
«Իմ որդին տուն է գալիս ոչ թե գնահատականով, այլ հարցերով։ Դա ինձ ավելի է ուրախացնում, քան գերազանց գնահատականները», - ասում է Արփի Մարտիրոսյանը, երեք երեխաների մայր, ով վերջին տասը տարում հասցրել է փոխել ծնողների ՝ կրթության մեջ ունեցած դերի մասին իր պատկերացումները։
Ծնողի դերը երեխայի կրթական կյանքում վաղուց արդեն դուրս է եկել դասարանի և տնային առաջադրանքների ստուգման սահմաններից։ Այժմ այն ներառում է թե՛ հոգեբանական աջակցություն, թե՛ կողմնորոշում, թե՛ միջավայրի ապահովում, որտեղ սովորելը դառնում է ոչ թե պարտականություն, այլ հետաքրքիր գործընթաց։ Սակայն արդյոք բոլոր ծնողները գիտակցում են այս փոփոխությունը, և ինչպե՞ս է այն ազդում երեխաների կրթական հաջողությունների վրա։Եթե ժամանակին ծնողի դերը դպրոցում հիմնականում սահմանափակվում էր ուսուցչի հետ ընդհատակից շփումով, ապա այսօր նա կրթական միջավայրի լիիրավ գործընկեր է։ Այս փոխակերպումը՝ ավանդական պասիվ վերահսկողից դեպի ակտիվ աջակցող ու երբեմն նաև համահեղինակ, ոչ միայն ժամանակի թելադրանք է, այլև համաշխարհային կրթական համակարգերի զարգացման անբաժան մաս։ Բայց ինչպե՞ս է այդ փոփոխությունն ընթանում Հայաստանում։ Որքա՞ն պատրաստ են մեր ծնողները կրթության այս նոր իրականությանը, և ի՞նչ դեր ունեն այսօր նրանք աշակերտի կրթական ճանապարհին։
Այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, քանի որ ծնողի դերը կրթության մեջ միաժամանակ բախվում է ինչպես դրական վերաիմաստավորման, այնպես էլ մարտահրավերների։ Հայաստանյան դպրոցներում ծնողի ներկայությունը գնալով մեծանում է՝ թե՛ ծնողական ժողովների, թե՛ առցանց հարթակների և թե՛ անհատական հանդիպումների միջոցով։ Այս գործընթացն ունի ինչպես փաստացի, այնպես էլ հուզական կողմեր։
Կրթության ոլորտի ներկայացուցիչ Մարիամ Ղազարյանը նշում է. «Դպրոցն այլևս չի կարող գործել ծնողից առանձին։ Երեխայի առաջընթացը սկսվում է նրանից, թե որքանով է ընտանիքն աջակցող, համահունչ և ներգրավված»։ Նրա դիտարկմամբ՝ ծնողի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն վերահսկողությամբ, այլ ներառում է որոշումների համատեղ քննարկում, հոգեբանական աջակցություն և երեխայի հաջողության ընդհանուր պատկերացում։
Դալարիկի դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Մ․-ի փորձը վկայում է, որ ծնողների ներգրավվածությունն ունի նաև հակառակ կողմը. «Երբեմն ծնողները գերակտիվանում են՝ առանց հասկանալու ուսուցչի դերը։ Նրանք երբեմն փորձում են ազդել գնահատման, դասավանդման մեթոդների վրա կամ ուղղակի մտնում են մանկավարժի գործառույթի դաշտ»։
Այս տեսակետը հաստատում է նաև հարցման արդյունքը, որն անցկացվել է հոդվածի շրջանակում՝ ընդգրկելով ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ։ Հարցվածների 87.8%-ը ծնողին տեսնում է որպես «ուղեկից և համախոհ», ինչը վկայում է, որ ծնողի դերը հստակորեն ընկալվում է որպես մասնակից ։ Միևնույն ժամանակ, 85.4%-ը համոզված է, որ ծնողի ներգրավվածությունը «մեծապես ազդում է կրթության որակի վրա»։ Բայց հարցվածների 31.7%-ը նշել է, որ վերջին տարիներին ծնողները դարձել են անտարբեր։ Սա արդեն խոսում է համահունչ քաղաքականության պակասի և որոշ ծնողների կողմից համակարգից օտարման վտանգի մասին։
