
ԵՊՀ ռեկտորի հրամանով Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել բ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Սիմյանը:
Ամբիոնների այսօր կայացած համատեղ նիստում պրոֆեսոր Սիմյանին ներկայացրեց դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ պարոն Սիմյանն ամբիոնում կյանքի կկոչի ծրագրեր, որոնց կներգրավվեն նաև միջազգային առաջատար համալսարաններից գործընկերներ: «Այսպես եմ կարծում,- ասաց դեկանը,- որովհետև պարոն Սիմյանը գիտնական է, որին ճանաչում և ընդունում են նաև արտերկրի հայտնի համալսարաններում»:
Օգտվելով առիթից՝ Journalist.am-ը մի քանի հարց ուղղեց Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, նշանագետ Տիգրան Սիմյանին:
-Պարոն Սիմյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հրավերը անակնկա՞լ էր Ձեզ համար:
-Անկեղծ լինեմ՝ այո: Թեև Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ես նոր մարդ չեմ: Տարիներ առաջ, դարձյալ պարոն Մարտիրոսյանի հրավերով, մագիստրատուրայում դասավանդել եմ «Նշանագիտություն» առարկան և սիրով եմ հիշում իմ շփումը ապագա լրագրողների հետ, որոնցից շատերը այսօր մեդիադաշտի հայտնի անուններից են:
-Մինչ նշանակումը Դուք Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր էիք, բայց Ձեզ ճանաչում են նաև որպես նշանագիտության հայտնի մասնագետ:
-Շնորհակալ եմ: Նշանագիտությունը իմ գիտական հետաքրքրությունների տիրույթում է, ինչպես նաև մեդիաոլորտը։ Նշանագիտությունը և դրանում մշակված մեթոդները կիրառում եմ տարբեր մեդիատեքստեր վերլուծելիս։ Նշեմ, որ, ըստ էության, մեդիան նշանային բարդ համակարգ է, որում գործառնում են ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային և տեսողական նշանները։ Իմ հետազոտությունները դարձել են գիտական ուսումնասիրություններ, որոնց թիվը հասնում է մոտ 140-ի, իսկ դրանցից շուրջ 40-ը հրապարակվել են Scopus և WoS շտեմարաններում տեղ գտած հանդեսներում։ Ուրախ եմ, որ իմ հեղինակած գիտական հոդվածները հետաքրքրություն են վայելում առաջացնում արտերկրի գիտական շրջանակներում: Դրա վկայությունն է իմ գիտական գործունեության ազդեցության գործակիցը (h-index 5՝ ըստ Սկոպուսի)։
-Որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ տեսնո՞ւմ եք առաջնահերթություններ, որոնք պետք է առաջիկայում իրականացնեք։
-Անշուշտ, ունեմ ծրագրեր, որոնց մասին հակիրճ խոսեցի ամբիոնների համատեղ նիստում․
ա) միջազգային համագործակցություն՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափերով,
բ) դրամաշնորհային ծրագրերի իրականացում միջազգային գործընկերների մասնակցությամբ և մեր ուսանողների ընդգրկմամբ,
գ) Համագործակցության մեկնարկ Նշանագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հետ (IASS-AIS)՝ ի դեմս ասոցիացիայի պրեզիդենտ, պրոֆ․ Ժակ Ֆոնտանիլի և այլ տարածաշրջանային ասոցիացիաների ղեկավարների, անդամների: Նշանագիտության ասոցիացիայի գործընկերներս ոգևորված են, որ ԵՊՀ-ում ստեղծվել է մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոն, որի հետ պատրաստ են համագործակցել։
դ) Կարծում եմ՝ նաև կարևոր է մոտ ապագայում մեդիաուսումնասիրությունների կենտրոն/լաբորատորիա ստեղծելու անհրաժեշտությունը ԲԿԳԿ-ի՝ հայտարարելիք դրամաշնորհային մրցույթների շրջանակներում։