
Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժինը համալսարանի կարևորագույն ստորաբաժանումներից է, որի հիմնական նպատակը համարվում է արդյունավետ հաղորդակցության ապահովումը։ Բաժինը մշտապես հետևում է, որ ԵՊՀ-ի կոմունիկացիան կազմակերպվի գրագետ ու նպատակային, իսկ լսարանին հասցվող տեղեկատվությունը լինի ամբողջական, հստակ և ժամանակին։
Բաժնի պետ Քնար Միսակյանի խոսքով՝ մարքեթինգի թիմի առօրյա գործունեության առանցքում է համալսարանի բրենդի պահպանումն ու զարգացումը․
«Մեր առաջնային խնդիրն է ապահովել ԵՊՀ-ի անխափան և արդյունավետ հաղորդակցությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի հետ։ Մենք ձգտում ենք, որ համալսարանի կարևոր նորությունները, նախաձեռնությունները և ձեռքբերումները ճիշտ կերպով հասնեն հանրությանը»։
Մարքեթինգի բաժինը սերտ համագործակցում է ԵՊՀ բոլոր ֆակուլտետների հետ։ Կապը հիմնականում ապահովվում է ֆակուլտետների PR պատասխանատուների միջոցով, սակայն թիմը մշտապես աշխատում է նաև ֆակուլտետային գրասենյակների հետ։
Բաժնի աշխատակազմի գործունեությունը բազմաբնույթ է․ այստեղ աշխատում են մարկետինգի մասնագետներ, խմբագիրներ, լրագրող, օպերատոր-լուսանկարողներ, թարգմանիչներ, ինչպես նաև համակարգող։ Նրանց գործունեության առանցքային սկզբունքն է՝ ԵՊՀ-ին առնչվող ոչ մի հարց անպատասխան չթողնելը։
Սոցիալական հարթակների պատասխանատու Սուսաննա Հակոբյանը պատմում է․
«Մենք ներկայություն ունենք բոլոր սոցիալական հարթակներում և պահպանում ենք ակտիվությունը։ Սա մեզ թույլ է տալիս ապահովել անմիջական կապ ուսանողների, դիմորդների և լայն հասարակության հետ։ Ամեն օր աշխատում ենք, որ բովանդակությունը լինի հետաքրքիր, բազմազան ու հասցեական»։
Այս մոտեցումը ձևավորել է ԵՊՀ մարքեթինգի բաժնի յուրահատուկ ոճը․ նրանք ոչ միայն ներկայացնում են համալսարանի անցուդարձը, այլև ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր կարևոր հարց ստանում է իր պատասխանը։