
Երևանի «Կասկադ» համալիրի «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում անցկացվեց «Իմ ձեռագործ Հայաստան» երրորդ փառատոնը։ Միջոցառումն իրականացվում էր «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Երկօրյա փառատոնը համախմբել էր հայ և վրացի վարպետների, որոնք ներկայացրին ձեռագործ և կիրառական արվեստի աշխատանքներ։ Փառատոնի ընթացքում կայացավ նաև հայկական և վրացական ազգային տարազների ցուցադրություն։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ փառատոնի նպատակն էր խթանել ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, ապահովել միջմշակութային համագործակցություն, ինչպես նաև աջակցել վարպետների ստեղծագործական գործունեությանը։
Փառատոնի աշխատանքներին ներգրավված էին նաև կամավորներ, որոնք այցելուներին օգնում էին կողմնորոշվել, անհրաժեշտության դեպքում թարգմանում օտարերկրացիների համար, ինչպես նաև աջակցում ցուցանմուշների տեղափոխման գործում։
Փառատոնի մասնակիցների շարքում էին մի շարք ազգային բրենդներ:
«Minasyan masters»-ի ներկայացուցիչը նշեց, որ ցուցադրում են հայկական արտադրության հեղինակային բրոնզե դեկորներ, արձաններ և խմիչքի հավաքածուներ։ Նրա խոսքով՝ գործը սկսել է իր հայրը, իսկ այժմ ինքն է շարունակում։
Արծաթագործ Արմինե Հարությունյանը ևս ներկայացրել էր իր աշխատանքները: Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, ավելի քան տասը տարի աշխատել է իր մասնագիտությամբ։ Ֆիզիոլոգիական արձակուրդի ընթացքում, որպես հոբբի, սկսել է պատրաստել արծաթե զարդեր։ «Սկզբում վաճառեցի մի քանի աշխատանք՝ նոր նյութեր ձեռք բերելու համար։ Դրանք մեծ պահանջարկ ունեցան, և այդ պահից զարդերի պատրաստումը դարձավ իմ հիմնական գործը։ Քարերն իրենք են հուշում՝ ինչ ձև պետք է ստանան»,– ասաց նա։
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը մշակութային երկխոսության և փորձի փոխանակման հարթակ էր հայ և վրացի ստեղծագործողների համար։