավարձով հրապուրում են որակյալ մասնագետներին։ Երրորդը և ամենակարևորը՝ հարկային քաղաքականությունն է. այս տարվանից ՓՄԲ-ները վճարում են ավելի շատ հարկ, ինչի հետևանքով շատերը պարզապես կփակվեն։ ՓՄԲ-ների զարգացման համար պետք է որոշ սահմանափակումներ սահմանել մեծ բիզնեսների համար, քանի որ դրանք կլանում են փոքրերին»։
2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց թվայնացման ռազմավարություն, որի նպատակն է մինչև 2025 թվականը բարելավել ՓՄԲ-ների տեխնոլոգիական կարողությունները և խթանել թվային գործիքների կիրառումը։ Բացի այդ, գործում են մի շարք պետական ծրագրեր՝ ուղղված սկսնակ բիզնեսների վարկավորմանը, խորհրդատվական աջակցությանը և մենթորինգին։
Լևոն Ամիրզյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է մեղվապահությամբ և իր հոբբին վերածել է բիզնեսի, պատմում է.
«Բիզնես վարելն այդքան էլ հեշտ չէ։ Հաճախ բախվում ես տնտեսական դժվարությունների, բայց եթե ունես հավատարիմ հաճախորդներ, որոնք վստահում են
քեզ ու քո արտադրանքին, ամեն խնդիր լուծելի է։ Պետությունն էլ եթե աջակցի ՓՄԲ-ներին, ամեն ինչ ավելի հեշտ կլինի»։
Չնայած ոլորտում արձանագրված առաջընթացին՝ ՓՄԲ-ները շարունակում են բախվել մի շարք կառուցվածքային և գործնական դժվարությունների, ինչպիսիք են՝
• Վարկավորման սահմանափակ հասանելիությունը, հատկապես միկրոձեռնարկությունների և ստարտափների համար,
• Իրավաբանական բարդ ընթացակարգերը, որոնք խոչընդոտում են գրանցման, արտոնագրային և հարկային գործընթացները,
• Թվային հմտությունների պակասը, ինչը սահմանափակում է շուկայում մրցունակությունը։
Հայաստանում փոքր և միջին բիզնեսների ոլորտը շարունակում է զարգանալ, սակայն կայուն և մրցունակ դառնալու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։ Պետական աջակցությունը պետք է դառնա առավել նպատակային՝ շեշտը դնելով թվայնացման խթանման, կրթական ծրագրերի ներդրման և վարկային համակարգի ավելի ճկուն գործելաոճի վրա։ Միայն այս պայմաններում ՓՄԲ-ները կկարողանան լիարժեք մասնակցել երկրի տնտեսական առաջընթացին։