
«Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի շրջանակներում գործնական այցով Տոմսկի պետական համալսարան էին մեկնել հետազոտական խմբի անդամներ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ Տարոն Դանիելյանը և Լիանա Մարտիրոսյանը։ Այցը նախատեսված էր ծրագրի պահանջներով և հետապնդում էր կարևոր նպատակներ․

«Համագործակցության այս ձևաչափը բավականին արդյունավետ է, որովհետև հնարավորություն է լինում ուղիղ շփում հաստատել ինչպես մեր գործընկերոջ, այնպես էլ մյուս գիտնականնների հետ: Դեմ առ դեմ ձևաչափը առավել շոշափելի արդյունքներ է տալիս: Կարևոր է հասկանալ՝ ինչ են ուզում խմբագիրները, ինչպես է զարգանում գիտությունը, քննարկել գիտաչափության խնդիրները... Այս ամենը հատկապես առավել պարզ են ներկայացնում հանդեսների խմբագիրները»,- ընդգծեց հետազոտական խմբի ղեկավար, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տ․ Դանիելյանը։

Այցի շրջանակներում վերջիններս հանդիպեցին գիտական խմբի արտասահմանյան խորհրդատու, գործընկեր պրոֆեսոր Նատալիա Նիկոնովայի հետ։ Արդյունքում քննարկվեցին դրամաշնորհի շրջանակներում նախատեսվող հետագա անելիքները, ինչպես նաև ամփոփվեցին արդեն իսկ իրականացրած քայլերը, դրանց արդյունքները։ Խմբի անդամները փաստում են, որ մոտ ապագայում նախատեսվում է պատասխան այց դեպի Երևանի պետական համալսարան։
Արդեն իսկ ստեղծած համագործակցություններից զատ գիտական խմբի անդամները կարևորում են նոր կապերի ստեղծումը, որն էլ հնարավորություն կտա ստեղծել հետազոտական նոր ուղղություններ, մշակել գիտական հաղորդակցության ժամանակակից մոտեցումներ, հաստատել գործընկերային կապեր։
Նման տեսակ գործուղումները նոր համագործակցությունների ձեռքբերման տեսանկյունից շատ կարևոր են, որն էլ ժամանակակից գիտական և մեդիա միջավայրում դառնում է առաջընթացի հիմնական պայմաններից մեկը։ Այս համատեքստում մենք հանդիպում ունեցանք Տոմսկի պետական համալսարանի «Իմագոլոգիա և կոմպարատիվիստիկա» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամների հետ(Բ․ Կիսելյով, Տ․ Դեմեշկինա, Ի․ Այզիկովա)։ Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնց շնորհիվ պարբերականը հետագայում կարող է դառնալ հարթակ, որտեղ կտպագրվեն գիտական խմբի անդամների հոդվածները։ Ի դեպ պարբերականն ընդգրկված է «Սկոպուս» գիտական շտեմարանների ցանկում, ինչը մեծ առավելություն է,- պատմում է բանասիրական գիտությունների թեկնածու Լիանա Մարտիրոսյանը։

Գործուղումը կարևորվում էր նաև նրանով, որ խմբի անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու Տոմսկի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրությունը զարգացման մոդելների որոնումներում» խորագրով գիտական կոնֆերանսին։ Դրա շրջանակներում Տ․ Դանիելյանը և Լ․ Մարտիրոսյանը, ներկայացնելով Երևանի պետական համալսարանը, հանդես եկան զեկույցներով, որոնք առնչվում էին իմագոլոգիական տեքստերին հայ պարբերական մամուլում։

Հիշեցնենք, որ գործուղումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթում հաղթած 24SSAH-5H001 ծածկագրով «Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես- 20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի շրջանակներում։ Գիտական խմբի աշխատանքները մեկնարկել են 2024թ․ հուլիսից։ Արդյունքում խմբի անդամներն արդեն իսկ ունեն մի շարք գիտական հոդվածներ՝ հրատարակված «Սկոպուս» գիտական շտեմարանում ընդգրկված գիտական ամսագրերում։