
Արդեն 3-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ կազմակերպվում է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարի «Ֆեստիվառ»-ի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին Արտաշատում կայացած Սարո Թովմասյանի համերգով: Իսկ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին Հրազդան քաղաքում:
Փառատոնի շրջանակում Հրազդանում տեղացի ձեռներեցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքը․ տեղական փախլավա, ձեռագործ տիկնիկներ, անհատական գեղանկարներ, անգամ խնամքի պարագաներ:

Որոշ ձեռներեցներ վաճառք էին իրականացնում, իսկ որոշներն էլ նշում, որ ամբողջը հյուրասիրություն է, պարզապես ուզում են այցելուներին ներկայացնել իրենց ավանդական ճաշատեսակները:
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ծանոթացան տեղական արտադրանքի տոնավաճառին և շրջեցին Հրազդան քաղաքով։
Տոնավաճառի տաղավարներին մոտեցավ և վաճառք-ցուցահանդեսին անձամբ ծանոթացավ նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը: Հարցին, թե ինչ է տալիս «Ֆեստիվառ» փառատոնը Հրազդան քաղաքին, Միքայելյանը պատասխանեց․ «Ֆեստիվառը նպաստում է Հրազդանի մշակութային կյանքի զարգացմանը, ներքին զբոսաշրջության աճին․ «Ֆեստիվառ»-ի շրջանակներում զբոսաշրջիկները ծանոթանալու են Հրազդանի մշակույթին, տնտեսվարողների արտադրանքին, Հրազդանի տարատեսակ ուտեստներին, ինչպես նաև պատմամշակութային վայրերին»:


Քաղաքում սեպտեմբերի 13-ին գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք տեղափոխել են միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: Իսկ երեկոյան տոնական օրը շարունակվեց Հարութ Փամբուկչյանի մենահամերգով՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ:

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրում: Անկախության օրը Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

