04.02.2025
Կատեգորիա
Այլ
ուղևորափոխադրում

Փետրվարի 1-ից Երևանում ներդրվեց հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը: Ի՞նչ է պետք իմանալ նոր տոմսային համակարգի, սակագների և արտոնությունների մասին: 

Ինչպիսի՞ ուղետոմսերի տեսակներ են հասանելի

•1 ուղեւորություն – 150 դրամ, ակտիվացումը 3 օրվա ընթացքում: 

• 180 րոպե / 3 ուղեւորություն / – 300 դրամ (TelCell՝ 280), ակտիվացումը 10 օրում:

• 1 օր / 8 ուղեւորություն / – 900 դրամ (TelCell՝ 880), ակտիվացումը 10 օրում:

• 10 ուղեւորություն – 2200 դրամ (TelCell՝ 2100), ակտիվացումը 30 օրվա ընթացքում:

• 7 օր / 30 ուղեւորություն / – 5000 դրամ (TelCell՝ 4800) ակտիվացումը 10 օրում:

• 30 օր / անսահմանափակ / – 9000 դրամ (TelCell՝ 8800), ակտիվացումը 30 օրվում:

• 90 օր / անսահմանափակ / – 24,000 դրամ (TelCell՝ 23,600) ակտիվացումը 30 օրում:

• 365 օր / անսահմանափակ / – 90,000 դրամ (TelCell՝ 88,000) ակտիվացումը 30 օրում:

• Զվարթնոց օդանավակայան – 500 դրամ (TelCell՝ 480) ակտիվացումը 30 օրում:

ուղևորափոխադրում

Նկարը՝ հեղինակի           

Քա՞նի անձ է օգտվել սահմանված ուղետոմսերից

Քաղաքապետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում 213 հազար 21 տրանսպորտային փաթեթ է վաճառվել: Ամենից շատ գնվածը «10 ուղևորություն» ուղետոմսն է: 

գրաֆիկ

Գրաֆիկը՝ հեղինակի

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ ուղետոմսերի պահանջարկը ցածր է, և մարդիկ գերադասում են վճարել ըստ անհրաժեշտության, ոչ թե գնել մեծածավալ փաթեթներ:

Ովքե՞ր կարող են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից

Հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել՝

0-ից 7 տարեկան (ներառյալ) երեխաները,

• Շքանշաններով և մեդալներով պարգևատրվածները. ներառյալ՝ Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք, Հայրենական մեծ պատերազմի տարիների թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրվածներ և Երևանի պատվավոր քաղաքացիներ,

•  ԼՂՀ կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ կորած, բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամը, 

• Բազմազավակ ընտանիքները՝  Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ և ՀՀ-ում հաշվառված 5 և ավելի երեխա ունեցող ծնողներ,

• Ծնողազուրկ դպրոցականները կամ ուսանողները,

• Հերոսները՝ անձինք, ովքեր եղել են սոցիալիստական աշխատանքի, նախկին ԽՍՀՄ, Հայաստանի ազգային հերոսներ,

• Երևանի ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,

• Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմնափակում և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի ունեցող անձինք,

• Բռնադատվածները:              

ուղևորափոխադրում

Նկարը՝ հեղինակի

Քա՞նի անձ է օգտվում իրեն հասանելիք արտոնությունից

16 հազար 153 տրանպորտային փաթեթ անվճար տրամադրվել է 6 արտոնյալ խմբի:

8000-ից ավելի տոմս տրամադրվել է ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց:

գրաֆիկ

Գրաֆիկը՝ հեղինակի                         

Ովքե՞ր կարող են օգտվել սահմանված զեղչերից

Սահմանված զեղչերից կարող են օգտվել՝

• Երևանի ուսումնարանների, քոլոջների և ԲՈՒՀ-երի ուսանողները՝ ստանալով 15% զեղչ

• Երևանի դպրոցների աշակերտները՝ 20% զեղչ,

• Անապահովության նպաստառուները՝ 20% զեղչ,

• Կենսաթոշակառուները՝ 30% զեղչ,

Հասկանալու համար՝ ինչ չափանիշներով են սահմանվել հետևյալ զեղչերը հարցում ուղարկեցինք քաղաքապետարան, սակայն օրենքով սահմանված 5 աշխատանքային օրվա ընթացում պատասխան չստացանք:

