10.09.2025
Կատեգորիա
ԵՊՀ
ՈՒԳԸ

Միջազգային երիտասարդական գիտաժողովը այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Այն իր շուրջն է համախմբել արտրերկրից 30 պատվիրակ

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հոկտեմբերի 6-10 անցկացնում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ի տարբերություն անցած տարիների՝ գիտաժողովի մեկնարկն այս անգամ տրվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ընդգծելով թեմայի խորհրդանշական իմաստը: 

Բացման արարողության մեկնարկը տվեց Երևանի պետական Կամերային երգչախումբը՝ կատարելով ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ԵՊՀ օրհներգը: 

Բացման խոսքով հանդես եկան ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը և ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը: 

Տասնամյակներ շարունակ ՈւԳԸ ամենամյա գիտաժողովները միավորում են տարբեր երկրների երիտասարդ հետազոտողներին՝ տրամադրելով մի հարթակ, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց գիտական ձեռքբերումներով, գաղափարներով և փորձով։ Ինչպես նշում է Սիրանուշ Բաղումյանը՝ հոկտեմբերի 6-ից սկսած ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում համալսարանի և արտերկրի ուսանողները հանդես կգան գիտական զեկուցումներով:  

«Գիտաժողովը կարևոր հնարավորություն է փոխադարձ կապեր ստեղծելու և գիտության հանդեպ սեր և պատասխանատվություն սերմանելու համար։ Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը մշտապես եղել է երիտասարդների գիտական ներուժը բացահայտելու կողմնակից։»- ավելացնում է Բաղումյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ գիտաժողովի 218 մասնակիցներից 30-ը արտերկրից են: 

«Մեծ թիվ են կազմում Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրերը: Այս տարի մասնակիցներ ունենք նաև Իրանից, Իրաքից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից և Եգիպտոսից: Մասնակից ունենք նաև Մարոկկոյից», - հավելում է ՈՒԳԸ տեղեկատվական հարցերով հանձնաժողովի նախագահ Մարինե Մկրտչյանը: 

Գիտաժողովի ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպելու է ճանաչողական այցեր դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, վանական համալիներ և թանգարաններ՝  արտասահմանցի հյուրերին Հայաստանի ժառանգությունը ներկայացնելու, պատմական նշանակություն ունեցող վայրերին ծանոթացնելու նպատակով։

Այս տարին խորհրդանշական է գիտաժողովի պատմության մեջ։ ԵՊՀ ՈՒԳԸ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ գիտաժողովի փակման արարողությանը ՈՒԳԸ նախկին նախագահներ և անդամներ կպարգևատրվեն ոսկե մեդալներով՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար։ Բացման արարողությանը 2008-2011 թվականներին ՈՒԳԸ նախագահ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանին շնորհվեց «ՈՒԳԸ պատվավոր անդամ» կոչմումը՝ հատկապես 2000-ականների սկզբին կառույցի վերամիավորման և զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար։

Միջոցառումն ավարտվեց Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությամբ, իսկ արդեն 16:00-ից սկսած ԵՊՀ նախասրահում մեկնարկեց ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Օվսաննա Մատինյան
Անի Հասրաթյան
Հասմիկ Շահինյան