
Ծանրամարտի Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ստեղծել է «ՆԱՎ» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է զարգացնել սպորտը Հայաստանի տարբեր մարզերում՝ ստեղծելով բազմաֆունկցիոնալ մարզական համալիրներ։
Հիմնադրամը նախատեսում է բացել սպորտային համալիրներ, որտեղ կմիավորվեն ծանրամարտը, ըմբշամարտը, լողը, ֆուտբոլը, ազգային և սպորտային պարերը, ինչպես նաև կլինեն ընդհանուր մարզասրահներ։
Սակայն «ՆԱՎ»-ի գործունեությունը միայն սպորտով չի սահմանափակվելու․ հիմնադրամը նախատեսում է նաև օտար լեզուների ուսուցում, քանի որ, ինչպես նշեց Ավդալյանը, «ժամանակակից մարզիկին անհրաժեշտ է լեզուների տիրապետումը՝ միջազգային ասպարեզում ինքն իրեն ներկայացնելու համար»։
Առաջին մարզադպրոցը նախատեսվում է բացել Արթիկի շրջանի Փանիկ գյուղում, որն, ըստ Ավդալյանի, ընտրվել է իր խաչմերուկային դիրքի և 23 գյուղերի հասանելիության պատճառով։
«Փանիկը մենք ընտրեցինք, որովհետև այնտեղ և հարակից գյուղերում բացակայում են սպորտային խմբակները։ Մեր նպատակն է լրացնել այդ բացը»,- նշեց նա։
Ավդալյանի խոսքով՝ հիմնադրամը ստեղծվել է 2025 թվականի ապրիլի 4-ին և միտված է հատկապես մարզային երեխաներին հասանելի դարձնել սպորտն ու առողջ ապրելակերպը։
«Սա, կարելի է ասել, իմ կյանքի չգիտակցված երազանքն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ նպատակ։ Ցավալի է, որ, լինելով այսքան սպորտային ազգ, մենք դեռ ունենք մարզեր, որտեղ սպորտով զբաղվելու հնարավորություններ գրեթե չկան»,- ասաց Նազիկ Ավդալյանը։
Հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերում ներառված է նաև թիմային սպորտաձևերի զարգացումը և սփյուռքի ներգրավումը՝ համատեղ նախագծերի միջոցով։
«ՆԱՎ»-ի գաղափարական առանցքը, ինչպես ընդգծում է հիմնադիրը, երեխաների համապարփակ զարգացումն է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր ու մշակութային առումներով։