10.02.2025
Կատեգորիա
Իրավական
դատարան

Մուգ փայտե տրիբունաների և դատական նստարանների շուրջ լռություն է։ Դահլիճի օդը գրեթե շոշափելի է լարվածությունից։ Երիտասարդ իրավագետների հայացքները՝ կենտրոնացած թղթերի վրա, հուշում են, որ սա իրենց համար ավելին է, քան պարզապես ուսանողական բանավեճը։

Հանկարծ լռությունն ընդհատում է նիստի քարտուղարի հրամայական ձայնը. «Ոտքի՛, դատարանն է գալիս»։ Այս արտահայտությունը Երևանի պետական համալսարանի դատական նիստերի դահլիճը կարծես վերածում է իրական դատավարության սենյակի։ Սեպտեմբերի 24-ին կայացած «Դատախաղ-բանավեճ» երրորդ միջբուհական խաղի շրջանակում միմյանց դեմ մրցում են «Երևանի պետական համալսարան»-ի և «Հայ-ռուսական համալսարան»-ի թիմերը։

Այս մրցույթին, որն անցկացվում է քրեական և քրեադատավարական իրավունքի ոլորտում, մասնակցելու իրավունք էին ստացել ՀՀ բուհերի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի վեց թիմ՝ յուրաքանչյուրը կազմված չորս ուսանողից։ Այն նախաձեռնել է ԵՊՀ Բանավեճի ակումբը։ Խաղի ձևաչափը պահանջում է իրական դատական նիստի ընթացակարգ․ թիմերից մեկը հանդես է գալիս որպես մեղադրական կողմ, իսկ մյուսը՝ որպես պաշտպանական։

Դատավորի նստարանին նստած է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դահլիճի ձախ կողմում պաշտպանական դիրքեր են զբաղեցրել ԵՊՀ-ականները, իսկ աջ կողմում՝ մեղադրական կողմն է, որը պատրաստ է ապացուցել իրենց փաստերի անվիճելիությունը։

Քրեական և քրեադատավարական իրավունքի ոլորտում անցկացվող այս խաղը սկսվում է մեղադրական կողմի զեկույցով, որին հաջորդում է պաշտպանական կողմի պատասխանը։ Դատավոր Հովհաննիսյանը ողջ ընթացքում ուշադիր լսում է։ Նա ժամանակ առ ժամանակ ուղղումներ է անում, որպեսզի ուսանողները ճիշտ կողմնորոշվեն ընթացակարգում, նաև զգուշացնում է, որ իրական դատական նիստի ժամանակ նման իրավունք չունի։ Այնուհետև կողմերին տրամադրվում է հարցուպատասխանի հնարավորություն, որից հետո միայն դատավորն անում է իր դիտարկումները։

Խաղը կենտրոնացած է երկու մեղադրվողների գործի շուրջ։ Լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ դատավորը, կարճատև դուրս գալուց և վերադառնալուց հետո, հայտարարեց որոշումը։

ԵՊՀ թիմը, որը հանդես է գալիս որպես պաշտպանական կողմ, ցույց տվեց իր իրավական մտածողության հնարամտությունը և կարողացավ «մաքրել» մեղադրյալներից մեկի անունը՝ ազատելով նրան քրեական հետապնդումից։ Մինչդեռ մյուս մեղադրվողի գործը, որի վերաբերյալ մեղադրական կողմի փաստարկներն ավելի հիմնավոր էին, կգնա դատաքննության։

Դատավորի խոսքից հետո ելույթ ունեցավ որպես ժյուրի ներկա գտնվող փաստաբան, Բանավեճի ակումբի մրցանակակիր Տաթևիկ Սողոյանը։ Նա անդրադարձավ մասնակիցների խոսելաոճին, վարվելաձևին և թիմային աշխատանքում յուրքանչյուր անդամի ներգրավվածությանը։ Տեղի ունեցավ նաև անմիջական երկխոսություն դատավորի և Տաթևիկ Սողոյանի միջև։ 

«Գուցե իմ մասի՞ն էլ ինչ-որ հետաքրքիր դիտարկում ունեք», – կատակեց դատավորը։ Փաստաբան Սողոյանը համեստորեն նշեց, որ իրեն նման իրավունք չի վերապահի, բայց եթե իրական դատավարության շրջանակներում հանդիպեին, գուցեև դատավորն էլ անմասն չմնար։

Միջոցառման ավարտին Բանավեճի ակումբի նախագահ Միլենա Գևորգյանը դատավորին և մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ շնորհակալություն հայտնելով մասնակցության համար։

«Այս ծրագրով մեզ հաջողվեց ոչ միայն ցույց տալ դատախաղի կրթական և մասնագիտական արժեքը, այլև ստեղծել միջավայր, որտեղ ուսանողները կարողացան փորձել իրենց ուժերը, զարգացնել քննադատական մտածողությունը և մոտենալ իրենց ապագա մասնագիտական ուղուն», – նշել էր Բանավեճի ակումբն իր ինսագրամյան պաշտոնական էջում։

 

Լուսանկարները՝ Սիլվիյա Թամազյանի

Էլեն Բեջանյան