10.13.2025
Կատեգորիա
Հասարակություն
թերթեր

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ թվային հարթակները գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են ընթերցանության դաշտը, տպագիր մամուլը փորձում է պահպանել իր տեղն ու արժեքը։ Թերթերի կրպակներն այսօր ոչ միայն վաճառքի վայր են, այլև մամուլի կենդանի շունչը պահպանող փոքրիկ անկյուններ։ Այս անգամ journalist.am-ի զրուցակիցն է Երևանի համալսարաններից մեկի տարածքում գտնվող թերթի կրպակի վաճառողուհին, ով, այս համակարգում ունենալով մեծ փորձ, կօգնի մեզ բացահայտել տպագիր մամուլի ներկայիս վիճակը, ընթերցողների վարքագծի փոփոխությունները և ոլորտի առջև ծառացած խնդիրները․

-Ինչպե՞ս է առցանց լրատվամիջոցների ի հայտ գալը ազդել թերթի վաճառքի վրա։

-Առցանց լրատվամիջոցների հայտնվելուց հետո թերթերի վաճառքը նվազել է մոտ երկու-երեք անգամ, սակայն, միևնույն է, գոյություն ունի մարդկանց խումբ, որը գնում է դրանք։ Շատ բան կախված է տարածաշրջանից և թերթի բնույթից՝ ժամանցային է այն, թե՝ տեղեկատվական։ Օրինակ՝ ավելի մեծ քանակով վաճառվում են խաչբառները, սակայն Հյուսիսային Պողոտայում աշխատելիս, որտեղ բնակվողները ավելի հասուն մարդիկ են, նկատել էի, որ շատ լավ վաճառվում էին նաև տեղեկատվական թերթերը, ինչպես նաև գիտական թերթերը:

-Ովքե՞ր են Ձեր հիմնական գնորդները։

-Ուսանողները չեն․ իրենց հարկավոր է արագ ինֆորմացիա,կարդալ մի քանի տող (առցանց)՝ իրադարձություններից տեղյակ լինելու համար։ Այստեղ հիմնականում գալիս են դասախոսական կազմը և տարեցները։ Երկրորդները հիմնականում գնում են խաչբառներ։

-Թերթերից որո՞նք են գնվում ամենամեծ հաճախականությամբ։

-Հայկականներից հիմնականում վերցնում են «Առավոտ», «Հրապարակ», «Ժողովուրդ» և «Իրավունք» թերթերը։ Ռուսական թերթերից ունեմ հաճախորդներ, որոնք գնում են «Голос Армении», «Комсомольская правда», և գնում էին «Аргумкнты и факты», որը, չգիտեմ ինչ պատճառներով, հիմա չի գործում․ դա  60-70-ականների սերունդն է, որը դեռ կարդում է ռուսերեն։

-Դուք անձամբ ինչպե՞ս եք նախընտրում կարդալ նորությունները՝ առցա՞նց, թե՞ թերթերի միջոցով։

-Կարդում եմ և՛ առցանց, և՛ թերթեր։ Նախընտրում եմ թերթը, սակայն տեսողությունս վատացել է, և թերթ կարդալն էլ է արդեն մի փոքր դժվար։

-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ թերթի կրպակները այսօր վաճառում են թերթերից բացի սննդամթերք, ծխախոտներ և այլ ապրանքներ։

-Սովետի ժամանակ հիշում եմ փայտե ցուցատախտակներով կրպակները, որոնք ծախում էին միայն թերթեր, և կողքից կարող էին մաստակ վաճառել, կամ ուրիշ մանրուքներ, բայց հիմնականը թերթն էր։ Այսօրվա կրպակները համացանցի հայտնվելու արդյունքում են դարձել այսպիսինը, և այսօրվա առումով ջրի և սննդի վաճառքը կրպակներում շատ ավելի մեծ է, քան թերթերինը։ Սակայն այս ամենը ապահովում է կրպակների գոյությունը։

-Ինչպե՞ս եք կարծում՝ տեխնոլոգիաների զարգացումը ինչպես կարող է ազդել կրպակների վրա։

-Կարծում եմ, որ թերթերը կմնան, երևի՝ ոչ նույն քանակով, բայց կմնան։ Սակայն շատ թերթեր արդեն անցել են օնլայն դաշտ, և մեզ մոտ վաճառվող թերթերը նույնպես կան համացանցում։ Դա նաև տպագրության թանկացման արդյունքն է, ինչը ազդում է թերթերի տպաքանակի ու էջերի քանակի վրա, և թերթերը, հավանաբար, ողջ են մնում գովազդի հաշվին։

Էլիզա Մարգարյան
Աստղիկ Պողոսյան