
Սեպտեմբերի 11-ին Ավետիք Իսահակրանի տուն-թանգարանում տոն էր. նշում էին մեծանուն բանաստեղծի 150 ամյակը։
Տուն թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով՝ սա վարպետի ծննդյանը նվիրված գլխավոր միջոցառումն էր, որը տեղի էր ունենում հոբելյանական ծրագրերի շրջանակում։
Տիկին Ավետիսյանը խոսում էր նաև երեկոյի անակնկալների մասին.
«Այսօր Իսահակյանը ներկայանում է և որպես միջազգային հայ բանաստեղծ, քանի որ իր ստեղծագործություններից բազմաթիվ գործեր երգվում են, միջազգային կոմպոզիտորների կողմից երաժշտություն է ստեղծվում և պրեմիերաներ են այստեղ լինելու, և սա, կարծում ենք, հոբելյանական լավագույն նվերն է Իսահակյանին»։
Երեկոն զարդարեցին վրպետի ստեղծագործություններից ծնված երգերը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի և մենակատար Ժենյա Անդրեասյանի կատարմամբ։
Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնց շնորհիվ ապրում են Իսահակյանի գործերը։
Ուսանողուհի Լիլիթը նշում է, որ բանաստեղծի գործերն իր մեջ արթնացնում են ռոմանտիզմի զգացում.
«Սիրում եմ ընթերցել իր ստեղծագործությունները՝ նվիրված իր սիրելի աղջիկներին»։
Հավելենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Իսահակյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք է իրականացվել, որն իր մեջ ընդգրկում է թատերականացված ընթերցումներ, մուլտֆիլմի նկարահանում, թանգարանի հիմնական ցուցադրության փոփոխություն և միջազգային գիտաժողով տեղի և արտերկրում բնակվող հայագետների ու Իսահակյանագետների մասնակցությամբ։