10.01.2025
Կատեգորիա
Հասարակություն
ընտանեկան բռնություն

Դրվագ՝ ընտանեկան բռնության մասին՝ իրական դեպքերի վրա հիմնված «Ես կին եմ» ներկայացումից։

Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի

 

Հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ Ընտանեկան բռնության խնդիրը չի սահմանափակվում միայն ընտանիքի փակ դռների հետևում, այլ ազդում է ողջ հասարակության վրա։

«Ամուսինս տուն էր բերում սիրուհուն, իսկ ինձ ստիպում քնել գետնին»

Մ.Դ.-ի հերթական օրն ավարտվում է աշխատանք որոնելով, ցավոք այս անգամ էլ ոչինչ չի ստացվում: Ամիսներ շարունակ փորձում է հիմնական աշխատանք գտնել, բայց ապարդյուն․ «անբարոյական կնոջը» աշխատանքի չեն ցանականում ընդունել: 

«Հեշտ է խնդրին մի կողմից նայել ու մարդկանց պիտակավորել, իսկ իրականությունը բոլորովին այլ է»,- ասում է երիտասարդ կինը, որ ոչ միայն բռնությունն է վերապրել, այլև շարունակաբար բախվում է հասարակության կարծրատիպային վերաբերմունքին։

Մ.Դ. Ամուսնացել է երիտասարդ տարիքում և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան: Ինչպես ինքն է ասում՝ սկզբանական շրջանում ամեն ինչ լավ էր, երջանիկ էին, ծնվեցին երկու որդիները, իսկ մայրն էլ սկսեց զբաղվել նրանց խնամքով: Սակայն երջանկությունը երկար չտևեց, հայտնվեց ամուսնու սիրուհին, ում ամուսինը տուն էր բերում, իսկ նրան՝ ստիպում քնել գետնին: Ամուսնու ծնողներն էլ միաբերան նվաստացնում ու պարբերաբար կրկնում էին, որ արժանի չէ իրենց որդուն:

«Ես չէի վերադառնալու Հայաստան հանուն իմ ընտանիքի, տարիներ շարունակ նվաստացումներին, ծեծերին դիմացել էի, նույնն էլ պատրաստվում էի անել կյանքիս հետագա ընթացքին, բայց ամուսինս հանկարծամահ եղավ ու սկեսուրս վռնդեց ինձ տնից։ Ստիպված վերադարձա հայրական տուն», - երիտասարդ կինն արտասվում է։ 

Այս ընթացքում մահանում է Մ.Դ.-ի ամենամտերիմ մարդը՝ մայրը, և շատ չանցած հայրն ու եղբայրը վռնդում են նրանց տնից՝  նրան համարելով անպիտան։

«Ես այդ ընթացքում շատ միայնակ էի ու չգիտեի՝ ինչ անել, բայց իմ կյանքում հայտնվեց մեկը, ով, ինձ թվաց, սիրում է ինձ: Ես ողջ սրտով հավատացի նրան, վստահեցի, որպես կին՝ ապահով զգալով նրա կողքին, բայց պարզվեց նա ինձ հետ գումարի համար էր շփվում: Ամիսներ շարունակ աշխատածս գումարը վերցրեց ու ինձ մի կողմ շպրտեց՝ անպետք իրի պես: Այս պատմությունն էլ ավելի նպաստեց բարեկամներիս զայրույթի սաստկացմանը, արդեն բացի գնացած հետ եկածին, ավելացավ անբարոյականի պիտակը, տղաներս էլ երես թեքեցին ու արդեն մի քանի տարի է բնակվում եմ միայնակ»,- անկեղծանում է Մ.Դ.-ն:

Կանանց նկատմամբ բռնության դեպքերը շատ են, բայց ոչ մեկը նման չէ մյուսին

Կանանց աջակցման կենտրոնի Գավառ համայնքի սոցիալական աշխատող Կարինե Մոմչյանի խոսքով՝ մարզերում ավելի դժվար է հաղթահարել նման իրավիճակները, քանի որ բնակչությունն ավելի քիչ է, հետևաբար բոլորը միմյանց ճանաչում են: 

«Կանանց նկատմամբ բռնության դեպքերը շատ են, բայց ոչ մեկը նման չէ մյուսին: Երբ ընտանիքում արձանագրվում են բռնության դեպքեր, գերակշիռ մասում տուժում է կինն ու նրա անչափահաս երեխան: Պետք է հասկանանք, որ միայն ֆիզիկական կամ սեռական ոտնձգությունները չեն, որ բռնություն են։ Յուաքանչյուր բռնության հիմքում ընկած է հոգեբանական բռնությունը: Կանայք շատ հաճախ ենթարկվում են նաև տնտեսական բռնության, և որքան վաղ են գիտակցում և մեզ դիմում, այնքան ավելի դյուրին է հաղթահարելու հավանականությունը»,- ասում է Կարինե Մոմչյանը:

Նա ընդգծում է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, և եթե ցանկանում ենք ունենալ առողջ հասարակություն, պետք է ունենանք կայուն և առողջ ընտանիքներ: Կանանց աջակցման կենտրոնի աշխատանքն էլ նպատակաուղղված է այդ հասարակության մեջ կանանց նկատմամբ կիրառված բռնությունը կանխելուն:

գրաֆիկ

Կանանց տրամադրված ծառայությունները՝ թվերով
Ինֆոգրաֆիկան՝ Կանանց աջակցման կենտրոնի

«Կանանց աջակցման կենտրոնը բռնության ենթարկված կանանց տրամադրում է հոգեբանական, իրավական, տնտեսական աջակցություն։ Իսկ մեր գերնպատակն այն է, որ կինը ապրի առողջ ընտանիքում, որտեղ կլինի սեր և համերաշխություն, ու կինը կարծիք հայտնելու իրավունք կունենա»,- շեշտում է Կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցը։

Որպեսզի բռնություն չլինի

Բռնությունից զերծ հասարակություն ունենալու և կանանց իրավունքները պաշտպանելու համար Կանանց աջակցման կենտրոնները, ՀՀ Ներքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն իրականացնում են բռնության դեմ ուղղված ծրագրեր՝ վերապատրաստումներ, իրազեկման աշխատանքներ, հանդիպումներ և սեմինարներ։

«Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը տարեցտարի ավելանում են։Այս ամենի մասին վկայում է ներդրվող գործիքակազմը, որը ներառում է դեպքերի բացահայտելիություն, իրավապահ համակարգի կարողությունների զարգացում։  Բռնության հիմնական պատճառ կարող են լինել կարծրատիպերը՝ «մի բան այն չէր արել», «նորմալ թող հագնվեր», և այլն: Կարելի է ասել, որ այս երևույթներն էլ ծնում են բռնության նոր դրսևորումներ»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը:

Վերջին տարիներին ՆԳՆ-ի և ՄԱԲՀ-ի համագործակցությամբ 1800 համայնքային ոստիկաններ բարելավվել են իրենց մասնագիտական կարողությունները։ Վերապատրաստումների արդյունքում ոստիկանները ձեռք են բերել ընտանեկան բռնության դեպքերի հետ աշխատելու տեսական և գործնական գիտելիքները: Այս աշխատանքը շարունակական է։

«ՄԱԲՀ-ն՝ Եվրոպական միության աջակցությամբ, իրականացնում է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը, որի ընթացքում մենք աշխատում ենք իրավական դաշտի կատարելագործման, ինչպես նաև ծառայություն մատուցողների, իրավապահ համակարգի կարողությունների զարգացման ուղղությամբ:  Ներկայումս աշխատանքներ ենք տանում վերապատրաստման ծրագրերի ստանդարտացման ուղղությամբ, ինչը կնպաստի բռնության ենթարկված անձնաց տարվող աշխատանքներում միատեսակ ծառայությունների տրամադրմանը»,- ասում է Թագուհի Հարությունյանը: 

ընտանեկան բռնություն

Դրվագ՝ ընտանեկան բռնության մասին՝ իրական դեպքերի վրա հիմնված «Ես կին եմ» ներկայացումից։

Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի

Ընտանեկան բռնության դեմ պայքարում էական է պետության դերը: Այս առումով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը սերտ համագործակցում է պետական գերատեսչությունների հետ՝ բարելավելու համակարգերն ու նպաստելու բռնության կանխարգելմանը։ 

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալների՝ 2024 թվակին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծը ստացել է 822 առաջնային զանգ, որը գերազանցում է նախորդ տարիների արդյունքը։ Զանգերի աճը մի կողմից վկայում է այն մասին, որ ավելանում է հասարակության իրազեկվածությունը ընտանեկան բռնության և կանանց իրավունքների պաշտպանության մասին, մյուս կողմից՝ բռնության դեպքերի չպակասելու։ 

Կանանց աջակցման կենտրոնները գործում են Հայաստանի ողջ տարածքում։ 

Երևան․ 099 88 78 08, Վանաձոր․ 098 09 20 94, Գյումրի․ 077 570 870 

Գավառ․ 094 87 65 05, Մարտունի․ 098 87 65 02, Գորիս․ 098 84 84 53, 

Հրազդան․ 077 38 00 53, Եղեգնաձոր․ 098 88 60 77, Իջևան․ 094 78 87 70

Արմավիր․ 093 57 46 57, Թալին․ 091 48 20 35, Արտաշատ․ 098 88 60 77

Վարդուհի Մազմանյան