10.01.2025
Կատեգորիա
Մշակույթ
ԵՊՀ
ԵՊՀ մշակույթի կենտրոն

Երևանի պետական համալսարանում կրթական գործընթացներին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների արտալսարանային կյանքին։ Այս գործում առանցքային դեր ունի ԵՊՀ Մշակույթի կենտրոնը, որը հիմնադրվել է 2006 թվականի հունիսին՝ Գիտխորհրդի որոշմամբ։ Կենտրոնի նպատակն է ոչ միայն համակարգել բուհի մշակութային կյանքն ու միջոցառումները, այլև ապահովել դրանց բարձր որակական մակարդակը։ 

Տարիների ընթացքում մշակութային բազմաբնույթ համույթների գործունեությունը դարձավ հարթակ, որտեղ իրենց ստեղծագործական ներուժն են դրսևորում ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները։ Այսօր կենտրոնի կազմում գործում են «Համալսարանական» թատրոն-ստուդիան, աղջիկների պարային համույթը, երգչախումբը, երիտասարդ ստեղծագործողների խումբը, կամավորական խումբը, կինոակումբը, ինչպես նաև YSU BAND-ը։

Կենտրոնի խնդիրներն ընդգրկում են լայն շրջանակ․ ուսանողների մշակութային ունակությունների զարգացում, տաղանդների բացահայտում, միջբուհական կապերի ստեղծում, ցուցահանդեսների, համերգների ու ներկայացումների կազմակերպում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների գեղագիտական ճաշակի ձևավորմանը՝ դասախոսությունների, քննարկումների և անվանի մշակութային գործիչների հետ հանդիպումների միջոցով։

Կենտրոնի նախաձեռնությունները մեծապես նպաստում են ուսանողների ինքնադրսևորմանը։ ԵՊՀ երգչախմբի վոկալիստ Ստելլա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց․

«Մշակույթի կենտրոնին միանալը համալսարանական կյանքը գույներով լցրեց։ Այստեղ հնարավորություն ունեցա ոչ միայն հանդես գալ բեմում, այլև ճանաչել հետաքրքիր մարդկանց, զարգացնել ունակություններս ու ստանալ այնպիսի փորձ, որը վստահաբար պետք կգա նաև ապագայում»։

Միևնույն ժամանակ, Մշակույթի կենտրոնը ձգտում է ավելի սերտացնել կապը ուսանողների հետ։ Կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը շեշտում է․

«Կցանկանայի, որ գան ուսանողները և բերեն նաև իրենց ակնկալիքները, որպեսզի ուսանող և մշակույթի կենտրոնի փոխհարաբերությունները ավելի ներդաշնակ լինեն, ոչ թե իրարից կտրված»։

Այսօր Մշակույթի կենտրոնը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ իր շուրջ համախմբելով տաղանդավոր երիտասարդների և նպաստելով ԵՊՀ մշակութային կյանքի վերելքին։

Կիմա Սարգսյան
Միլենա Միրզոյան
Սյուզաննա Ուլիխանյան