Քա՞նի անձ է գնել  տրանսպորտային փաթեթ զեղչով 

Ըստ Երևանի քաղաքապետարանի հայտնած տվյալների՝ հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում տրանսպորտային փաթեթների համար սահմանված զեղչերից օգտվել է 15 հազար 602 անձ, որի գերակշռող մասը կենսաթոշակառուներն են եղել: Զեղչից օգտվող ուսանողների թիվը կազմել է 3059, դպրոցականներինը՝ 1430, նպաստառուներինը՝ 165: 

գրաֆիկ

Գրաֆիկը՝ հեղինակի

Ինչպե՞ս դիմել արտոնություն ստանալու համար

Արտոնությամբ տոմս ձեռք բերելու համար կարելի է օգտվել հետևյալ երեք տարբերակներից՝

Transport.yerevan.am կայք 

• Մուտք գործել կայք և անցել նույնականացում («ԵՍԵՄ» հարթակի կամ կայքի KYC գործիքի միջոցով),

• Մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի տվյալները և կատարել ինքնադիմանկար (selfie)

• Արտոնության իրավունքի առկայության դեպքում կկարողանաք գնել արտոնյալ տոմս:

Իսկ արտոնության առկայությունը կարող եք ստուգել առանց գրանցման՝ մուտք   գործելով Transport.yerevan.am կայք, մուտքագրել ՀԾ համարանիշը և ծննդյան ամսաթիվը: 

ուղևորափոխադրում

Նկարը՝ հեղինակի

«TelCell» էլեկտրոնային դրամապանակ 

• Մուտք գործել Թել-Սել հավելված, անցնել տրանսպորտ բաժին

• Ստուգել արտոնության իրավունքը և ձեռք բերել ուղետոմս բաժնից արտոնյալ տոմս։       

ուղևորափոխադրում

Նկարը՝ հեղինակի

«TelCell»  սպասարկման կենտրոններ

• Ներկայացնել անձնագիր / նույնականացման քարտ, ՀԾ համարանիշ 

• Օպերատորը նույնականացնում է դիմողին՝ լուսանկարելով 

• Արտոնությունը հաստատվելուց հետո, կարելի է գնել արտոնյալ տոմս:

ուղևորափոխադրում

Նկարը՝ հեղինակի

Սպասարկման կենտրոնների գտնվելու վայրերեը կարող եք տեսնել այստեղ:

Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում այս փոփոխություններին

Մարդկանց մի մասը այս ամենը դիտարկում է որպես անհրաժեշտ քայլ դեպի բարեփոխումներ, իսկ մյուսները մտահոգություն են հայտնում սակագների աճի հետ կապված։

Էլմիրա Իպակյանը կենսաթոշակառու է, ով չի օգտվում արտոնությունից. 

«Թոշակառու մարդ եմ, գործի չեմ գնում, հիմնականում տանն եմ, որտեղ պետք է՝ ոտքով եմ գնում կամ մեկ-մեկ էլ ավտոբուս եմ նստում։ Հազարից մեկ եմ տնից դուրս գալիս, հիմա ես ինչի՞ պիտի էդ փաթեթներից օգտվեմ, ինչիս է պետք՝ փողը տամ ու չօգտագործեմ։ 30% զեղչ են առաջարկում, բայց դա էլ է մեզ համար թանկ։ Ավելի լավ կլիներ, որ թոշակները բարձրացնեին, ոչ թե զեղչ առաջարկեին»:

Կեսնաթոշակառու Վարսիկ Գևորգյանը հակառակ կարծիքի է.

«Ես գոհ եմ, չնայած շատերը դժգոհում են: Գնել եմ 1 ամսյա փաթեթ և գրեթե ամեն օր օգտվում եմ, գնում եմ աշխատանքի: Եթե ամեն օր չօգտվեի, երևի չէի օգտվի փաթեթից, որովհետև այդպես շատ թանկ կլիներ»:

Էլեն Խուդոյան