10.09.2025
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում վերջին տարիների ընթացքում հինգերորդ անգամ անցկացվում էր Աշխատանքի տոնավաճառ։ Միջոցառումը միավորել էր ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև այլ աշխատանք փնտրողների։

Տոնավաճառին մասնակցում էին պետական և մասնավոր ավելի քան 60 կազմակերպություններ՝ նախարարություններ, բանկեր, պետական կառույցներ,  ապահովագրական և վարկային ընկերություններ, ինչպես նաև ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, որոնք ներկայացված էին առանձնացված տաղավարներով։ Ըստ կազմակերպիչների՝ այցելուների թիվը գերազանցել էր հինգ հազարը։

Տաղավարներում կազմակերպված էին ճանաչողական, ինտելեկտուալ և ժամանցային տարբեր խաղեր, որոնց կողքով ուսանողները անտարբեր չէին անցնում։ Հաղթելու դեպքում տաղավարից դուրս էին գալիս նվերներով լի պայուսակներով։

«Կարծում ենք՝ դժվար թե գտնվի այնպիսի հարց, որի պատասխանը չգիտենք», - նշեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած ուսանողները։

Ուսանողները և շրջանավարտները հնարավորություն ունեցան ծանոթանալու թափուր հաստիքներին, խորհրդատվություն ստանալու կարիերայի զարգացման քայլերի մասին և թողնելու իրենց տվյալները ընկերությունների ներկայացուցիչների մոտ։

Այսպիսով, «Աշխատանքի տոնավաճառը» դարձավ անմիջական շփման հարթակ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչը նպաստեց գործատուների հետ անմիջական հաղորդակցությանը և աշխատանքային հնարավորությունների բացահայտմանը։

Հասմիկ Բադալյան