
Ընտրությունները յուրաքանչյուր ժողովրդավարական պետության հիմքն են։ Դրանք ոչ միայն քաղաքացիներին տալիս են իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն, այլև ամրապնդում են հանրության վստահությունը պետական մարմինների, ինստիտուտների նկատմամբ։ Քաղաքացիների ազատ կամարտահայտման միջոցով ընտրվում են այն առաջնորդները, որոնք կոչված են ներկայացնելու ժողովրդի կամքը, պաշտպանելու հանրային շահը և ապահովելու պետության շարունակական զարգացումը։
2026 թվականին կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կատարված մեր սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հետաքրքիր պատկեր։ 2026թ. խորհրդարանական ընտրություններում, ըստ հարցման մասնակիցների, հավանական է, որ մրցակցությունը կծավալվի 4%-ով իշխանության, 12%-ով ընդդիմության միջև։ Հարցվողների 84%-ը չի նախընտրում ոչ մի թևին, կամ կարծում է, որ կլինեն այլ ուժեր։
Ընտրությունների վերաբերյալ մեր իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողների 51%-ը մասնակցելու է ընտրություններին, 14%-ը չի մասնակցելու, 18%-ը գուցե մասնակցի, 16%-ը դեռ չգիտի՝ կմասնակցի, թե ոչ։
Հարցվածներից ընտրություններին չմասնակցողները մեկնաբանում են՝ չեմ մասնակցում, որովհետև «չեմ վստահում ընտրական համակարգին», «չեմ հավատում, որ իմ ձայնը որևէ բան կփոխի», «չեմ կողմնորոշվում ում ընտրել»։ Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքացիների հիմնական դրդապատճառներն են՝ «քաղաքացիական պարտքի զգացումը», «քաղաքական փոփոխությունների ակնկալիքը», «նախընտրած կուսակցությանը աջակցելը»։
Ընտրություններին մասնակցելիս ընտրողները կարևորում են «թեկնածուի անձնական կերպարը», «կուսակցության գաղափարախոսությունը», «ընտրակաշառք / նյութական աջակցությունը», «պատասխանատվությունը»։
Այն հարցին, թե՝ արդյոք ընտրական արդյունքները համընկնում են ձեր և ձեր շրջապատի ակնկալիքներին, հարցման մասնակիցների 6%-ը պատասխանել է՝ այո, 43%-ը՝ ոչ, 51%-ը՝ մասամբ։ Նրանց 1%-ը վստահում է Հայաստանում անցկացվող ընտրությունների արդարությանը, 55%-ը՝ չի վստահում, 35%-ը՝ մասամբ, 9%-ը՝ չգիտի։
Հարցման մասնակիցների 90%-ը կարծում է, որ կուսակցությունները պետք է հաշվետու լինեն ընտրություններից հետո իրենց խոստումների կատարման համար։
Հարցման մասնակիցների 1%-ը կարծում է, որ Հայաստանում ընտրական գործընթացները բավարար մակարդակով վերահսկվում են անկախ կառույցների կողմից, 33%-ը կարծում է, որ չի վերահսկվում, 51%-ը՝ մասամբ, 7%-ը տեղյակ չէ։
Հայաստանում գործում են մի քանի դիտորդական մարմիններ, որոնք վերահսկում են ընտրական գործընթացները։ Դրանցից են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստանը և այլն։
Ընտրությունների դիտորդ դառնալու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան կազմակերպություններին կամ քաղաքական ուժերին։ Դիտորդները պետք է գրանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ստանան համապատասխան հավատարմագրեր։ Նրանք իրավունք ունեն ներկա գտնվել ընտրատեղամասերում, հետևել քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքին, ապահովել ընտրական գործընթացի թափանցիկությունը։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը նշել է. «Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, ընտրությունների արդյունքներն արտացոլում են ընտրողների կամքը և ընտությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին, այդուհանդերձ խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար վարչական ու ֆինսանսատնտեսական ռեսուրսների չարաշահման արդյունքում։ Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթների էական բարելավման ճանապարհ պետք է անցնենք, քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման, հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով, իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի ֆինանսատնտեսական և վարչական լծակներով առավելությունների չեզոքացման ուղղությամբ»։
