10.12.2025
Կատեգորիա
Հասարակություն
օդապարիկ

Երևանի երկնքում այս օրերին գույնզգույն օդապարիկներ են․ մայրաքաղաքում մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը։ Այս տարի այն տեղի է ունենում հոկտեմբերի 10-15-ին: Թռիչքները մեկնարկում են առավոտյան 7:00- ից, երբ արևը նոր է սկսում տաքացնել երկիրը։ Փառատոնի առաջին թռիչքն այս տարի տեղի է ունեցել Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածքից: Հետագայում նախատեսվում են թռիչքներ Ապարանի ջրամբարից, Գառնիից: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 14-15-ին  Հանրապետության հրապարակում:

«Ես արդեն երրորդ անգամ եմ թռչում, բայց ամեն անգամ կարծես առաջինն է. օդապարիկի վրա բարձրությունն ավելի ուժեղ է զգացվում, քան ինքնաթիռում»,- ասում է ռուս զբոսաշրջիկը՝ չթաքցնելով հիացմունքը:

Փառատոնը միայն թռիչքների շարք չէ: Այն միավորում է մարդկանց, նրանց վախերը և ապրումները: Ամեն թռիչքից առաջ հավաքվում են տասնյակ մարդիկ, ոմանք՝ թռչելու, մյուսները՝  պարզապես տեսարանով հիանալու: 

Երեխաների էմոցիաները փառատոնի ամենաանկեղծ մասն են։ Փոքրիկ աղջնակն ուրախությունից վազում էր դեպի օդապարիկը՝ գոռալով. «Մա՜մ, մա՜մ, նայի՛ր՝ ինչ մեծ է»:

Փառատոնը անտարբեր չի թողել նաև երկրի ղեկավարությանը: Հայաստանի վարչապետը սոցիալական ցանցերում գրել է. « Օդապարիկներին խնդրենք չգնան :) Ամեն օր շատ լավ տրամադրություն են ստեղծում»: 

Եվ իսկապես՝ այս օրերին Երևանի երկինքը կարծես ավելի բարձր է թվում, իսկ մարդիկ՝ ավելի երջանիկ: 

Էլեն Գասպարյան