06.19.2025
Կատեգորիա
Մշակույթ
Դալի

Սուր բեղերը, էքսցենտրիկ հագուստը, դանդաղ խոսքը Դալիի կերպարը դարձնում էին կտավի մի մաս։ Ինքն իր ոճի դրսևորման գլխավոր հերոսն էր։ Կրել է մահացած եղբոր անունը, ու իրեն միշտ թվացել է՝ ինքը իր մահացած եղբոր «կրկնօրինակն» է, ինչը հետագայում ազդել է նրա հոգեկան աշխարհի վրա։ Նրա ընտանի կենդանու անունը Բաբու էր՝ պուճուր ընձառյուծ։ Բաբուին տանում էր իր հետ ռեստորան, հյուրանոց, նույնիսկ՝ թռիչքի։ Մի անգամ ռեստորանում Բաբուն կառչել էր ընթրող կնոջ շրջազգեստից, իսկ Դալին ուղղակի ժպտացել էր ու ասել. 

«Մի վախեցեք, դա պարզապես կատու է սյուրռեալիստական երազից»։

«Հիշողության կայունությունը» (հալչող ժամացույցներով ստեղծագործությունը) ստեղծվել է այն բանից հետո, երբ Դալին տեսել է՝ ինչպես է պանիրը հալչում արևի տակ։ Դալիի մոտ միշտ զգացվում էր մի տարօրինակ երկվություն․ մի կողմից նա խորը փիլիսոփայական իրողություններ էր փորփրում, մյուս կողմից՝ խաղում էր իրականության սահմանների հետ։
Դալին մանկուց ուներ վախ մրջյուններից։ Նրա առաջին տրավմաներից մեկը եղել էր մահացած կենդանու մեջ մրջյուններ տեսնելը: Նա շարունակ մրջյունները պատկերում էր իր արվեստում՝ որպես փտածության, մահվան ու տագնապի խորհրդանիշ։ Բայց հետո սկսեց սիրել, ու ստեղծեց «Մրջյուններով լցված ձեռքը» կտավը։

Դալին իրականում ոչ միայն նկարիչ էր, այլև կենդանի ներկայացում։ Նրա կյանքը լի է տարօրինակ, էքսցենտրիկ ու երբեմն ուղղակի անսահման անհավատալի դեպքերով, որոնք Դալիին դարձնում են ԴԱԼԻ։ 1936-ին Լոնդոնում Դալին հրավիրվում է կարդալ դասախոսություն սյուրռեալիզմի մասին։ Նա գալիս է սուզորդի սաղավարտով ու հագուստով։ Բոլորը հիացած էին, մինչև նա սկսում է խեղդվել։ Սաղավարտը ներսից չէր բացվում։ Մահանալու լուրջ վտանգ կար։ Վերջապես նրան փրկում են՝ բացելով սաղավարտը։

«Ես ուզում էի խորասուզվել ենթագիտակցական հոգեբանության մեջ»,- ասել է նա։ 

Դալին սյուրռեալիզմը դուրս բերեց փակ շրջանակներից՝ դարձնելով այն զանգվածային մշակույթի մաս։ Նա «երազները» դարձրեց հանրային խոսակցության թեմա։ Դալին իր մղձավանջները, մրջյուններից մինչև մահվան վախ, օգտագործեց որպես ստեղծագործական վառելիք։ Դրանք նրան դարձնում էին խիզախ, անհասանելի արտիստ։ Նա աշխատել է Ուոլթ Դիսնեյի, Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Համագործակցել է Chupa Chups-ի, Schiaparelli-ի և մի շարք հայտնի բրենդների հետ։ Այս ամենը փաստում են իր կերպարի բրենդ դառնալու մասին։ Դալին մինչև սոցիալական մեդիայի դարաշրջանը ստեղծեց իր «ինֆլուենսեր» կերպարը՝ բեղերով, էքսցենտրիկությամբ ու Բաբուով։

Դալիի շուրջ հավաքված հակասական փաստերը ավելի շատ են, քան կարելի էր պատկերացնել։ 1976-1977 թվականներին նկարիչը ստորագրեց 17,500 դատարկ թղթեր տարոի տպագրության համար։ Հետագայում լուրեր սկսեցին շրջանառվել նկարչի կեղծ ստորագրության վերաբերյալ: Պատմում էին, որ դրանք եղել են հազարավորները, մինչև 1985 թվականը Մուրը ինքն ասաց, որ նկարիչը իր կարիերայում ստորագրել է 350,000 դատարկ թղթեր։ 

Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը Դալիին հեռացրեց խմբից՝ նրան մեղադրելով ֆաշիզմի հանդեպ համակրանքի և քաղաքական անտարբերության մեջ։ Դալին երբեք բացահայտ չէր քննադատում Ֆրանկոյի ռեժիմը (Իսպանիայի բռնապետը), ինչը անհանդուրժելի էր նրա ժամանակակիցների համար։ Նա հեգնանաքով պատասխանել է. 

«Ես ինքս սյուրռեալիզմն եմ»։

Այսինքն՝ դուք ինձ չեք կարող վտարել այն բանից, ինչը հենց ես եմ։

Գալան Դալիի կյանքի ամենաազդեցիկ կինն էր, բայց նրանց հարաբերությունը հաճախ անհասկանալի էին ու անբացատրելի։ Նա միշտ նշում էր, որ իր կինը իր մուսան է, բայց երբեք՝ սիրուհին։ Գալան իր հերթին վերահսկում էր Դալիի կյանքը, ֆինանսներն ու որոշումները՝ դառնալով նրա մենեջերը։ 

Չնայած այս ամենին՝ Սալվադոր Դալին, իր տարօրինակություններով ու էքսցենտրիկությամբ, մնաց արվեստի լեգենդ, մեկն այն արվեստագետներից, ով չվախեցավ կոտրել ստանդարտները։ Նրա կտավները, ինչպես և կյանքի ողջ ընթացքը, խորապես ներծծված էին ենթագիտակցության, երազների ու մղձավանջների պատկերներով։ Դալին ոչ միայն ստեղծեց սյուրռեալիզմը, այլև դարձավ դրա ամենահայտնի դեմքը՝ իր կերպարով ու համարձակ գաղափարներով։ Աշխարհը նրան ճանաչեց որպես արվեստագետ, ով միաժամանակ դարձավ նաև մեծ շոումեն։ Նրա թողած ժառանգությունը, որպես արվեստի նոր ուղղություն, շարունակում է ազդեցիկ մնալ՝ վառ օրինակ հանդիսանալով ժամանակից դուրս մտածողության համար։
 

Հեղինե Սարգսյան