Ծնող Լիանա Սուքիասյանի պատմությունը հստակ օրինակ է այդ ներգրավվածության. «Երբ դուստրս դպրոց էր սկսում հաճախել, ես չէի ուզում կրկնել մորս օրինակն ու պարզապես նստել կողքին։ Ես որոշեցի ինքս սովորել՝ նրա հետ միասին։ Մենք ընթերցում էինք միասին, քննարկում դասերը։ Այդպես երեխաս սկսեց դասերը սիրել ոչ թե պարտականության, այլ գործընթացի տեսանկյունից»։Տվյալ պատմությունը լուսաբանում է ծնողի դերի փոխակերպումը՝ հոգեբանական ուղեկից, ոչ թե վերահսկող։ Բազմաթիվ ծնողներ այսօր փորձում են լինել երեխայի ընկեր, լսող ականջ և օրինակ՝ սեփական վարքով։ Սա այն մոդելն է, որը կրթության տեսաբանները վաղուց են առաջ քաշում՝ որպես «ընտանեկան կրթական միջավայր» հասկացության հիմք։ Բայց որքան էլ այս մոդելը իդեալական հնչի, այն իրականություն դառնալու համար անհրաժեշտ են մի քանի հիմնական պայմաններ՝ դպրոց-ծնող հարաբերությունների թափանցիկություն, ուսուցիչների վերապատրաստում ծնողների հետ հաղորդակցության թեմայով, և ամենակարևորը՝ կրթության արժևորում հասարակության մակարդակով։
«Երբ ծնողը մասնակցում է կրթական գործընթացին, երեխան իրեն տեսնում է որպես արժեքավոր մասնակից, ոչ թե միայն պահանջների ենթարկվող», - ասում է մանկավարժ Սիրանուշ Ա․-ն։ Նրա կարծիքով, երբ ծնողն ու ուսուցիչը խոսում են նույն լեզվով, երեխան աճում է միջավայրում, որտեղ կրթությունն արժեք է, ոչ թե փորձություն։ Սակայն հակառակ երևույթներն էլ քիչ չեն։ Որոշ ծնողներ կրթության նկատմամբ իրենց մոտեցումները չեն փոխում ժամանակի հետ։ Նրանք շարունակում են կենտրոնանալ միայն գնահատականների վրա՝ անտեսելով երեխայի հուզական զարգացումը։ Իսկ դպրոցները հաճախ չունեն բավարար ռեսուրս ծնողների կրթության և իրազեկման համար։ «Երբ ծնողը չի հասկանում, որ կրթությունը հուզական, սոցիալական և ճանաչողական ներդաշնակ գործընթաց է, ապա նա երեխայի համար դառնում է ոչ թե աջակցող, այլ ճնշող գործոն», - նշում է հոգեբան Լիլիթ Հակոբյանը։
Հոդվածում վերլուծված հարցման արդյունքները ևս փաստում են, որ ծնողների հիմնական ակնկալիքը դպրոցից հոգեբանական աջակցությունն է։ Հարցվածների ավելի քան կեսը նշել է, որ ծնողի կարևորագույն դերը հոգեբանական կայունությունն ապահովելն է։ Սա փոխում է կրթության շուրջ ձևավորված ավանդական պատկերացումները, որտեղ գերակայում էր «սովորի՛ր, որպեսզի առաջ գնաս» մոտեցումը։ Այժմ այն փոխարինվում է՝ «զարգացիր՝ որպես ամբողջական անհատ» մտածողությամբ։
Այսօր ծնողը դարձել է թե՛ կրթության շահառու, թե՛ մասնակից, թե՛ պատասխանատու։ Այդ պատասխանատվությունը չի կարող մնալ միայն անհատի ուսերին։ Պետական կառույցները, դպրոցները և համայնքները պետք է սկսեն գործել համատեղ, այս խնդրի՝ ծնողին աջակցելու, իրազեկելու և կրթական գործընթացում ներգրավելու ուղղությամբ։ Կրթված, մտածող, ստեղծարար սերունդը ձևավորվում է այնտեղ, որտեղ ծնողն ունի իր տեղը՝ վստահությամբ, գիտակցությամբ և գործընկերությամբ։