06.20.2025
Կատեգորիա
Հասարակություն
թոշակառու

ՀՀ կառավարությունը դեռ 2021-2026 թվականների իր ծրագրի նպատակներից մեկում ներառել էր՝ համապատասխանեցնել միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին, մինչդեռ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտին անցկացված ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել էր, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը, որն է 2024 թվականի տվյալներով 36 հազար դրամ,  գերազանցում է պարենային զամբյուղը ավելի քան 9,26 տոկոսով։

Թոշակառու Գ․Գ-ն չունի օրենքով նախատեսված արտոնություն։ Ամուսիններով օգտվում են միայն անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի տրամադրման միջոցառումից։ Երբ հարցնում ենք՝ արդյոք կենսաթոշակի չափը բավարարում է առօրյա ապրուստը հոգալու համար, դեղորայքի ցուցակը ձեռքին՝ ծանոթացնում է անհրաժեշտ դեղերի քանակի գումարին ու պատմում․

«Ամսական մինչև 50 հազար դրամ ծախսվում է մեր ճնշման դեղորայքն ապահովելու համար։ Դրա տակն էլ ի՞նչ կմնա։ Եթե թոշակից բացի չունենայինք կողմնակի եկամուտ, գուցե, չկարողանայինք նույնիսկ կոմունալ վճարումները կատարել և միևնույն ժամանակ սննդի հարցն ապահովել»։

Ինչպես նա է նշում, դեղորայքի գները շարունակում են բարձրանալ, իսկ իրենց համար պետության կողմից սահմանված հնարավոր արտոնությունների համար անհրաժեշտ սոցիալական կարգավիճակը մնում է անբավարար։

Սրան զուգահեռ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղած մեր հարցմանը «Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների» վարչության պետ Անահիտ Գալստյանը նշում է, որ 2026 թվականի հունվարից արդեն ամբողջ հանրապետությունում գործարկվելու է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։

«Ծրագրի թիրախ դիտարկվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային և ունեցվածքի հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները»,- հավելում է նա, ինչպես նաև նշում, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման միջոցառման շահառուներին 2024 թվականի սեպտեմբերի 1-ից հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար՝ նախորդ՝ 10 %-ի փոխարեն՝ 12 %:

Թոշակառուների շրջանում անցկացրած մեր հարցման շրջանակներում, մասնակիցների 75 %-ին կենսաթոշակի չափը մասամբ է բավարարում առօրյա ծախսերն իրականացնելիս՝ ներառյալ սնունդ, կոմունալ վճարումներ, դեղորայք և այլն: ինչպես նաև նույնքանը չունեն կողմնակի եկամուտ և կարծում են, որ միայն կենսաթոշակի առկայության դեպքում մասամբ կկարողանան ապահովել առօրյա կարիքները։ Հավելենք նաև, որ հարցվածների ուղիղ 100%-ը այն հարցին, թե ինչ կարիքներ ունեն, նշել են «ոչ բավարար կենսաթոշակ» տարբերակը:

Նախարարությունից հայտնում են, որ 2022 և  2023թթ․-ին բարձրացվել է հիմնական և նվազագույն կենսաթոշակի չափերը և պատրաստվում են քայլեր ձեռնարկել մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և  կենսաթոշակի միջին չափերը պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին հավասարեցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովը մարտի 26-ին մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի՝ «Հայաստան» խմբակցության առաջադրած փոփոխությունները, որի հիմքով կառավարության 2021-2026 թթ․-ի ծրագրի նվազագույն կենսաթոշակի պարենային զամբյուղից բարձր դարձնելու կետը, դեռևս, չի իրագործվել: Այն հաջորդվեց պարզաբանմամբ, առ այն, որ ծրագիրը նախատեսում է համապատասխանացնել միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին։

Անի Սայադյան