
Օրեր առաջ Իսլանդիայում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, վարչարարության մասնագետ, բ.գ.թ. Աիդա Անաստասյանը, Միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Լիա Էվոյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը մասնակցել են Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
ԵՊՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Իսլանդիայի համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Միջազգային գրասենյակի պատասխանատու Բրինյար Տոր Էլվարսոնը ներկայացրել է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը և ուսանողների շարժունության կազմակերպման փորձը։ Ուսանողական ծառայությունների նախագծի ղեկավար Էլին Յոհանսդոթրը հանգամանորեն ներկայացրել է ուսանողական և դասախոսական աջակցման ծառայությունների աշխատանքը, իսկ հաղորդակցության և վեբ կայքերի մենեջեր Բյորն Գիսլասոնը՝ մարքեթինգի և հաղորդակցության բաժնի գործունեությանը, համալսարանի թվային ներկայության ռազմավարությանը։
Անցկացվել է խորհրդատվություն ֆակուլտետների ներքին գործունեության, համագործակցության և ակադեմիական նախագծերի վերաբերյալ Բիրտայի, Եվա Մարինի և պրոֆեսոր Բալդուր Տորհալսոնի մասնակցությամբ, ովքեր ներկայացրել են իրենց փորձն ու մոտեցումները կրթական գործընթացների և միջազգային նախագծերի արդյունավետ կառավարման հարցերում։
Այցը հնարավորություն է ընձեռել ԵՊՀ ներկայացուցիչներին ծանոթանալու գործընկեր համալսարանի կառավարման լավագույն փորձին և ռազմավարական մոտեցումներին, որոնք կարող են կիրառվել ԵՊՀ միջազգային համագործակցության և կառավարման գործընթացների զարգացման համար։ Ընթացիկ ձեռքբերումները միտված են նաև առաջիկա համագործակցային ծրագրերի ընդլայնմանը, նոր կրթական և գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների համար միջազգային շարժունության և փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը։