10.16.2025
Կատեգորիա
ՏՏ
digitec

Երևանում անցկացվեց ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ DigiTec 2025 ցուցահանդեսը, որն այս տարի նշում էր իր 20-ամյակը։ Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 10-12-ին՝ Meridian էքսպո կենտրոնում՝ համախմբելով տեխնոլոգիական ոլորտի տեղական և միջազգային առաջատար ընկերություններին, ստարտափներին ու մասնագետներին։

DigiTec 2025-ի շրջանակում ներկայացվեցին նորագույն տեխնոլոգիական լուծումներ՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, թվային փոխակերպման, կրթական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության ոլորտներից։ 

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 40 հազար այցելու, ինչպես նաև տասնյակ ընկերություններ Հայաստանից և արտերկրից։ DigiTec-ը հնարավորություն տվեց մասնագետներին, ուսանողներին և հետաքրքրված քաղաքացիներին ծանոթանալ ոլորտի նոր միտումներին և նորարարություններին, ստեղծել համագործակցության կամ գործարար կապեր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նույնպես ներկայացել էր իր տաղավարով՝ ցուցադրելով պետական աջակցության ծրագրերը և թվայնացման նախաձեռնությունները։

DigiTec 2025-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին։

Մանանա Պետրոսյան