
Սոցցանցերը դարձել են դեռահասների կյանքի անբաժան մասը։ Այստեղ նրանք շփվում են, կիսվում սեփական մտքերով ու փորձով, արտահայտում ստեղծագործական կարողությունները և նույնիսկ սովորում նոր բաներ՝ սկսած լեզուներից մինչև արվեստ կամ ծրագրավորում։ Սակայն չափից շատ օգտագործումը հաճախ դառնում է կախվածության պատճառ։ Ժամանակը էկրանին կարող է անցնել աննկատ, իսկ իրական կյանքում հարաբերություններն ու շփումները զիջում են վիրտուալին։
«Հաճախ շատ դեռահասներ դիմում են հոգեբանական խորհրդատվության՝ նշելով, որ չեն կարողանում նորմալ կապ հաստատել մարդկանց հետ, նաև տեսնելով տարբեր թրենդներ՝ փորձում են կրկնօրինակել դրանք: Կամ տեսնելով այլ անձանց կողմից ներկայացվող հաջողակ կյանքի բանաձևը՝ որոշում են չձգտել, չսովորել և արդեն դեպրեսիայի շեմին են հայտնվում այդ ամենի պատճառով»,- նշում է հոգեբան Հովհաննես Հովսեփյանը։ Ըստ մասնագետի՝ սոցցանցերից կախվածությունը կարելի է նկատել, եթե մարդը օրական 2 ժամից ավելի է անցկացնում սոցհարթակներում՝ նայելով տարբեր, ոչ այդքան պիտանի նյութեր, վիդեոներ կամ եթե ցանկացած ազատ պահի փորձում է հեռախոսով տարբեր հարթակներ մուտք գործել։
Ըստ med.news.am կայքի հրապարակման՝ Մոնրեալի համալսարանի և Սեն Ժյուսթինի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները մատնանշում են, որ սոցիալական ցանցերը բացասական ազդեցություն ունեն դեռահասների հոգեկան առողջության վրա։ Օգտատերերի գնահատականները՝ լայքերն ու մեկնաբանությունները, հաճախ դառնում են ինքնագնահատականի չափանիշ։ Գիտնականներն ուշադրություն են դարձնում հանգամանքին, որ հոգեկան խանգարման առաջացման նախադրյալ է դառնում այն, որ սոցիալական ցանցերում դեռահասները տեսնում են ավելի բարեկեցիկ հասակակիցների կերպարներ:
Իսկ Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական կազմակերպության կատարած նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալական ցանցերի օգտագործումը վնասակար ազդեցություն է ունենում երիտասարդների ուշադրության կենտրոնացման, հուզական կայունության և վարքագծի վրա։ Ինչպես գրում է Aravot.am-ը, Հայաստանում 2024 թվականի տվյալներով՝ տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար։
Այդուհանդերձ, սոցիալական ցանցերը կարող են դառնալ օգտակար գործիք՝ ճիշտ ու վերահսկելի օգտագործման դեպքում. նրանք թույլ են տալիս ստեղծագործել, սովորել և զարգացնել սոցիալական հմտությունները: Այսպիսով, սոցիալական ցանցերը ժամանակակից երիտասարդության կյանքի անբաժան մաս են, որոնց ազդեցությունը շարունակելու է ձևավորել նրանց վարքագիծն ու հաղորդակցման սովորույթները։