10.09.2025
Կատեգորիա
Դիմանկար
ծաղկավաճառ

Երևանին հատուկ երանգ ու տրամադրություն են հաղորդում ծաղկի կրպակները, որոնք տարվա ցանկացած եղանակի ծիածանագույն են ներկում փողոցները: Այդ ծաղիկները կարծես իրենց պատմությունն ունեն, ինչպես այն մարդիկ, ովքեր հոգ են տանում դրանց մասին։ Սիլվա Գրիգորյանը արդեն հիսուն տարի է, ինչ զբաղվում է ծաղկեգործությամբ, այսօր նա է journalist.am-ի զրուցակիցը։ 

–Տիկին Սիլվա, կպատմե՞ք՝ ինչպես սկսեցիք ծաղիկների վաճառքով զբաղվել։

–Ես արդեն հիսուն տարվա ծաղկավաճառ եմ։ Սկզբում փողոցում էի վաճառում՝ ծառի տակ։ Ի դեպ, այդ թթի ծառը ես եմ տնկել դեռ 80-ականներին։ Երբ փողոցային առևտուրը արգելեցին, տեղափոխվեցի այստեղ։ Հիմա ամեն ինչ անում եմ օրենքով։ Արդեն յոթանասունութ տարեկան եմ, բայց չեմ ուզում տանը նստել ամբողջ օրը։

–Ո՞րն է Ձեզ համար ամեն օր աշխատանքի գալու մոտիվացիան։

–Ես առանց ծաղիկների չեմ կարող ապրել։ Այսքան տարի հենց սա է ինձ պահել։ Շատ եմ սիրում իմ գործը։ Գալիս եմ, ժամը հինգից բացում եմ խանութը, նստում, իմ աճեցրած ծաղիկներն եմ վաճառում։ Դա ինձ ուժ է տալիս։ Ծաղիկներն իմ ընկերներն են:

–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին օրը՝ որպես ծաղիկ վաճառող։

–Իհարկե։ Ես Աբովյանից եմ։ Սկզբում միայն աճեցմամբ էի զբաղվում։ Մի օր որոշեցի վաճառել, ու այդ օրվանից էլ սկսվեց իմ ճանապարհը։

–Ովքե՞ր են Ձեր հիմնական գնորդները:

–Հիմնականում տղաներն են շատ գնում, ու պիտի ասեմ՝ շատ ճաշակով են ընտրում։  Ուրախ եմ, որ տղամարդիկ ևս ուշադրություն են դարձնում ծաղիկներին։

–Եթե կյանքը նկարագրեիք որևէ ծաղկով, ո՞րը կընտրեիք։

–Իհարկե՝ վարդը։ Դա իմ ամենասիրելի ծաղիկն է՝ գեղեցիկ, բայց նաև փշերով։ Ինչպես կյանքը՝ երբեմն ցավոտ, բայց միշտ գեղեցիկ։

 

Մանանա Պետրոսյան
Անի Մինասյան