06.13.2025
Կատեգորիա
Դիմանկար
Սամվել

Սամվել Ավետիսյանն է։ Ապրում է կամքի, սիրո և ուժի եռանկյունում՝ առաջ գնալով ոչ թե քայլերով, այլ՝ ապրելով։

Սամվելի մանկության օրերն անցել են բակային խաղերի, արկածների և անկարգությունների կիզակետում։ Մանուկ հասակում ընտանիքը Սամվելին առանց շարժի չի տեսել։ Հաճախ են նկարագրել նրան որպես «սնդիկ»․ միշտ բակային խաղերի կենտրոնում՝ աշխույժ, ակտիվ, անկարգ։ Մանկության ամենավառ հիշողություններից մեջբերում է․

«Շատ եմ սիրել ավտոմեքենաներ։ Դեռ մանկուց դրանց հանդեպ սերը կարծես ուղի դառնար՝ դեպի ապագա։ Փոքր ժամանակ հայրիկիցս թաքուն վերցրել էի իր ավտոմեքենայի բանալիները և գնացել վարելու։ Իսկ երբ հայրս երկրում չէր՝ ավտոմեքենան բացելու այլ հետաքրքիր միջոցներ էի գտնում, շարժի դնում այն և վարում»։

Սամվելի առօրյան տանը գրեթե չի անցնում։ Այցելում է մարզասրահ, նկարահանում է հոլովակներ և հրապարակում սոցիալական հարթակներում․ դա Սամվելի օրվա սիրելի հատվածն է։ Ընթերցանությունը, երաժշտությունը չեն պակասում զբաղմունքների շարքից։ Ունի երաժշտական զվարճալի կարողություններ․ երբ երգում է, շրջապատի մարդկանց երեսին ժպիտ ու ծիծաղ է առաջացնում։

2012 թվականը Սամվելի կյանքում շրջադարձային է եղել․

«Արթնացա ու հասկացա, որ չեմ զգում ոտքերս: Ամեն բան պարզ էր: Գիտակցեցի, ընդունեցի, հասկացա` կյանքը պիտի նոր ձևով սիրեմ ու նոր ձևով առաջ գնամ»,- ասում է Սամվելը: Նա շարունակելում է կյանքի այս շրջանը հայրենիքից դուրս՝ Գերմանիայում։

Շարժման սահմանափակումները Սամվելի համար արգելք չեն հանդիսանում: Նա խնդիրը վերածում է նոր հնարավորության՝ վերարժևորելով և սիրելով այն ավելի շատ։ Ապացուցում է, որ ուժեղ լինելու համար հարկավոր չէ վազել, բավական է պարզապես կանգուն մնալ, նույնիսկ կյանքում ամենաանհաղթահարելի թվացող մարտահրավերների ժամանակ:

Չնայած շարժման սահմանափակման առկայությանը՝ Սամվելը չի կորցրել մանկության տարիների եռանդն ու աշխուժությունը։ Նա շարժվում է արագ, շարժվում է մտքով, սրտով ու հոգով։ Երբեմն շարունակում է զբաղվել մանկության նախասիրությունով՝ մեքենաների նորոգմամբ ու ուսումնասիրությամբ, բացահայտում է նոր երկրի թաքնված քաղաքներն ու հատվածները։

Կյանքի ներկայիս փուլը Սամվելը միայնակ չի անցնում․ կողքին է կինը՝ Լիլիան։ Առօրյա ակտիվության հետ մեկտեղ չի դադարում նաև օգնել կնոջը կենցաղային հարցերում։ Կինը հիացմունքով պատմում է․

«Դեռ այն ժամանակ, երբ ես չէի տեղափոխվել Գերմանիա, նա յուրաքանչյուր խնդրի լուծումը, կլիներ դա կենցաղային, թե ոչ, կարողացել է գտնել։ Սամվելը չի դադարում ամեն անգամ ինձ էլ ավելի հիացնել ու զարմացնել իր եռանդով ու կամեցողությամբ։ Կարող ենք երեկոյան նստած լինել ու որոշել՝ վաղը լուսաբացին գնում ենք կայարան ու շարժվում բացահայտելու Գերմանիայի մյուս քաղաքը»։

Սամվելի և իր պատմությունը պատմելիս հոգին ու սիրտը վառվում են երջանկությամբ։ Ծիծաղը երեսին պատմում է Սամվելի արկածների մասին․

«Ամեն անգամ Սամվելի աչքերը տեսնելիս հասկանում էի՝ նա է, ում փնտրել եմ․ տեսնում էի իր կամքի ուժը, իր հավատը՝ անկախ իրավիճակի առկայության, իսկ ինքն իմ աչքերում տեսնում էր մի փոքրիկ աղջնակի։ Ամենաշատը ուրախանում եմ այն ժամանակ, երբ նկատում է իմ տրամադրության անկումները և ջանք չի խնայում բարձրացնել այն, հատկապես՝ երգելով»։

Սամվելի կյանքի շրջադարձային փոփոխություններն ու դրանց հաղթահարումը փաստն են այն մասին, որ կյանքի հանդեպ սերն ու հավատը չեն սահմանափակվում ֆիզիկական հանգամանքներով․ ուժեղ լինելու գաղտնիքը ոչ թե մարմնի մեջ է, այլ՝ հոգու, իսկ թե ինչ տեսք ունի կամքի ուժը, պատասխանը մեկն է՝ Սամվել։

Անի Սայադյան