10.17.2025
Կատեգորիա
ԵՊՀ
ysu
Ցեղասպանության ինստիտուտում գիտական նստաշրջանի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Հոկտեմբերի 10-ին կայացել է ՈւԳԸ 11-րդ գիտաժողովի փակման արարողությունը, որի ընթացքում ամփոփվել են մի քանի օր տևած քննարկումներն ու զեկուցումները։ Այս տարի գիտաժողովը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել ավելի քան 200 մասնակից, որոնցից լավագույններին, ի թիվս մասնակցության հավաստագրի, հանձնվել են նաև խորհրդանշական նվերներ։ 

Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանը փակման արարողության ընթացքում հանդես է եկել ամփոփիչ խոսքով։ 

Գիտաժողովի փակման արարողությանը ԵՊՀ ՈւԳԸ պատվավոր անդամի կոչում է շնորհվել ՈւԳԸ նախկին նախագահ, պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանին, ով,  շնորհակալություն հայտնելով կոչում շնորհելու համար, իր խոսքում ընդգծեց կառույցի կազմակերպած գիտաժողովների դերը՝ ուսանողների՝ գիտության ոլորտ մուտք գործելու հարցում։

Պարոն Մալխասյանի խոսքով՝ ԵՊՀ ՈւԳԸ-ն ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գիտաժողովներ է կազմակերպել, բայց այս մեկը առանձնանում է իր թեմատիկ ընդգրկվածությամբ։ 

«Հիմա առավել կարևոր է Ցեղասպանության թեմային անդրադառնալը, քանի որ մեր հարևանները մեզ պարտադրում են պատմական հիշողությունից հրաժարվել։ Այժմ երիտասարդները ավելի մեծ ուշադրություն են դարձնում այդ թեմային, նաև կարողանում են լավ դիմակայել տեղեկատվական գրոհներին»,- նշում է պարոն Մալխասյանը։ 

Գիտական շաբաթը հագեցած է եղել քննարկումներով, մշակութային հանդիպումներով, ճանաչողական այցերով և այլն։ Մասնակիցները այցելեն են Երևանի և մարզերի պատմամշակութային վայրեր։ ՈՒԳԸ-ն գիտաժողովի շրջանակում կազմակերպած այցերով արտերկրի մասնակիցներին նպատակ ունի ներկայացնելու Հայստանի պատմական վայրերը։

Գիտաժողովի կազմակերպիչների խոսքով՝ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց գիտության, կրթության և երիտասարդների համագործակցության կարևորությունը։ Նման գիտաժողովները ոչ միայն հնարավորություն են տալիս հայ և արտասահմանցի ուսանողներին ներկայացնելու իրենց հետազոտությունները, այլև նպաստում են նրանց գիտական մտածողության զարգացմանը, նոր կապերի ստեղծմանը և պատմական կարևոր փաստերի քննարկմանը մեծ լսարանի առջև։ Նման նախաձեռնությունները խթանում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը գիտական կյանքին։

 

Անի Հասրաթյան
Օվսաննա Մատինյան
Հասմիկ Շահինյան