10.12.2025
Կատեգորիա
Մշակույթ
Էրեբունի-Երևան

Հոկտեմբերի 12-ին Երևանում «Սիրահարվելու քաղաք». «Էրեբունի-Երևան 2807» խորագրի ներքո անցկացվեցին մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։ Երեկոյան Հանրապետության հրապարակում կայացավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ ունեցավ սիրված արտիստ Թաթա Սիմոնյանը։ Քաղաքի կենտրոնում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ լսելու երգչի ելույթը։ Վառ լույսերն ու ուրախ երաժշտությունն ապահովում էին հրապարակի տոնական մթնոլորտը։ Համերգի բացումն ազդարարվեց Թաթայի «Երևան» երգով, որը ներկաների կողմից ընդունվեց ջերմ ծափողջյուններով։ Երգերը ուղեկցվում էին հրավառություններով, որոնց հաջորդում էին հանդիսատեսի ուրախ բացականչությունները՝ «վաու՜», «օօօօ՜», «բրավո՜»։ 

Ելույթի ընթացքում Թաթա Սիմոնյանը հանդիսատեսի հետ կապը ամրապնդելու և տրամադրությունը ստուգելու համար ասաց․ «Ես ասում եմ՝ «Ի՞նչ ենք անում», դուք ասում եք՝ «Քե՜ֆ ենք անում, լա՜վ ենք անում»: Հանդիսատեսն արձագանքեց բուռն ու ոգևորված, ինչից հետո տոնական մթնոլորտն էլ ավելի թեժացավ։ 

Թաթա Սիմոնյանը համերգի ընթացքում ներկայացրեց իր 17 հայտնի ու սիրված հիթերը՝ «Չի կարելի», «Երևանս», «Ամենալավը դու ես», «Անապատի արև» և այլն։ Նրա հետ  բեմում էին Կարեն/Սևակ բենդը և SWAG պարային խումբը։ Երեկոյի հատուկ հյուրն էր տոնակատարությանը մասնակցելու համար Երևան ժամանած ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Նա ասաց, որ թեև կոտրված ձեռքով, բայց չէր կարող ներկա չլինել այս հրաշալի տոնին։ Թաթան և Ուսպենսկայան միասին ներկայացրին երկու գեղեցիկ դուետ, իսկ հետո Ուսպենսկայան հանդիսատեսին ներկայացրեց իր նոր երգը՝ նվիրված Երևանին, որը գրվել էր հատուկ այս տոնի համար։

Թաթայի վերջին երգերը հնչեցին անձրևի տակ, բայց մարդիկ, անկախ եղանակային պայմաններից, շարունակեցին մնալ հրապարակում՝ երգելով և պարելով նրա հետ։ 

Տոնական համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ, որը լուսավորեց Երևանի երկինքը և ամփոփեց քաղաքի 2807-ամյակի տոնական միջոցառումները։ Հանրապետության հրապարակից դուրս եկող մարդիկ դեռ խոսում էին համերգի մասին՝ նշելով, որ այս տարվա տոնակատարությունը առանձնանում էր իր մասշտաբով, անակնկալներով և ջերմությամբ։

Էրեբունի-Երևան

 

Էրեբունի-Երևան

Նկարները՝ Երևանի քաղաքապետարանի ինստագրամյան էջից

Հասմիկ Բադալյան