
Հոկտեմբերի 12-ին աշխարհում նշվում է Հոսփիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային օրը։ Պալիատիվ խնամքն ուղղված է անբուժելի կամ կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը։ Այն ներառում է բազմամասնագիտական մոտեցում՝ ուղղված ցավի մեղմացմանը, ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական խնդիրների լուծմանը։
«Եղել է դեպք, երբ հիվանդին բերել են ծայրահեղ ծանր վիճակում՝ քովիդից հետո։ Նա պարալիզացված էր՝ ձեռքերը և ոտքերը չէին շարժվում, շնչառությունը՝ սարքերի միջոցով։ Սակայն ամիսներ անց այդ բուժառուն իր ոտքով վերադարձել է տուն»,- հիշում է «Խնամի» պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոնի երկարամյա աշխատակից Կարինե Սուքիասյանը։
Գոյություն ունի գրագետ ցավազրկման մեթոդիկա, որը շատ կարևոր է բուժօգնություն ստացող հիվանդների պարագայում: Անկանոն ցավազրկումը բերում է մի շարք այլ խնդիրների: Հիվանդին վնասում են անկանոն ցավազրկումներն այնքան, որ ցավազրկողները չեն ազդում այլևս:
«Գոյություն ունի հատուկ սխեմա, որով աստիճանաբար է կատարվում ողջ գործընթացը: Գրագետ ցավազրկման շնորհիվ հասնում ենք այն արդյունքին, որ հիվանդն այլևս չի ունենում ցավեր: Պալիատիվ բուժօգնությունը մի ամբողջ փաթեթ է․ այն ներառում է և՛ խնամք, և՛ վերականգնում, և՛ դեզինտոքսիկացիա, և՛ ցավազրկում, և՛ հոգեբանական աջակցություն»,- նշում է Կարինե Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ հոգեբանական աջակցությունն անհրաժեշտ է ոչ միայն հիվանդին, այլև ընտանիքին՝ դժվարին փուլը հաղթահարելու համար։
«Մենք աշխատում ենք նաև հարազատների հետ։ Պետք է, որ ընտանիքը մեզ վստահի, հասկանա՝ ուր է բերում իր հարազատին և համոզված լինի, որ նա ապահով ձեռքերում է։ Եղել են դեպքեր, երբ ես ժամերով խոսել եմ ընտանիքի հետ՝ բացատրելու, որ պալիատիվ խնամքը վերջը չէ․ հիվանդը կարող է վերադառնալ տուն»,- պատմում է աշխատակցուհին։
Նա նշում է նաև, որ պալիատիվ խնամքի ոլորտում դեռ պահպանվում են կարծրատիպեր, որոնց պատճառը հասարակության իրազեկվածության պակասն է․
«Շատ կցանկանայի, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն պալիատիվ խնամքի մասին։ Դա նոր զարգացող ոլորտ է Հայաստանում, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է նկատվում»։
Առողջապահության նախարարության գնահատմամբ՝ պալիատիվ բժշկական օգնությունը Հայաստանում ունի սոցիալական, առողջապահական և ռազմավարական նշանակություն։ Երևանում և մարզերում գործում են շուրջ 4 տասնյակ լիցենզավորված կենտրոններ, որոնք մատուցում են մեծահասակների և մանկական պալիատիվ օգնություն։
ԱՀԿ 2024 թվականին տրված գնահատականների համաձայն՝ ամեն տարի աշխարհում պալիատիվ խնամքի կարիք ունեն ավելի քան 56.8 միլիոն մարդ, որոնց 78%-ը բնակվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Կանխատեսվում է, որ մինչև 2060 թվականը պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց թիվը կկրկնապատկվի՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճով:
Տարեկան մահացող շուրջ 24-25 հազար անձանցից մոտ 60-70 տոկոսին անհրաժեշտ է պալիատիվ խնամք։ Իսկ 2022թ. տվյալներով՝ Հայաստանում պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխաների թիվը մոտավորապես 3000 է։
«Խնամի» պալիատիվ խնամքի կենտրոնում կազմակերպվում են նաև դասընթացներ թե՛ բուժաշխատողների, թե՛ խնամակալների համար։ Դրանց նպատակն է սովորեցնել, թե ինչպես թեթևացնել հիվանդի վիճակը, ինչպես խնամել նրան և թույլ տալ արժանապատվորեն անցնել կյանքի այս բարդ փուլը։