
Արդեն ինը տարի Ճարտարագիտական շաբաթն իր շուրջն է համախմբում ոլորտի մասնագետների, ուսանողների և, պարզապես, ճարտարագիտությամբ հետաքրքրվող մարդկանց՝ ներկայացնելով գիտական նոր նվաճումներ, տեխնոլոգիական նորամուծություններ և նոր գաղափարներ։ Երևանում և Վանաձորում հոկտեմբերի 3-5-ը տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ պանելային քննարկումներ, դասախոսություններ, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդ գիտնականներ հանդես են եկել գաղափարներով՝ ներկայացնելով իրենց իսկ գյուտերը։
Իրենց նախագծով հանդես են եկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ռուզաննա Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ Գրիշա Խուրշուդյանը և Արթուր Հովակիմյանը՝ ներկայացնելով նորարարական ջերմոցային համակարգ, որը միավորում է էներգախնայող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը։ Ըստ նախագծի հեղինակ Գրիշա Խուրշուդյանի, ջերմոցն իրենից ներկայացնում է փակ էկոհամակարգ, որը ավտոմատ պահպանում է բույսի համար սահմանված ճշգրիտ պայմանները:
«Նախագծի գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, և հիմնական միտքն այն էր, թե ինչպես է հնարավոր նկուղային պայմաններում աճեցնել բույսեր, որոնք չեն տարբերվի դրսում վայրի պայմաններում աճած բույսերից, քանի որ պատերազմական իրավիճակում երկիրն ի վիճակի չի լինում ապրանք ներկրել, իսկ ներկայիս Հայաստանյան պարենը կբավարարի շատ կարճ ժամանակահատված»,- մանրամասնում է հեղինակը:
Նախագիծը կարող է ծառայել որպես պասիվ եկամտի աղբյուր, քանի որ քաղաքացին, ունենալով տվյալ համակարգը և որոշակի սենյակային տարածք, կարող է աճեցնել բազմազան տեսակի բույսեր՝ թե՛ սեփական օգտագործման, և թե՛ վաճառքի համար։ Թեստավորման ընթացքում առաջացել է ևս մեկ միտք՝ կիսաավտոմատ ջերմոցների ավտոմատացում, որը ավելի մատչելի և ավելի երկարակյաց տարբերակ է:
«Ջերմոցը պատրաստվում է լաբորատոր պայմաններում՝ ամեն սենսորի առանձին թեստավորմամբ և ճշգրտության որոշմամբ։ Այս պահին մեր թիմը կարող է պատրաստել ամսական 2 բոքսային ջերմոց՝ ճշգրիտ փորձարկված և ծրագրավորված։ Իսկ առաջնային մոդելից մինչև պրոդուկտ տևել է չորս տարի»,-պատմում է Խուրշուդյանը։
Մասնակիցները նշում են՝ միջոցառումը իր մասշտաբների համար շատ լավ էր կազմակերպված և լիովին արդարացրեց իրենց սպասելիքները, ինչպես նաև ջերմոցն իր ուրույն տեղը գտավ՝ զարմացնելով ոլորտում արդեն կայացած կազմակերպությունների։ Եղել են նաև նախագծով հետաքրքրվողներ՝ գնելու միտք ունեցող 50-ից ավելի այցելուներ։
Ճարտարագիտական շաբաթը և նման միջոցառումները հարթակ են ստեղծում նորարարական մտածողություն ունեցող երիտասարդների համար՝ հնարավորություն տալով ներկայացնելու իրենց աշխատանքները, ձեռք բերելու գործընկերներ և մուտք գործելու իրական շուկա։