10.03.2025
Կատեգորիա
Մշակույթ
ազգային պար

Երևանի սրտում՝ Կասկադի «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում, կրկին հնչեցին հայկական ավանդական երաժշտության ելևէջները։ Սեպտեմբերի 26-ին այստեղ կայացավ «Մեր պարերը և մենք» խորագրով բաց պարային դասը, որը կազմակերպվել էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։

Արդեն ավանդույթ դարձած այս հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը և հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին սովորելու ու պարելու հայկական ավանդական պարեր բաց երկնքի տակ։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի երեխաներ, երիտասարդներ և մեծահասակներ, օտարազգիներ և սփյուռքահայեր, ովքեր միավորեցին իրենց ուժերն ու եռանդը ազգային մշակույթին ևս մեկ քայլ ավելի մոտ լինելու նպատակով։

«Պարի միջոցով մարդիկ կապ են ստեղծում նախնիների հետ և նույնիսկ խոսք ու զրույցի են բռնվում նրանց հետ»,- այս խոսքերով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գլխավոր պարուսույց Աբել Մաթևոսյանն ազդարարեց միջոցառման մեկնարկը։

Մասնակիցները սկզբում սովորեցին Կոմիտասի գրառած պարերգերի՝ «Շորոր», «Երանգի» և «Ետ ու առաջ» բեմադրությունները՝ նվիրված Կոմիտասի 156-ամյակին։ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարուսույցները շրջանների կենտրոնում քայլ առ քայլ սովորեցնում էին պարային շարժումները․ «Երկու քայլ դեպի առաջ՝ աջ ոտքից, կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակներով»։

Հետո անցան հայկական ավանդական պարերին, ռազմապարերին, որոնցից յուրաքանչյուրի պատմությունը ներկայացվում էր երաժշտության միանալուց առաջ։ Մասնակիցները սովորեցին Սասունի, Կարինի, Ալաշկերտի շրջանների պարերը։

Կազմակերպիչները պատմեցին, որ հին պաշտամունքային արմատներ ունեցող Մշո խըռ պարը մինչ օրս պահպանվել է Սասունցիների և Մշեցիների շրջանում։ Ալաշկերտի քոչարին պարել են թե՛ խնջույքների, թե՛ ուխտի գնալիս, և այն պարել են միայն տղամարդիկ։ Քոչարի պարի այս տեսակը ամենատարածվածներից է։ Այս տարատեսակը բնորոշ է Մարտունու տարածաշրջանին, տվյալ պարաձևի շատ տարբերակներ մինչ օրս պահպանվում են և պարվում են նրանց կողմից:

Այդ պարերն էին՝ «Իշխանաց պար», «Սղերդի քոչարի», «Ալաշկերտի քոչարի», «Մշո խըռ», «Յարխուշտա», «Երեք ոտք», «Ֆնջան», «Փափուրի» և «Կարնո քոչարի»։

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի անդամները շնորհակալական խոսք հղեցին Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին․ «Ասում են՝ իր ամենասիրելի միջոցառումն է եղել, և հենց այս ծրագիրը ինքն է Կասկադում հաստատել, բոլորիս խոնարհումը պարոն Գաֆէսճեանին»։

Բաց դասի մասնակիցները նշեցին, որ նման միջոցառումները համախմբում են հայրենակիցներին և նպաստում հայկական մշակույթի պահպանմանը և փոխանցմանը նոր սերնդին։ Միջոցառումը ավարտվեց «Յարխուշտա» ռազմապարով։ Հաջորդ պարային հանդիպումը սպասվում է հաջորդ ամսվա վերջին ուրբաթ օրը։ 

Հասմիկ Բադալյան