
Հունիսի 27-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության համատեղ «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներն ստացան ավարտական վկայականները՝ լրագրության մագիստրոսի որակավորմամբ:
Հանրային հ/ը գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց՝ հավելելով, որ լիահույս է՝«Հեռուստալրագրության» շրջանավարտները հպարտանալու շատ առիթներ կպարգևեն՝ աշխատելով դաշտում և կիրառելով ձեռք բերած հմտությունները:
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց արդյունավետ ընթացք և անպարագիծ հաջողություններ: Ավարտելով խոսքը՝ դեկանը նշեց.
«Այսօր ամփոփում ենք Հանրային հ/ը հետ մեր արդյունավետ գործակցության երկրորդ տարեշրջանը:
Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և իր բացառիկ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանքը բուհ-աշխատաշուկա կապի նոր հնարավորություններ է նախանշում: Արդյունքների մասին խոսեցինք հպարտությամբ, անելիքների և հնարավորությունների մասին՝ հավատով և վստահությամբ… Երրորդ տարեշրջանը, որ մեկնարկելու է սեպտեմբեր 1-ին, արձանագրելու է նոր ձեռքբերումներ, նոր ոճ և նոր պրակտիկաներ»:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագրի այս տարվա շրջանավարտ Լիանա Խաչատուրյանի համար մագիստրոսական ծրագիրն առանձնահատուկ էր այն առումով, որ լի էր գործնական դասաժամերով: «Մեկ տարվա ընթացքում ակտիվ մասնակցել ենք Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող տարբեր հաղորդաշարերի աշխատանքներին: Նաև հարցազրույցներ ենք նկարահանել «Առավոտ լուսո» ծրագրի տաղավարում, շփվել այն մարդկանց հետ, որոնք աշխատում են հեռուստատեսությունում»,- նշեց ուսանողուհին:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագիրը իրականացվում է Հանրային հեռուստաընկերության հետ փոխգործակցությամբ: Այն աշխատանքի վրա հիմնված կրթական մոդել է, որը նպատակ ունի պատրաստելու մեդիամասնագետների, ովքեր կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները ավանդական և առցանց հեռուստատեսությունում: Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի ընթացքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնագիտական լսարաններում և լսարանից դուրս՝ հեռուստատաղավարներում և խմբագրություններում կազմակերպվող դասընթացները օգնում են ձեռք բերելու պրակտիկ և հետազոտական հմտություններ հեռուստակարիերա վարելու այսօրվա արագ փոփոխվող, բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում: