
«Ասում են՝ ոչ թե արհեստական բանականությունն է փոխարինելու մարդուն, այլ արհեստական բանականություն օգտագործող մարդը՝ չօգտագործողին». Գ. Պողոսյան
Օրեցօր ավելի ու ավելի շատ մասնագետներ են վստահեցնում, որ Արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր լավագույն օգնականը ժամանակը ճիշտ կառավարելու և աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Այդ կարծիքին է նաև reArmenia հարթակի գործադիր տնօրեն և «Իդրամ» համակարգի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը: Նա, դատելով AI-ի զարգացման փուլերից, համոզված է՝ այն կատարելագործվում է շատ արագ:
«AI-ի զարգացման 4 փուլեր կան՝ ճանաչող (perception). այս փուլում AI-ը կարողանում էր վերլուծել և դասակարգել տվյալները. գեներացնող (generative)՝ երբ AI-ը սկսեց ինքը ստեղծել նոր բովանդակություն, գործակալ (agentic)` երբ նվազագույն մարդկային միջամտությամբ սկսեց խնդիրներին լուծում տալ, և վերջինը՝ ֆիզիկական (physical AI), որն էլ ռոբոտների ստեղծումն է համարվում», -նշեց Պողոսյանը և հավելեց, որ այս փուլերի զարգացումը ընդամենը 3 տարվա ընթացքում է տեղի ունեցել:
Իսկ ֆիզիկական AI-ը՝ նույն ինքը ռոբոտները, սկզբից ստեղծվում էին այլ մեխանիզմով. օրինակ՝ ունեին 4 ոտք և նման չէին մարդուն: Սակայն հետագայում արդեն պարզ դարձավ, որ նման ռոբոտների համար պետք է ստեղծել այլ միջավայր, իսկ դա կապված էր մեծ գումարների հետ: Ավելի հեշտ էր ռոբոտներ ստեղծել մարդու նման և խուսափել միջավայրի անհարմարությունից:
Մասնագետի համոզմամբ, հիմա, երբ արհեստական բանականությունը զարգանում է օր օրի, առավել քան կարևոր է մինիմալ գրագիտություն ունենալ դրանից ճիշտ օգտվելու համար:
«Այսօր գրեթե բոլորն էլ օգտվում են արհեստական բանականությունից, իրենց կամքով, թե անկախ իրենց կամքից, սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ շատ ու շատ բիզնես համակարգերում նույնպես աշխատում է հենց AI-ը: Ուշ թե շուտ բոլորն էլ սկսելու են օգտվել դրանից: Մեզնից կախված է սովորել միայն մեկ բան՝ ինչպես տալ ճիշտ և գրագետ հրահանգներ։ Եվ այն արդեն կօգնի մեզ ավելի արագ և ավելի որակյալ կազմակերպել մեր աշխատանքը», - ընդգծեց Գևորգ Պողոսյանը։
Հրահանգ տալու շատ ու շատ տեխնիկաներ կան: Պողոսյանը կիսվեց ամենատարածված՝ ACDQ տեխնիկայով: Այն իրենից ներկայացնում է act, context, details, questions համակարգը:
«Առաջին, «Գործիր որպես» (act) հրամանի միջոցով մենք այնպես ենք անում, որ AI-ը իրեն պատկերացնի մեր տեղում, ավելի խորը հասկանա նյութի ամբողջ էությունը և պատասխանի մեզ այնպես, ինչպես կաներ հենց ինքը, եթե լիներ մեր տեղում: Համատեքստ (context)՝ ներկայացնում ենք մեր խնդրի համատեքստը, որպեսզի ավելի ճիշտ և հստակ հասկանա մեր ասածը: Մանրամասներ (details)՝ պատմում ենք նաև իրողության/երևույթի մասին մանրամասները: Հարցեր (questions)՝ հրահանգում ենք, որ տվյալ նյութի մասին ինքը մեզ հարցեր տա, երևույթը ավելի լավ ընկալելու համար, այդպիսով այնպես ենք անում, որ ոչ մի բաց տեղ չմնա և AI-ը մեզ ճիշտ հասկանա»,-պարզաբանեց Պողոսյանը՝ վստահեցնելով, որ այս մեթոդին հետևելը թույլ կտա ստանալ ավելի որակյալ պատասխաններ:
Դիտարկմանը, թե AI-ը մի օր այնքան կզարգանա, որ մարդկանց կթողնի առանց աշխատանքի, մասնագետը համամիտ չէ: «AI-ը գալու է ոչ թե մարդկանց գործերն իրենց ձեռքից տանելու, այլ անելու այն գործերը, որոնք հենց ռոբոտների համար են ստեղծված»,- պարզաբանեց նա: Մարդիկ ստեղծված են ավելի մեծ գործերի համար, և այն կարողությունները, որոնք ունի մարդը, ավելին են, քան ուղղակի ռոբոտացված աշխատանք կատարելը:
«Փաստն այն է, որ այսօր կարող ես անել բաներ, որ առաջ անգամ չէիր կարող պատկերացնել: SuperHuman ասվածը կարող է դառնալ իրականություն հենց AI-ի միջոցով», - արձանագրեց Գևորգ Պողոսյանը։
Եվ վերջապես արհեստական բանականությունն է մարդկանց համար գործիք, ոչ թե հակառակը, և դրա ճիշտ օգտագործման միջոցով նույնիսկ կարելի է անել անհնարին թվացողը:
Երևանում սեպտեմբերի 15-ից անցկացվել է «Մենք» առաջնորդության դպրոցը, որի ընթացքում հինգ օր շարունակ երիտասարդները մասնակցել են բանախոսությունների և վարպետաց դասերի: Դասընթացների ընթացքում քննարկվել են առաջնորդության, հաղորդակցման, մեդիայի և թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից հասարակության մեջ։ Բանախոսների շարքում էին կառավարման և մեդիա ոլորտների փորձագետներ, հասարակական գործիչներ և լրագրողներ: Բանախոսներից մեկն էր նաև Գևորգ Պողոսյանը: