09.30.2025
Կատեգորիա
Մշակույթ
մրգողու փառատոն

Սեպտեմբերի 13-ին Կողբ գյուղում նշեցին մրգօղու փառատոնը։ Առավոտյան փառատոնի տարածքում արդեն իսկ զգացվում էր տոնական շունչը։ Փառատոնը վերածվել էր մի մեծ խնջույքի։ Երաժշտությունը ստիպում էր մարդկանց պարել, իսկ մրգօղին՝ մոռանալ առօրյա հոգսերը։ Բաց երկնքի տակ շարած տաղավարներում մարդիկ ներկայացնում էին իրենց արտադրանքը, օդը լցված էր թարմ մրգերի և թորած օղու բույրով։ Այցելուները քայլում էին տաղավարից տաղավար՝ համտեսելով տարբեր համադրություններ։ Օրվա ընթացքում փառատոնը վերածվեց ոչ միայն համտեսի, այլև մեծ խաղահրապարակի։ Կազմակերպվեցին սեղանի խաղերի մրցույթներ, որտեղ ակտիվ մասնակցություն ունեցան երիտասարդներն ու մեծահասակները։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց մրգօղու դեգուստացիան, որտեղ հյուրերը համեմատում էին տարբեր համեր և նշում իրենց նախընտրությունները։ Մի տղամարդ ծիծաղելով ասաց․ 

-Խնձորի օղին միշտ ամենալավն է, բայց էս թզի օղին «տվեց անցավ»։

Առանձնահատուկ խանդավառությամբ ընդունվեց նաև թորման ցուցադրությունը, որտեղ վարպետները քայլ առ քայլ ներկայացրեցին, թե ինչպես է սովորական մրգից ստացվում բուրավետ խմիչքը։ Շատ ներկաներ տպավորված էին, քանի որ առաջին անգամ էին տեսնում պատրաստման գործընթացը:

Մրգօղուն ուղեկցում էին նաև այլ ուտեստներ՝ խորոված, պահածոներ, ավանդական աղցաններ և այլն։ Խորովածի բույրը տարածվում էր ողջ հրապարակով։ Մարդիկ հավաքվում էին երկար սեղանների շուրջ,  կիսվում պատմություններով։ Այստեղ անծանոթներն էլ էին դառնում ընկերներ։ 

Երեկոյան բեմում ելույթ ունեցան Արսեն և Արթուր Սաֆարյանները և այլ արտիստներ։

Ավանդույթը և նորարարությունը միավորվել էին այս տոնախմբության շուրջ։ Ավագ սերունդը փոխանցում էր իր փորձը, իսկ երիտասարդները նոր համ ու շունչ էին հաղորդում։ Այսպես ավարտվեց մրգօղու փառատոնը՝ թողնելով բույրեր, համեր և հիշողություններ։

Սոնա Ջաղինյան