
Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը գործում է շուրջ 65 տարի և ներկայացնում է բուհի անցած ճանապարհը՝ սկսած նրա ստեղծման օրից: Դեռևս 1957 թվականին համալսարանի դասախոս, իրավաբան Գրիգոր Չուբարյանը առաջ է քաշել համալսարանում պատմության թանգարան բացելու գաղափարը: Նա ասում էր, որ պետք է ստեղծվի մի կառույց, որտեղ կներկայացվի «Մայր բուհի» ողջ պատմությունը: Այդ ժամանակ ռեկտոր Գագիկ Դավթյանը ձեռնամուխ է լինում այդ գաղափարի իրագործմանը: Մեծ դեր է ունենում նաև Լյուդվիգ Ղարիբջանյանը, ով հանդիսանում է հենց ԵՊՀ թանգարանի հիմնադիրը: Այսպես 1960 թվականին ԵՊՀ թանգարանը այլևս դառնում է իրականություն:
Թանգարանի աշխատակցուհի Նազելի Գրիգորյանը պատմում է, որ թանգտարանը սկզբում գործել է որպես «կաբինետ» և տեղակայված է եղել համալսարանի առաջին շենքում՝ բոլորիս հայտնի «Սև» շենքում:
«1965 թվականին պատմության թանգարանը՝ «կաբինետը», տեղափոխվում է ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի 5-րդ հարկ, հետագայում արդեն 7-րդ հարկ, իսկ 1988 թվականին «կաբինետ»-ի հիմքի վրա դրվում են ԵՊՀ-ի պատմության թանգարանի հիմքերը»:
Թանգարանը կազմված է մի քանի բաժիններից: Մի մասում ներկայացված են համալսարանի հիմնադրման պատմությունը, դասախոսներ, ուսանողներ, որոնք մեծ դեր են խաղացել համալսարանի հիմնադրման գործում: Կա նաև Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականներին նվիրված բաժին և հնագտիտության բաժին:
Աշխատակցուհին նշում է, որ հատկապես ԵՊՀ ուսանողմերը հաճախ են այցելում թանգարան, ուսումնասիրում լուսանկարները, գրությունները, հնագիտության բաժինը:
Այցելուներից ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Գագիկը նշում է, որ առաջին անգամ է լինում թանգարանում և տպավորված է ԵՊՀ-ի պատմությամբ.
«Չգիտեի, որ այսքան հարուստ անցյալ ունի մեր համալսարանը, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է այն տարիների ընթացքում զարգացել»:
Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր և շրջիկ թեմատիկ ցուցադրություններ, դաս-էքսկուրսիաներ, քննարկումններ և այլ միջոցառումներ:
Նազելի Գրիգորյանը ներկայացնում է նաև թանգարանի առաջիկա ծրագրերը:
«Առաջիկայում՝ հոկտեմբեր ամսվա վերջին, թանգարանում անցկացվելու է բանախոսություն՝ նվիրված միջնադարյան Հայաստանի կրթական համակարգին»: