
Սեպտեմբերի 5-11-ը Երևանում անցկացվեցին Սարոյանական օրերը:
Ծրագրի վերջին օրը՝ սեպտեմբերի 11-ին, «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ միջոցառումների փակման արարողություն ու գրքի շնորհանդես։
Ներկայացվեց դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի նոր աշխատությունը՝ «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը և հայ բեմը»։ Գիրքը լույս է տեսել Գիտությունների ազգային ակադեմիայի և «Սարոյան հիմնադրամ»-ի նախագահ Սքոթ Սեդրակյանի աջակցությամբ։
Շնորհանդեսի ընթացքում Անուշ Ասլիբեկյանը նշեց, որ Սարոյանը նախևառաջ մարդ է կերտում․ «Սարոյանը գրում է մարդու մասին, նա շատ մարդասեր է ու մարդկային, ու եթե մարդ չես, օրինակ՝ ծաղիկ, դառնում ես մարդ․ նրան կարդալիս ընթերցողը միշտ նոր բացահայտումների է հասնում»։
Անուշ Ասլիբեկյանը ընդգծեց, որ դա սկզբում եղել է գիտական աշխատանք, իսկ հետո վերածվել գրքի։ Այն բաղկացած է երեք գլխից և ժամանակագրական հերթականությամբ ներկայացնում է Սարոյանի թատերգությունները՝ ցույց տալով, թե որ թատրոններում են դրանք բեմադրվել և ինչ ոճեր ու գեղարվեստական լուծումներ է կիրառել Սարոյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև դերասաններ և թատերագետներ, ինչը լրացրեց մասնագիտական միջավայրի բազմազանությունն ու նպաստեց ազատ մտքերի փոխանակմանը։
Սարոյանական օրերը Երևանում ևս մեկ անգամ վկայեցին, որ Վիլյամ Սարոյանի ժառանգությունը շարունակում է մնալ արդիական ու համամարդկային։