10.13.2025
Կատեգորիա
Դիմանկար
գրքավաճառ

Բժշկական համալսարանի մոտ գտնվող գետնանցումում, քայլողների հոսքի մեջ, կա մի անկյուն՝ լի հին ու նոր գրքերով։ Այնտեղ արդեն երկու տասնամյակ կանգնած է գրքավաճառ պարոն Ռոբերտը՝ ում պայծառ ժպտը լուսավորում է անցումը նույնիսկ մութ ու մռայլ օրերին:

-Պարոն Ռոբերտ, ինչպե՞ս սկսվեց գրքավաճառի Ձեր ճանապարհը։

-Ամեն ինչ սկսվեց պատահաբար։ Սկզբում մի քանի գրքով էի այստեղ, հետո մարդիկ սկսեցին հետաքրքրվել, հարցնել՝ «էն գիրքը չունե՞ս», «նորը ե՞րբ կբերես»։ Հիմա արդեն առանց գրքի ես ինձ չեմ պատկերացնում։

-Ովքե՞ր են Ձեր հիմնական գնորդները։

-Հիմնականում բժշկականի ուսանողներն են։ Շատ հետաքրքիր երիտասարդներեն՝ ընթերցասեր։ Ոչ միայն իրենց մասնագիտական գրքերն են գնում, այլև՝ գեղարվեստական։ Մի օր մեկը եկավ, ասաց՝ «սրտաբան եմ դառնալու, բայց մի քիչ էլ Դոստոևսկի կարդամ, սրտեր ավելի լավ հասկանալու համար» (ծիծաղում է)։

-20 տարի է այսոլորտում եք. գրքերի հանդեպ հետաքրքրությունը մարու՞մ է, թե՞ աճում:

-Գիրքը չի մեռնում։ Ով սիրում է՝ միշտ կկարդա։ Այո՛, հիմա համացանց կա, կայքեր կան, բայց գրքի հոտն ուրիշ է։ Երբ ուսանողը գալիս է ու երկար նայում շապիկներին, ես հասկանում եմ՝ այս մարդը արդեն «վարակված» է գրքով։

-Ոգրորվածությամբ եք խոսում, երևում է՝ աշխատանքը սիրում եք։

-Եթե չսիրեմ՝ 20 տարի ինչպե՞ս կդիմանամ։ Ամեն օր նոր մարդիկ, նոր պատմություններ։ Էստեղ ես հազար բան եմ տեսել՝ սիրահարված ուսանողներ, քննությունից կտրվածներ, ուրախ ու տխուր դեմքեր։

-Իսկ Դուք ինքներդ շատ եք կարդու՞մ։

-Էհ, ո՞նց չկարդամ։ Չես կարող գրքի մեջ ապրել ու չկարդալ։ Ես էլ իմ հերթին ամեն օր մի քանի էջ կարդում եմ։ Աղմուկի մեջ անգամ մի անկյուն եմ գտնում ու կարդում։ Մեծամասամբ դասականներ եմ սիրում՝ Թումանյան, Չարենց, Դոստոևսկի։ Բայց նոր հեղինակներ էլ եմ փորձում։

-Ձեր կարծիքով՝ երիտասարդներն այսօր ի՞նչ են փնտրում գրքերում։

-Միշտ նույն բանն են փնտրում՝ իրենց։ Տարբեր ձևերով, բայց դա նույնն է։ Մեկը փնտրում է սիրո պատմություն, մյուսը՝ գիտելիք, երրորդը՝ մխիթարություն. այն, ինչ իրեն այդ պահինպետք է։

-Եղե՞լ են պահեր, երբ մտածեք՝ դադարեմ։

-Եղել են, իհարկե։ Ձմռանը, երբ սառն է, կամ անձրևոտ օրերին, երբ անցորդներ քիչ են լինում։ Բայց հետո մի ուսանող գալիս է, ասում՝ «Պարոն Ռոբերտ, հիշո՞ւմ եք՝ անցած անգամ էս գիրքը տվեցիք, հիմա դրա շնորհիվ քննությունս հանձնեցի»։ Էդ խոսքերն ավելի տաք են, քան թեյը։

-Իսկ փողոցային առևտուրը արգելելու որոշումը Ձեր աշխատանքի վրա ազդե՞լ է։

-Դե հա՛, նաև տուգանել են։ Բայց ես մտածում եմ՝ ո՞ւմ եմ խանգարում։ Ինձ համար գիրք եմ վաճառում, մարդկանց էլ օգուտ եմ տալիս։ Հիմա բժշկականի երեխեքը, որ գիրք է պետք լինում, գիտեն՝ կա, գալիս են այստեղ, էլ ամբողջ քաղաքով չեն պտտվում։

-Վերջում՝ ի՞նչ կասեք նրանց, ովքեր վաղուց գիրք չեն բացել։

-Կասեմ՝ փորձեք գոնե մի էջ։ Կարդացեք, ու գուցե չկարողանաք էլ կանգնել։

Մոնիկա Սարգսյան
Անի Մուրադյան