
Երևանը երկար տարիներ բախվում է կանաչ տարածքների նվազման խնդրին։ Քաղաքի զարգացման գործընթացում հաճախ գերակա են համարվում շինարարական շահերը, ինչի հետևանքով կանաչ գոտիները աստիճանաբար զիջում են իրենց տեղը բազմաբնակարան շենքերին, բիզնես կենտրոններին և ավտոկայանատեղիներին։
Ըստ տարբեր գնահատականների և պաշտոնական աղբյուրների՝ Երևանի կանաչ տարածքների մակերեսը տարեցտարի նվազում է։
Բնակչության մեծ մասն օգտվում է Երևանի կանաչ տարածքներից՝ զբոսնելու, հանգստանալու կամ երեխաների հետ ժամանակ անցկացնելու նպատակով։ Ի պատասխան հարցվածների` 39.3%-ը նշել է, որ այգի այցելում է շաբաթական մի քանի անգամ, 26.9%-ը՝ հազվադեպ, իսկ 16.4%-ը՝ ամեն օր:
Երևանի կանաչ տարածքների վիճակի վերաբերյալ 50.7%-ը այն գնահատել է միջին, 19.9%-ը՝ լավ, իսկ 17.9%-ը՝ վատ։
Երևանի այգիներում և զբոսայգիներում առկա են մի շարք խնդիրներ, որոնք քաղաքացիների դիտարկմամբ նվազեցնում են տարածքների օգտագործելիությունն ու գրավչությունը։ Հարցվածների 71%-ը նշել է, որ կանաչ գոտիներում աղտոտվածությունը շատ է, 44%-ի կարծիքով՝ կանաչ տարածքների պակաս կա, 32%-ը նշել է, որ ծառերն ու բույսերը խնամված չեն, իսկ 18%-ը փաստել՝ տարածքներն այնքան մարդաշատ են, որ առաջացնում են գերբնակեցվածության խնդիր։
Հարցվածների 64.2%-ը կարևորում է քաղաքացիական մասնակցության դերը կանաչ տարածքների պահպանման և վերականգնման գործում։
Ներկայացված կարծիքների համաձայն՝ կանաչ տարածքների պակասը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես մարդկանց հոգեկան առողջության, այնպես էլ ֆիզիկական վիճակի վրա։ Բնակչության 83.6%-ի կարծիքով՝ կանաչ տարածքների պակասի հետևանքով կբարձրանա օդի աղտոտվածության մակարդակը, 50.2%-ը նշում է, որ առողջական խնդիրները և սթրեսը կշատանան, 36.3%-ը կարծում է, որ կբարձրանա ջերմաստիճանը և քաղաքում շոգ կլինի, իսկ քչերն ընդհանրապես չեն տեսնում կոնկրետ վտանգներ։
Բնապահպան Նազելի Վարդանյանի պնդմամբ՝ այս միտումը հանգեցնում է էկոլոգիական հավասարակշռության խախտման։ Նրա կարծիքով` կանաչ գոտիները ոչ միայն էսթետիկ կամ հանգստի տարածքներ են, այլ նաև կենսական նշանակություն ունեն օդի մաքրման, միկրոկլիմայի կարգավորման և բնակչության առողջության պահպանման հարցում:
«Ծառահատումների խնդիրը մեր օրերում, ցավոք, շատ տարածված է։ Անկասկած, կան դեպքեր, երբ ծառերը պետք է հատվեն, խոսքը վերաբերում է հիվանդ, չորացած, փչացած կամ անկման վտանգ ներկայացնող ծառերին։ Այդպիսի պարագաներում հատումը անհրաժեշտություն է, և մենք երբեք չենք վիճարկում դա։ Սակայն մտահոգիչ է այն, երբ կատարվում են մասսայական ծառահատումներ՝ փողոց առ փողոց, որոնց ընթացքում ոչ թե վտանգավոր, այլ նաև առողջ ծառեր են կտրվում։ Սա արդեն սխալ է։ Ավելին՝ դրանց փոխարեն հիմնականում տնկվում են ոչ էնդեմիկ, ներմուծված ծառատեսակներ, որոնք չունեն սաղարթ։ Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք՝ հոդվածներ հրապարակելով, հանրային ելույթներ ունենալով։ Դրանք մեզ համար անընդունելի են, քանի որ Երևանի աշխարհագրական դիրքը գտնվում է կիսաանապատային գոտում և պահանջում է առավել ուշադրություն կանաչապատման ընտրության հարցում։ Ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը բարձր է, ստվեր ստեղծող սաղարթավոր ծառերը դառնում են կենսական անհրաժեշտություն։ Մարդիկ հաճախ մոռանում են, որ ջերմաստիճանը չափվում է ստվերում։ Երբ ասում են՝ ստվերում 40 աստիճան է, ապա առանց ստվեր՝ ուղիղ արևի տակ, այն կարող է հասնել մինչև 70-80 աստիճանի։ Այս պայմաններում սաղարթ չունեցող ծառերի տնկումը բնապահպանական տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է։ Վերջին տարիներին նկատվում է, որ Երևանի որոշ փողոցներ ցերեկային ժամերին գրեթե դատարկ են։ Մարդիկ խուսափում են քայլել այդ տարածքներով և ընտրում են շենքերին կպած անցնել, գոնե շենքերի ստվերի տակ մնալու համար։ Սա ևս վկայում է այն մասին, թե որքան կարևոր է ստվեր ապահովող ծառերի առկայությունը մեր քաղաքում»,-նշել է Նազելի Վարդանյանը:
Քաղաքացիները գնահատել են նաև կանաչ տարածքների բարեկարգված լինելու աստիճանը։ Այն հարցին, թե արդյոք Երևանի կանաչ տարածքներն ունեն բավարար նստարաններ, լուսավորոթյուն և երեխաների համար նախատսված հարմարավետ վայրեր, հարցվածների 73.1%-ի կարծիքով որոշ հատվածներ բավարար չափով ունեն, որոշ հատվածներ` ոչ:
Երևանի քաղաքապետարանը և այլ պետական մարմիններ պարբերաբար հայտարարում են կանաչապատման ծրագրերի իրականացման մասին։ Ի պատասխան մեր հարցման` Բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացած տեղեկատվության՝ Երևան քաղաքում կանաչապատման իրականացված և իրականացվող բոլոր աշխատանքները լուսաբանվում են «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի սոցցանցերում: Ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալու համար հարկավոր է մուտք գործել նշված հղումներով։
( https://www.facebook.com/share/1YByxiVMFm/ , https://greenyerevan.am/)
Ակտիվ բնապահպան քաղաքացիներից Անի Խաչատրյանը նույնպես փորձում է պայքարել կանաչ գոտիների պահպանման համար.
«Երբ դեռ դպրոցական էի, բնապահպանական խնդիրների մասին կարճ դասընթացից հետո մտածեցի, որ շրջակա միջավայրի մասին հոգ տանելը չպետք է սահմանափակվի, դրա համար սկսեցի անդամագրվել տարբեր ակտիվիստական խմբերի։ Երևանը մարդկանց ու շինությունների ծանրությունից հյուծվում է, ուստի կարծում եմ՝ բոլորս պիտի զարկ տանք խնդիրների լուծմանն ու հատկապես մարզերի զարգացմանը։ Օրինակ՝ քայլարշավների միջոցով մենք նախաձեռնել ենք Գետառի աղտոտվածության և Երևանի ծառահատումների լուծման հարցը։ Կարծում եմ, որ Երևանի բնակչությունը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի Տեղական ինքնակարավարման մարմինների գործողություններին, ստիպի նրանց հաշվետու լինել և պահանջել, որ աշխատեն հանուն կանաչ Երևանի։ Կանաչ քաղաքը միայն գեղեցիկ չէ. այն ապահովում է մարդկանց բարեկեցությունը, խթանում արդյունավետությունն ու առողջապահությունը։ Լավ կլինի, որ ՏԻՄ-ը ավելի շատ հանրային երկխոսության հարթակներ ու իրազեկման մեխանիզմներ մշակի, ՀԿ-ներն էլ իրենց հերթին կարող են ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերել»:
Երևանի կանաչ գոտիների պահպանումը և ընդլայնումը շարունակում է մնալ հանրային շահի կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն իրական արդյունք ակնկալելու համար անհրաժեշտ է ոչ միայն ռազմավարություն և ֆինանսավորում, այլ նաև շահագրգիռ բոլոր կողմերի միջև համակողմանի ու թափանցիկ համագործակցություն։