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ, օրինակ, «Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրել է․ «Չսահմանված/արգելված վայրերում քարոզչական նյութերի տարածումը շարունակել է կրել պարբերական բնույթ։ Նման խախտումներ թույլ են տրվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների մեծամասնության կողմից։ Մասնավորապես՝ պաստառները փակցված են եղել փողոցային սյուների, բազմաբնակարան շենքերի, առևտրի օբյեկտների, տաքսիների վրա։ Արձանագրվել է նաև դեպք, երբ պաստառի մակերեսը գերազանցել է 5 քառակուսի մետրը»։
Դիտորդական առաքելության անդամ Սոնյա Մեհրաբյանը նշում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Պահանջվող տվյալները բացակայել են Արարատի մարզի Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր», «Օրենք և արդարություն», «Հայրենիք» կուսակցությունների, իսկ Վեդի համայնքում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության քարոզչական պաստառների, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ Եղվարդ համայնքում «Հայ յեղափոխական դաշնակցութուն» կուսակցության բուկլետների վրա»։
Մեր հարցման մասնակիցների 60%-ը կարծում է, որ հնարավոր է «գնել» ձայները նյութական միջոցներով, 25%-ը, որ դա երբեմն է հնարավոր, 15%-ը՝ չգիտի։ «Հնարավոր չէ» պատասխան նշող անձ չկա։
Հարցման մասնակիցների 36%-ը կարծում է, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը կոռուպցիան է, 32%-ը՝ անպատասխանատվությունը, 32%-ը՝ քաղաքական անգործությունը։
Այն հարցին, թե նոր քաղաքական ուժ ստեղծվելու դեպքում որը պետք է լինի նրա նպատակը, որ վստահեք, քաղաքացիները նշում են․ 16 հոգի՝ սոցիալական հավասարություն, 37 հոգի՝ անվտանգություն և սահմանների խաղաղություն, 28 հոգի՝ կրթության և առողջապահության զարգացում, 23 հոգի՝ կոռուպցիայի դեմ պայքար, 28 հոգի՝ մարզերի զարգացման խթանում, 23 հոգի՝ իրավունքի գերակայություն։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին մեր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների մոտ նկատվում է ինչպես մասնակցության պատրաստակամություն, այնպես էլ վստահության պակասի խնդիր։ Քաղաքական դերակատարների նկատմամբ անորոշությունը, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության հանդեպ կասկածները կարևոր ազդակներ են քաղաքական ինստիտուտների և հանրային դիսկուրսի առողջացման անհրաժեշտության համար։ Դիտորդական կազմակերպությունների արձանագրած խախտումները ևս ընդգծում են վերահսկողության մեխանիզմների անբավարարությունը։ Ապագա ընտրությունների արդարությունն ու արդյունավետությունը մեծապես կախված են ինչպես քաղաքացիների ակտիվությունից, այնպես էլ քաղաքական ու հասարակական դերակատարների ընտրական գործընթացը բարեփոխելու ջանքերից։
Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է․ «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգերի վերաբերյալ կանոնակարգումները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Ընտրական գործընթացների շրջանակներում ստացված հաղորդումներին, դիմումներին և բողոքներին Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արձագանքում են ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգմամբ, որի համաձայն՝ «Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում»։ Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ընտրական գործընթացներին առնչվող իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան ընտրական հանձնաժողովը հայցադիմումով դիմում է ՀՀ վարչական դատարան՝ իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Քրեաիրավական բնույթի հատկանիշներ պարունակող արարքների հայտնաբերման դեպքում ընտրական հանձնաժողովները նյութերն ուղարկում են ՀՀ գլխավոր դատախազություն»։